«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2009-05-16 | #90, 2009-05-19 | #91, 2009-05-20


ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՉՃԱՆԱՉՈՒՄ

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հնգօրյա այցը Իսրայել ինքնին ուշագրավ էր եւս մի տեսանկյունից` հրեաներն ընդունում էին մի մարդու, որի հայրենիքը սանձազերծել է իրենց ցեղասպանությունը, իսկ Բենեդիկտոս Ռատցինգերը եղել է նացիստական երիտասարդական կազմակերպության` «Հիտլերյուգենդի» անդամ: Միաժամանակ այստեղ Վատիկանը մեղադրվում է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կարող էր շատ ավելին անել հրեաներին կոտորածից ու հալածանքներից փրկելու գործում, բայց չարեց:

Շատ իսրայելցիներ կտրականապես դեմ էին պապի այցին, որովհետեւ ամեն ինչ դիտվում էր Հոլոքոսթի տեսանկյունից, եւ նրանց համար համոզիչ չէին հնչում Վատիկանի բարձրագույն հոգեւոր ներկայացուցչի մեղայական կամ դատապարտիչ խոսքերը: Ավելին, մեծ քննադատության ենթարկվեց պապի ելույթը Հոլոքոսթի «Յադ Վաշեմ» թանգարանում: Իսրայելցիների կարծիքով, պապը հավուր պատշաճի ներողություն չխնդրեց հայրենի Գերմանիայի եւ կաթոլիկ եկեղեցու «մեղսագործությունների» համար: Իսրայելի ղեկավարները եւս զուսպ էին Բենեդիկտոսի հետ հանդիպումների ժամանակ:

Ապշեցնում էր մի պարագա. մի ժողովուրդ, որն իրոք ապրել է մեծ ողբերգություն` ցեղասպանություն, եւ որի նկատմամբ նա ծայրահեղ զգայուն է, ամեն ինչ անում է ուրիշի ցեղասպանությունը չճանաչելու համար, այդ թվում նաեւ Իսրայելից դուրս: Բենեդիկտոսի այցի ժամանակ Թել Ավիվի ռաբբի Լաուն մեղադրանքի տոնով հայտարարեց, որ ոչ հրեաներն իրենց բողոքի ձայնը չբարձրացրին հրեաների զանգվածային ոչնչացման դեմ:

Այդուհանդերձ, բայց չէ՞ որ հետագայում Գերմանիան ոչ միայն ընդունեց իր մեղքը, այլեւ արդեն երկար տարիներ նյութապես փոխհատուցում է Իսրայելին, դատապարտում է անտիսեմիտիզմը, հրեաների համար արտոնյալ կենսապայմաններ է ստեղծում բուն Գերմանիայում եւ այլն: Իսկ թուրքե՞րը: Եվ ո՞ւմ կողմն է Իսրայելը մեր ցեղասպանության հարցում:

Թվում է` անհարիր են նույն ազգային ողբերգության նկատմամբ գերզգայուն վերաբերմունքն ու քաղաքական մերկ հաշվարկը: Սակայն, ինչպես տեսնում եք, հրեաների դեպքում մենք բախվում ենք հենց նման «ընդհանրության»:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4