Անհայտ անձինք բելառուս ուսանողներին վճարել են, որ նրանք «Եվրոտեսիլում» քվեարկեն Ադրբեջանի ներկայացուցիչների օգտին, հաղորդում է «Արմենպրեսը»: Ուսանողներին ավտոբուսներով նաեւ տարել են բելառուսա-լիտվական սահման, որպեսզի այստեղ լիտվական «Սիմ» քարտերով նույնպես քվեարկեն: «Եվրոռադիոյի» հաշվարկներով, այս ակցիայի համար ծախսվել է 55 մլն ռուբլի: Բելառուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Եվրոտեսիլի» քվեարկման ժամանակ Մինսկի ավտոկայարաններում եղել են 10 ավտոբուսներ, որոնց միջոցով էլ ուսանողները բերվել են բելառուսա-լիտվական սահման: Քվեարկության արդյունքներով, Ադրբեջանը ներկայացնող երգիչները Բելառուսից ստացել են 10 միավոր, իսկ Լիտվայից` 5: Բելառուսական ԶԼՄ-ներն իրենց զարմանքն են արտահայտել, որ իրենց երկրում Ադրբեջանն անգամ Ռուսաստանից է շատ միավոր ստացել: Ավտոբուսները վարձել են ոչ մեկ վայրում, այլ երկու- երեք ավտոկայարաններում եւ ուղեւորվել են դեպի բելառուսա-լիտվական սահման, այստեղ մնացել մոտ 20 րոպե եւ վերադարձել Մինսկ: Ավտոբուսների վարորդները տեղեկացրել են, որ ակցիայի մասնակից յուրաքանչյուր ուսանողի իրենց աչքի առջեւ վճարել են 100 հազար ռուբլի: Իսկ յուրաքանչյուր ավտոբուսի վարձակալությունն արժեցել է 1 մլն ռուբլի: