«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2009-05-19 | #91, 2009-05-20 | #92, 2009-05-21


ԿՐԿԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔՅԱՆԻ ՀԵՏ

Մեկ տարի առաջ, 2008-ի մայիսի 21-ին «Ազգն» իր ընթերցողների անունից շնորհավորեց ընտիր բանաստեղծ Աբրահամ Ալիքյանի ծննդյան օրը եւ ընթերցողներին ներկայացրեց բանաստեղծի հրաշալի ընտրանիիՙ «Հեզ իրիկուն» խորագրով գրքի ազդօրինակը:

Այսօր, 2009-ի մայիսի 21-ին «Ազգը» նորից սիրով ողջունում է Լիբանանի Բիքֆայա գյուղում ապրող սիրելի բանաստեղծին, շնորհավորում նրա ծննդյան օրը եւ ծանուցում է իր ընթերցողներին, որ լույս է տեսել, խմբագրությունն ստացել է իր օրինակը, Աբրահամ Ալիքյանի նոր գիրքըՙ հոդվածների, էսսեների եւ հարցազրույցների մի հրաշալի ժողովածուՙ «Հանդիպակաց ափեր» խորագրով: Գիրքը բովանդակում է բանաստեղծիՙ տարբեր տարիներին գրած գրական դիմանկարները, գրախոսությունները, գրական ու բանասիրական հոդվածներ եւ ուսումնասիրություններ, ինչպես նաեւՙ գրական տեսություններ:

Հեղինակը հրաշալի լեզու ունի, գրական հստակ եւ պատկերավոր մտածողություն, վերլուծական անուրանալի ձիրք, գրական նուրբ ընկալում, հայ եւ համաշխարհային գրականության փայլուն իմացություն, շարադրանքի յուրօրինակ ձեւ եւ անհատական մտածողություն: Վստահորեն կարելի է պնդել, որ այս գիրքը երեւույթ է մեր արդի գրականության եւ մանավանդ գրականագիտական մտածողության ասպարեզում: Գիրքը կազմել, առաջաբանը եւ ծանոթագրությունները գրել է գրականագետ Յուրի Խաչատրյանը: Ինչպես նախորդ, այդպես էլ ներկա գիրքը հրատարակել են «Սարգիս Խաչենցն» ու «Փրինթինֆոն»:

«Ազգը», գիրքը կազմողը, «Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատարակչությունների աշխատակազմը սիրով շնորհավորում են Աբրահամ Ալիքյանինՙ իր ծննդյան օրվա եւ նրա հրաշալի գրքի հրատարակման առթիվ եւ մաղթում են սիրելի բանաստեղծին երկար կյանք եւ առողջություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4