«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2009-05-16 | #90, 2009-05-19 | #91, 2009-05-20


ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

- Հայ ազգային կոնգրեսից ընտրված քաղաքապետը ինչպիսի՞ն պետք է փորձի դարձնել Երեւանըՙ համայն հայության մայրաքաղաքը:

- Գեղեցիկ է Երեւանը համայն հայության մայրաքաղաք կոչելը, բայց նաեւ պարտավորեցնող: Իսկ պարտավորությունը ամենից առաջ Երեւանի բնակչության, նրանցից յուրաքանչյուրի, մարդու նկատմամբ է: Ուրեմն, ամենից առաջ, համայն հայության մայրաքաղաքի բնակիչը պետք է դառնա ՀՀ ազատ քաղաքացիՙ բառիս ամենաընդգրկուն քաղաքական նշանակությամբ: Նա չպետք է վախենա իշխանավորից, ընդհակառակըՙ նրա մեջ պետք է տեսնի իր խնդիրները լուծելու կոչված ծառայողի: Նա չպետք է վախենա ոստիկանից, ընդհակառակըՙ նրա մեջ պետք է տեսնի իր անվտանգությունն ապահովողի: Նա չպետք է խուսափի դատարանից, ընդհակառակըՙ նրա մեջ պետք է տեսնի իրական արդարադատություն իրականացնողի եւ իր ոտնահարված իրավունքները վերականգնող միջոցի: Նա պետք է անարգել եւ լիակատար տեղեկատվություն ստանալու, ազատ հավաքների իրավունք ունենա: Նա պետք է համայն հայության մայրաքաղաքում որպես հայ մարդ իրեն շատ ավելի ապահով ու արժանապատիվ զգա, քան աշխարհի որեւէ երկրում ու որեւէ քաղաքում: Այսինքնՙ քաղաքապետի ուշադրության կենտրոնում նախ եւ առաջ լինելու է մարդ անհատը, ապա միայն այն ասֆալտը, որի վրայով նա քայլում է: Առանց ազատության, արժանապատվության ու ապահովության զգացումի, ինչպիսի հրաշագեղ քաղաքում էլ ապրի մարդը, նրա կյանքը կդառնա խեղված ու անիմաստ: Սա Հայ ազգային կոնգրեսիՙ առաջնահերթ խնդիրն է: Այնպես որՙ համայն հայությունը ոչ թե պետք է հիանա ու պարծենա իր մայրաքաղաքի տեսարժան վայրերի, բարձրահարկ շենքերի ու Մասիսի վրա բացվող տեսարանների պատկերազարդ բացիկներով, այլ նախ եւ առաջ բարի նախանձով համակվի իր մայրաքաղաքում բնակվողների ազատ ու արժանապատիվ կյանքի նկատմամբ ու պարծենա դրանով:

- Առաջին հերթին ի՞նչը պետք է փոխել եւ ինչքա՞ն ժամանակում:

- Հասկանալի է, որ վերը նշված նպատակին անհնար է հասնել առանձին վերցրած մեկ քաղաքում, եթե անգամ այդ քաղաքը համայն հայության մայրաքաղաքն է: Ուստի Հայ ազգային կոնգրեսը այս ընտրություններում հետապնդում է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համապետական քաղաքական նպատակՙ սկսելով Երեւանից: Մասնավորապեսՙ առաջին հերթին պետք է մայրաքաղաքային իշխանության ողջ կառույցը դուրս բերել երկրում որպես միասնական օրգանիզմ հաստատված ավազակապետական կոռուպցիոն համակարգից: Դրանով կկոտրվի 10 տարի շարունակ խնամքով կառուցված կոռուպցիոն այդ համակարգի մեջքը: Դրա համար 1-2 ամիսը բավարար ժամանակ է: Կոռուպցիոն ավազակապետական համակարգի խարխլմանն ու կազմաքանդմանը զուգահեռ, կարճ ժամանակում, կհասունանա արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, երկիրը լեգիտիմ իշխանությամբ օժտելու հրամայականը: Այսպիսի խնդիր Երեւանի ընտրությունների բոլոր հավակնորդների մեջ դրել է միայն Հայ ազգային կոնգրեսը: Այնպես որ, նրա հաղթանակի դեպքում Երեւանը, որպես համայն հայության մայրաքաղաք, լոկոմոտիվի նման առաջ կտանի Հայաստանը նորմալ, իրավական, ժողովրդավարական երկիր դարձնելու գործը ու այն կհասցնի Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդին արժանի վերջնագծի: Միայն առաջին հայացքից է, որ այս ծրագիրը կարող է դժվար իրականանալի թվալ: Այս պայմաններում, երբ դա մի կողմիցՙ երկրի, ժողովրդի ու յուրաքանչյուր մարդու ճակատագրի առումով պատմական անհրաժեշտություն է, մյուս կողմիցՙ քաղաքական ուժերի այսօրինակ համախմբման ու համաժողովրդական այսօրինակ պաշտպանության պայմաններում դա միանգամայն լուծելի խնդիր է:

- Ինչպե՞ս պետք է վերացնել քաղաքի դիմագիծը գցող ապօրինի շինարարությունները:

- Այդ հարցն իր բնույթով, ընդգրկմամբ, կարեւորությամբ եւ այլ չափորոշիչներով գոյություն ունեցող առնվազն մեկ-երկու տասնյակ խնդիրներից մեկն է: Էլ չասենք, որ կան դրանից շատ ավելի կարեւոր ու հրատապ այլ խնդիրներ: Նմանատիպ տասնյակ այլ խնդիրները լուծելիս պետք է անպայման անհատական մոտեցում ցուցաբերելՙ հնարավորինս առաջնորդվելով քաղաքացու շահերով, բայց նաեւ վերականգնելով ու պահպանելով քաղաքի բարետեսությունը: Միասնական մի մեխանիզմՙ ամեն ինչ միանգամից քանդել կամ այն, ինչ կառուցված էՙ ամբողջությամբ մի հարվածով օրինականացնել, անհեթեթություն է: Լուծման տարբերակները կարող են լինել տասնյակ կամ հարյուրավոր, որ տվյալ դեպքում անիմաստ է թվարկել: Բոլոր դեպքերումՙ քաղաքացին չպետք է տուժի: Մինչդեռ Ազատության հրապարակն, օրինակ, պետք է անհապաղ վերականգնել ու տրամադրել երեւանցիներինՙ ազատորեն ամեն տեսակ հավաքներ անցկացնելու համար:

Ողջունում ենք, որ «Ազգը» որոշել է իր ընթերցողին ավելի լավ տեղյակ պահել Հայ ազգային կոնգրեսի ծրագրերին (*): Դա չափազանց կարեւոր խնդիր է, քանզի կոնգրեսն իր բնույթով, ընդգրկմամբ եւ հասարակական օժանդակության աստիճանով հայ քաղաքական կյանքում իր նախադեպը չունի:

(*) «Ազգը» այսօր չի որոշել ընթերցողին տեղյակ պահել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կատարվող կարեւոր ամեն մի իրադարձության ու երեւույթի մասին: Դեռեւս նախորդ տարի, ՀՀ նախագահության ընտրություններից առաջ, խմբագրությունս անձամբ էր դիմել ՀՀ առաջին նախագահինՙ հարցազրույց շնորհելու մեր թերթին: Ավա՜ղ, մեր խնդրանքին ընդառաջում չեղավ այն ժամանակ. երեւի բեւեռացումն էր գլխավոր նպատակը: Այժմ տրամադրությունները փոխված են թվում, բարեբախտաբար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4