Կառավարության մշակած գյուղական համայնքների զարգացման ծրագիրը առաջինը ներդրվեց Տավուշի մարզում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստից առաջ հիմնադրամի ներկայացուցչական խումբը 14 երկրների տեղական մարմինների պատասխանատուներ, առաջին ամգամ այցելեց մարզ ու տեղում ծանոթացավ իրենց համայնքների գումարներով կառուցվող եւ իրականացվող ծրագրերին: Հյուրերին ընդունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ ծանոթացրեց մարզում իրականացվող ծրագրերին:
Մարզի Խաշթառակ, Ակնաղբյուր, Դիտավան համայնքները գրեթե նույն խնդիրները ունեն` չկան խմելու, ոռոգման ջուր, գազաֆիկացում, բուժհաստատություն, վերանորոգված դպրոց: Ակնաղբյուրի 67 հա վարելահողերից միայն 27 հա-ն էր մշակվում ոռոգման ջրի բացակայության պատճառով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմնի եւ Կանադայի հանձնախմբի ջանքերով 37.434.000 դրամ արժողությամբ իրականացվել է 1600 մետր երկարություն ունեցող ոռոգման ջրատարի կառուցումը, ինչը հիմնովին կլուծի սահմանամերձ գյուղի ոչ միայն ոռոգման, այլեւ հետագայում խմելու ջրի խնդիրը: Ակնաղբյուրի կենտրոնում էին հավաքվել համայնքի բնակչությունը, աղուհացով դիմավորելու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի, մարզպետի ու հոգեւոր հովվի գլխավորությամբ ժամանած հյուրերին:
Մարզպետը շնորհակալական խոսք հղեց բարերարներին ու Մայր աթոռ սբ. Էջմիածնին` հանձինս Վեհափառ հայրապետի, որի աջակցությամբ իրականացավ գյուղի գազաֆիկացումը: Բարերար Րաֆֆի Ֆեստեկչյանն ու հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանն էլ տրվեց գազի մուտքը մարզ ազդարարող ջահը վառեցին: Ոգեւորությունն ու տոնախմբությունը շարունակվեց, երբ պտտվեց ոռոգման ջրի փականը եւ խմելու ջուրը քչքչալով մտավ համայնք:
Ոգեւորությունը շարունակվեց Խաշթառակում, որտեղ մեծ շուքով բացվեց բուժկետը, որը մոտ 37 տարի առաջ էր կառուցվել: 322 քմ մակերեսով երկհարկանի շենքում այսօր տեղադրված են 13 կաբինետներ վերազինված սարքավորումներով: Վերանորոգումը իրականացրել էին Նիդեռլանդների տեղական մարմինի հանգանակած 36.770.000 դրամով: Հոլանդիայի կառույցի ղեկավար Նուբար Սեպոյանը (Սիփան) կտրեց շենքի մուտքի կարմիր ժապավենը, որից հետո թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը օրհնեց ու օծեց կառույցը: Խաշթառակի 250 աշակերտ ունեցող դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված դպրոցի 3 մասնաշենքերում, որտեղ դեռ շարունակվում էին շինարարական աշխատանքները:
Ինչպես տեղեկացրեց պրեն Վարդանյանը, դեռ բազմաթիվ ծրագրեր կան, որոնք հովանավորության կարիք ունեն:
Հյուրերը այցելեցին նաեւ զորավար Վարդան Մամիկոնյանի սրբավայր դարձած ծառին ու նորակառույց մատուռում մասնակցեցին մոմավառությանը, աղոթեցին: Մարզից գոհ ու կատարված աշխատանքներից երջանիկ հյուրերը վերադարձան Երեւան` մտքներում նոր ծրագրեր իրականացնելու երազանքներով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Տավուշի մարզ