Սարաեւոյում ավարտվեց 6 գրոսմայստերների մասնակցությամբ երկու շրջանով անցկացված շախմատի մրցաշարը: Եթե հաղթողը հայտնի էր դարձել մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ, ապա 2-3-րդ տեղերի համար պայքարը շարունակվում էր: 2-րդ տեղին հավակնում էր Սերգեյ Մովսիսյանը, որը 10-րդ տուրում սեւերով մրցելու էր չին շախմատիստ Վան Հաոյի հետ: Վերջինս վերելքով էր խաղում մրցաշարի վերջնագծում` 3 հանդիպումներում վաստակելով 2,5 միավոր: Ցավոք, Սերգեյ Մովսիսյանին չհաջողվեց կանգնեցնել չին շախմատիստի հաղթարշավը: Մովսիսյանը պարտություն կրեց եւ 5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Ինչ խոսք, հայ շախմատիստն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Նա վեց մասնակիցների մեջ ամենաբարձր անհատական վարկանիշն ուներ (2747):
Վան Հաոն շնորհիվ հաջող մրցելույթների, վաստակեց 5,5 միավոր եւ միայն գործակիցներով զիջելով Բորկի Պրեդոեւիչին, գրավեց 3-րդ տեղը: Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Մրցաշարի հաղթող Պավել Էլյանովը հաշտություն կնքեց Պենտալա Հարիկրիշնայի հետ ու վաստակեց 7 միավոր: Պրեդոեւիչն էլ ոչ-ոքի խաղաց Իվան Սոկոլովի հետ ու 5,5 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Հարիկրիշնան 4 միավորով 5-րդ տեղում է, իսկ աղյուսակը 3 միավորով եզրափակեց Իվան Սոկոլովը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ