Համաձայն ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է 9,7 տոկոս տնտեսական անկում: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 90,3 տոկոսը կամ շուրջ 638,9 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ հունվար-մարտին արձանագրված անկումը կազմել էր 6,1 տոկոս: Վերոնշյալ ցուցանիշները վկայում են, որ տնտեսական անկումը Հայաստանում խորանում է եւ դեռ հայտնի չէՙ հասե՞լ ենք ճգնաժամի հատակին, թե՞ դեռ անկումը շարունակվելու է: Մտահոգությունների առիթ է տալիս նաեւ ապրիլ ամսվա ցուցանիշը մարտի համեմատ: Այստեղ նույնպես անկում է արձանագրվել 5,4 տոկոսով:
Ըստ տնտեսության ճյուղերիՙ պատկերը հետեւյալն է: Արդյունաբերության անկումը հունվար-ապրիլին կազմել է 11,1 տոկոս: Առանց էլեկտրաէներգիայի արտադրության արդյունաբերության անկումը կազմել է 11,9 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 12,4 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 4,1 տոկոսով: Ծառայությունների ոլորտում անկումը կազմել է 0,6 տոկոս: Աճ է արձանագրվել միայն մանրածախ առեւտրումՙ 2,5 տոկոս:
Եվ վերջապես, ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում, որն անցյալ տարիներին տնտեսական աճի շարժիչ ուժն էր: Հունվար-ապրիլին շինարարության ծավալները նվազել են 42,4 տոկոսով, ինչն, անշուշտ, որոշիչ ազդեցություն պետք է թողներ տնտեսության ընդհանուր ցուցանիշների վրա:
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 6,5 տոկոսով: Միջին աշխատավարձն ավելացել է 13,2 տոկոսով, կազմելով 96,8 հազար դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է մոտ 81 հազար դրամ, մասնավորումՙ 120 հազար դրամ:
Արտաքին առեւտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարըՙ կազմելով 1 մլրդ 69 մլն դոլար: Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այն նվազել է 30 տոկոսով: Արտահանումը կազմել է 175,6 մլն դոլարՙ նվազելով 47,8 տոկոսով, ներմուծումըՙ 893,5 մլն դոլար, նվազելով 25 տոկոսով: Միակ ուրախալի ցուցանիշն արտաքին առեւտրաշրջանառության տվյալների մեջ ապրիլին մարտի նկատմամբ արտահանման 17,9 տոկոս աճն է:
Այսպիսով, ինչպես արդեն նշեցինք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ցուցանիշները նվազում են արձանագրել: Հունվար-մարտի ցուցանիշներին անդրադառնալիս նշել էինք, որ գարնան ամիսներին անհավանական է մեր տնտեսության դուրս գալը տնտեսական անկումից: Միաժամանակ նշել էինք, որ ամռան ամիսներին ՀՆԱ ցուցանիշներում դրական միտում ունեցող փոփոխություններ կլինեն, եթե ամբողջ ծավալներով սկսվեն իրականացվել այն խոշոր ենթակառուցվածքային եւ վարկային ծրագրերը, որոնք նախաձեռնել է կառավարությունը: Խոսքը, մասնավորապես, ճանապարհային, աղետի գոտու շինարարության, ինչպես նաեւ մասնավոր կառուցապատողներին պետական երաշխիքների տրամադրման եւ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ծրագրերի մասին է: Հարկ է նշել, որ հենց ամռան կեսերին է սպասվում Հայաստանին Ռուսաստանի, Համաշխարհային բանկի եւ այլ կազմակերպությունների տրամադրած խոշոր ֆինանսական միջոցների ներհոսքը: Այդուհանդերձ, արդեն ակնհայտ է, որ տարին չենք կարող ավարտել առանց տնտեսական անկման: Մնում է հուսալ, որ տարվա արդյունքով այն չի գերազանցի 5 տոկոսը, ինչպես կանխատեսել էր Արժույթի միջազգային հիմնադրամը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ