«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2009-05-19 | #91, 2009-05-20 | #92, 2009-05-21


ՀԱՅ-ՀՐԵԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՙ ԵՂԵԳԻՍԻ ՀՐԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Նաեւ հարցազրույցՙ Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոսի հետ

Երուսաղեմում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմճյանի հովանավորությամբ տպագրվել է «Եղեգիսի միջնադարյան հրեական գերեզմանատուն» գրքույկըՙ հայերեն, անգլերեն եւ եբրայերեն նույնանուն հոդվածովՙ հեղինակությամբ Երուսաղեմի հրեական համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների բաժնի վարիչ Մայքլ Սթոունի եւ գերեզմանատան պեղումների արշավախմբի ղեկավար, հնագետ, դոկտոր Դավիդ Ամիդի: Գրքույկը հրատարակելու առիթը Վայոց ձորի Եղեգիս գյուղի հրեական գերեզմանատան պաշտոնական բացումն էր, որ տեղի ունեցավ մայիսի 11-ինՙ մասնակցությամբ Հայաստանում Իսրայելի դեսպան Շեմի Ցուռի (նստավայրը Թբիլիսի), Մ. Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի, Երուսաղեմում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմճյանի, Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ արք. Մկրտչյանի, Հայաստանում հրեական համայնքի ներկայացուցիչների, Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանի եւ այլոց: Գերեզմանատան վերանորոգման աշխատանքներն իրականացվել էին Հայաստանի մշակույթի նախարարության եւ Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ արք. Մկրտչյանի ջանքերով:

Եղեգնաձորի «Գալիք» համալսարանում նույն օրը աշխատանքները սկսեց «Եղեգիսի հրեական բնակավայրը» խորագրով երկօրյա գիտաժողովը, որտեղ զեկուցումներով հանդես եկան եբրայագետներ Իսրայելի մի շարք համալսարաններից, ինչպես նաեւ հայ-հրեական առնչություններով զբաղվող մասնագետներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության, արեւելագիտության ինստիտուտներից, Մաշտոցի անվան Մատենադարանից, Երեւանի պետհամալսարանից:

«Հրեական գերեզմանատան 64 տապանաքարերի վրա գրված արձանագրությունները ցույց են տվել, որ դրանցից ամենահինը պատկանում է 1266 թվականին, ամենավերջինըՙ 1347-ին: Այսինքնՙ գերեզմանատունը գործել է մոտ մեկ դար: Արձանագրություններն արվել են զարդանախշերի քանդակումից հետո: Այնպես որ, Եղեգիսի հրեաները ոչ միայն տեղի արհեստանոցում են պատվիրել իրենց տապանաքարերը, այլեւ գործածել են հայ հարեւանների մոտ ընդունված զարդանախշային տարրերըՙ ընտրելով հրեական մշակույթին համահունչ եւ հրեաների կողմից դարեր շարունակ օգտագործվող տարրեր: Հայ պատմիչներից մեկը վկայում է, որ 1103-ին թուրք սելջուկները նվաճեցին Եղեգիսից հարավ գտնվող Սյունիքի հրեական թաղամասը: Հայտնի է, որ 12-րդ դարում եւ 13-րդ դարի վաղ շրջանում ազգաբնակչության մեծ արտահոսք է եղել հարավից հյուսիս: Ուստի հնարավոր է, որ Եղեգիսի հրեական համայնքը հիմնվել է սելջուկ զավթիչների հարձակումներից ու դրանց հետեւած պատերազմների հետեւանքով փախստական դարձած հրեաների կողմից: Արձանագրություններում հայտնաբերվել են պարսկերենին բնորոշ տարրեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ այն վարկածների համար, որ Եղեգիսի հրեաները եկել են Պարսկաստանից», վերոնշյալ գրքույկում գրում են պրոֆ. Սթոունը եւ դոկտոր Ամիդը, որոնք առանձին զեկուցումներով հանդես եկան նաեւ գիտաժողովում:

Հնագիտական պեղումների մասին խոսեց նաեւ արշավախմբի ղեկավար, ԳԱԱ հնագիտության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Հուսիկ Մելքոնյանը: Իր զեկուցումը նա ավարտեց հետեւյալ եզրահանգմամբ. «Ելնելով վիմական արձանագրությունների տվյալներից կարելի է ասել, որ հրեական համայնքն այստեղ սկզբնավորվել է XIII դարի երկրորդ կեսին եւ գոյատեւել է ավելի քան 70 տարի: Տապանաքարերը պատրաստվել են տեղական հումքից, հայ քարագործ վարպետների ձեռքով, հայկական տապանաքարերի օրինակով, հրեա համայնականների պատվերով, եբրայերեն հիշատակագրերի փորագրմամբ: Հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ հրեաների առտնին օգտագործման իրերն ու կահկարասին եղել են տեղական: 1910 թ. Գարեգին Հովսեփյանի կողմից Եղեգիսում հայտնաբերված հրեական գերեզմանաքարի հիշատակագրից ելնելով, կարող ենք ենթադրել, որ հրեական համայնքը զբաղվել է նաեւ առեւտրով, մանավանդ, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Եղեգիսը գտնվում էր Դվին-Պարտավ միջազգային տարանցիկ առեւտրական ճանապարհի վրա»:

Գիտաժողովում հնչած զեկուցումների թեման ընդգրկուն էր եւ ավելի լայն պատկերացում էր տալիս հրեական միջնադարի եւ հայ-հրեական առնչությունների մասին. «Հրեաները հին եւ միջնադարյան Հայաստանում» (զեկուցողՙ դոկտոր Արամ Թոփչյան, Մատենադարան), «Եղեգիսի հրեական գերեզմանատունն իր հայկական ենթատեքստում», (զեկուցող` պրոֆ. Մ. Սթոուն), «Հրեական գերեզմանատունը ողջերի եւ ննջեցյալների միջեւ մշակութային երեւութաբանություն» (զեկուցողՙ դոկտոր Ավրիել Բար-Լեւավ, Իսրայելի Բաց համալսարան), «Հայաստանի եւ Քարթլիի հին հրեական գաղութների ընդհանուր նախատիպը (զեկուցողՙ Կոնստանտին Լերներ, Երուսաղեմի հրեական համալսարան), «Մահվան օրհնության արձանագրություն. Հայաստանի եւ Աշքենազի միջեւ», (զեկուցողՙ դոկտոր Ռամի Ռեյներ, Բեն Գուրիոնի անվան համալսարան) եւ այլն:

Երուսաղեմում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմճյանի հետ մեր զրույցը կայացավ գիտաժողովի ավարտից հետո:

- Պրն Մոմճյան, ինչպե՞ս առաջացավ Եղեգիսի հրեական գերեզմանատանը նվիրված գիտաժողովին աջակցելու ցանկությունը:

- Տեսնելով, թե այդ գերեզմանատունը որքան մեծ հետաքրքրություն է առաջացրել հրեաների շրջանում, մտածեցինք, որ դա կարող է ավելացնել Հայաստան այցելելու ձգտում ունեցող հրեա զբոսաշրջիկների թիվը, որովհետեւ հրեաները միշտ ցանկացել են իմանալ, թե իրենց պատմության հետ կապված ինչ վկայություններ կան Հայաստանում: Գիտեք, որ հրեական համայնքն այստեղ փոքրաթիվ է:

Երուսաղեմում հրեաները հաճախ են զանգահարում ինձ եւ հայտնում Հայաստան գալու իրենց մտադրության մասինՙ հատկապես ամռանը: Նրանք նախընտրում են այստեղ գալ, որովհետեւ այս տարածաշրջանում ներկա դրությամբ Հայաստանն ամենահանգիստ երկիրն է: Այցելուների թիվը տարեցտարի ավելացնելու համար կարեւոր է, թե հայաստանցիները ինչպես կընդունեն նրանց: Եթե լավ ընդունեն, ուրեմն նորից կգան եւ իրենց հետ կբերեն ծանոթ-բարեկամներին, եթե հուսախաբ անեն, հասկանալի է, որ այլեւս չեն այցելի: Հրեաները չեն ակնկալում այստեղ տեսնել սպասարկման ֆրանսիական կամ իտալական մակարդակ, նրանց համար կարեւոր է սպասարկման ընդունելի մակարդակի առկայությունը:

- Որքան ինձ հայտնի է, հրեաները քիչ բան գիտեն Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության մասին, ինչպես մենքՙ իրենց մասին, բացառությամբ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի թեմայի: Երկու ժողովուրդները ճակատագրով մոտ են միմյանց, բայց գիտական կապերՙ հատկապես հումանիտար գիտությունների բնագավառում, գրեթե գոյություն չունեն: Կարելի է ասել, որ այս գիտաժողովն առաջին քայլն էր այդ բացը լրացնելու առումով: Ունե՞ք որոշակի ծրագրեր հետագայի համար:

- Այս տարվա համար մշակված այլ ծրագիր չունենք: Հրեական համալսարանի պրոֆ Մայքլ Սթոունի հետ փորձում ենք ծրագրեր մշակել եկող տարվա համար: Հարցն այն է, որ հրեաների համար բավականին դյուրին է Հայաստան այցելելը, իսկ հայաստանցիների համար միանգամայն դժվար է Իսրայել մեկնելը, որովհետեւ վիզա ստանալու խնդիր կա, որի համար պետք է դիմել Վրաստանում Իսրայելի դեսպանատուն:

- Վերջին տարիներին Երուսաղեմում Հայաստանի հյուպատոսարան դիմող հայաստանցիների թիվն ավելացե՞լ է, թե՞ նվազել:

- Նկատելիորեն նվազել է այն պարզ պատճառով, որ Իսրայելում կեցության իրավունք չունեցողներն օրենքի պահանջով վտարվել են երկրից: Հայաստանցիներից շատերը Իսրայել էին եկել որպես զբոսաշրջիկներ կամ ուսանողներ ու ցանկացել էին բնակություն հաստատել, բայց Իսրայելի կառավարությունը վերջերս վտարեց նրանց: Վերջին 3-4 տարվա ընթացքում գրեթե 3 հազար հայաստանցի է վտարվել: Հենց դա էլ մեծ դժվարություն է ստեղծել բոլոր այն հայաստանցիների համար, ովքեր այժմ ցանկանում են մեկնել Իսրայել, մուտքի թույլտվություն ստանալը բարդացել է հենց այդ պատճառով:

- Մոմճյանների ընտանիքը հովանավորում է Երուսաղեմի Թարգմանչաց վարժարանի այն ուսանողներին, ովքեր ընդունվում են Երուսաղեմի հրեական համալսարան, որը չափազանց բարձր վարկանիշ ունի թե՛ Իսրայելում, թե՛ արտերկրում: Ի՞նչ կասեք վարժարանի ներկայիս վիճակի մասին:

- Սրբոց Թարգմանչաց վարժարանը մոտավորապես 120 աշակերտ ունի, հնարավոր է, որ աշակերտների թիվը եկող տարի ավելի նվազի: Վարժարանը հաջողությամբ ավարտողը Մոմճյանների ընտանիքից կրթաթոշակ է ստանում համալսարանում ուսանելու համար: Թարգմանչաց վարժարանի կրթական մակարդակն այդպես կարողացանք բարձրացնել ու նաեւ հասնել այն բանին, որ Երուսաղեմի հրեական համալսարանն ընդունեց Թարգմանչաց վարժարանի ավարտական վկայականը: Արդեն 6 տարի ընդունում է, եւ դրա մեջ կարեւոր դերակատարում ունի պրոֆ Սթոունը: Հիմա մեկ ուսանող ունենք, բայց եթե 10 հոգի ընդունվի, բոլորին էլ կրթաթոշակ պիտի տանք:

- Այս տարի իսրայելական մամուլը կարծես քիչ անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցին: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Մի քանի հոդվածներ եղան, իսկ ապրիլի 24-ին հեռուստատեսությամբ ցուցադրվեց Երուսաղեմի հայ համայնքի կազմակերպած Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: Անշուշտ, տեղյակ եք, որ վերջերս Իսրայելի Քնեսեթում քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը, եւ որոշվեց հարցը քննարկել Քնեսեթի հանձնաժողովներից մեկում: Չնայած Իսրայելի կառավարությունը փորձել էր համոզել, որ այդ հարցը պատմաբաններին պետք է թողնել, որ հայ-թուրքական հարաբերությունները մտել են զարգացման նոր փուլ եւ պետք չէ խանգարել, բայց հակառակ դրան, քվեարկությունն անցավ հօգուտ հարցի քննարկման: Իսրայելի կառավարության անդամներին ես հաճախ հարցրել եմՙ «Եթե հիմա ժամանակը չէ, ապա ե՞րբ է: Դուք կցանկանայի՞ք, որ Հոլոքոսթի հարցը պատմաբաններին թողնվեր, ի՞նչ կանեիք, եթե որեւէ մեկը հայտարարեր, որ հրեաների Հոլոքոսթը դեռ պետք է ուսումնասիրել: Պարզ է, որ դեմ կլինեիք»: Իհարկե, այս հարցը Իսրայելում քաղաքականացված է, որովհետեւ իրենք չեն ցանկանում վնասել Թուրքիայի հետ հարաբերությունները:

- Հայաստանում հաճախ լուրեր են տարածվում, որ Իսրայելի կառավարությունը ոտնձգություններ է կատարում Երուսաղեմի հայկական տարածքների նկատմամբ: Հավանաբար կռահեցիք, որ խոսքս վերջին դեպքիՙ Հին քաղաքում հայ կաթոլիկ եկեղեցին քանդելու որոշման մասին է, որ կայացրել էր Երուսաղեմի քաղաքապետարանը:

- Այդ վանքի վրա առանց պաշտոնական հրամանի շինարարություն էր արել ոչ թե կաթոլիկ եկեղեցին, այլ առանձին անհատ, որը փորձել էր օգտվել գերապայծառի բացակայությունից: Քաղաքային իշխանությունները քանդելու որոշում կայացրին, որովհետեւ կառույցն ապօրինի էր:

- Իսկ ի՞նչ ընթացքի մեջ են Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին խոսակցությունները, արդեն սառե՞լ են, թե՞ շարունակվում են:

- Այդ նպատակը միշտ կա, եւ, անշուշտ, իսրայելցիներն էլ պիտի ցանկանան իրենց դեսպանատունը բացել Հայաստանում: Բայց ներկա պահին միայն խոսվում է: Հուսանք, մոտ ապագայում այդ գաղափարը կիրականանա:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Եղեգնաձոր-Երեւան


Նկար 1. Եղեգիսի հրեական գերեզմանատանը

Նկար 2. Գիտաժողովի ժամանակ

Նկար 3. Աջից ձախՙ Ցոլակ Մոմճյան, Շեմի Ցուռ, Աբրահամ սրբազան, Մարի Յովանովիչ, Վարդգես Մաթեւոսյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4