Առաջին մրցակիցները Շվեյցարիայի եւ Թուրքիայի հավաքականներն են
Քիչ ժամանակ է մնացել ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկին: Հայաստանի երիտասարդական հավաքականը 2011-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը կսկսի հունիսի 5-ին: Այդ օրը մեր ֆուտբոլիստները շվեյցարական Վիլ քաղաքում ուժերը կչափեն այդ երկրի երիտասարդական հավաքականի հետ: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23-ին: Խաղը կսպասարկի Սերբիայի մրցավարական բրիգադը Բոշկո Յովանետիչի գլխավորությամբ:
Չորս օր անցՙ հունիսի 9-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հայ ֆուտբոլիստները կհյուրընկալեն Թուրքիայի իրենց հասակակիցներին: Այդ հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20-ին: Խաղը կսպասարկի Բելգիայի մրցավարական բրիգադը Քրիստոֆ Վիրանի գլխավորությամբ: Նշենք, որ Թուրքիայի հավաքականն արդեն մեկնարկել է ընտրական 2-րդ խմբումՙ մարտի 31-ին հյուրընկալվելիս 3-0 հաշվով պարտության մատնելով Իռլանդիայի ֆուտբոլիստներին: Ֆուտբոլասերներն, անշուշտ, հիշում են «Հրազդան» մարզադաշտում անցյալ տարի կայացած Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների դրամատիկ մրցավեճը: Մեր հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց: Ինչ խոսք, մրցակիցների նոր հանդիպումը սպասվում է մեծ հետաքրքրությամբ: Տեսնենք, թե հավաքականն իրեն ինչպես կդրսեւորի նոր գլխավոր մարզչիՙ դանիացի Ֆլեմինգ Սերիցլեւի գլխավորությամբ:
Ընտրական մրցաշարի հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով առայժմ երիտասարդական հավաքականը կարճատեւ ուսումնամարզական հավաքներ է անցկացնում: Այս օրերին էլ հավաքականը հանգրվանել է «Ռեջինե» հյուրանոցում եւ մայիսի 18-20-ը եռօրյա հավաք է անցկացնումՙ օրական երկու անգամ մարզվելով: Հավաքին առայժմ մասնակցում են միայն հանրապետության թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները: Իսկ ընտրական մրցախաղերում հավաքականին կմիանան նաեւ լեգեոնականները:
ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւն ուսումնամարզական հավաքի է հրավիրել հետեւյալ 21 ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ` Գեւորգ Պրազյան («Արարատ»), Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»):
Պաշտպաններ` Կարեն Խաչատրյան («Փյունիկ»), Արտակ Անդրիկյան («Փյունիկ»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»):
Կիսապաշտպաններ` Կամո Հովհաննիսյան («Փյունիկ-2»), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»), Սարգիս Կարապետյան («Բանանց»), Արտակ Դաշյան («Բանանց»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»):
Հարձակվողներ` Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Նորայր Գյոզալյան («Բանանց»), Միհրան Մանասյան («Փյունիկ»), Վարդան Պետրոսյան («Իմպուլս»), Հրանտ Գեւորգյան («Բանանց»):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ