Թայլանդի Չանգ Մայ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են մինչեւ 17 տարեկան պատանիներն ու աղջիկները: Նման մրցաշար ծանրամարտի պատմության մեջ առաջին անգամ է անցկացվում: Այն նաեւ ընտրական բնույթ է կրում: Այստեղ խաղարկվելու են 2010-ին Սինգապուրում կայանալիք առաջին պատանեկան օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումների ուղեգրեր: Թիմային հաշվարկում 1-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը իրավունք կստանան Սինգապուրում երկու ծանրորդ ներկայացնել: Իսկ 10-16-րդ տեղերը գրաված թիմերը հանդես կգան 1 ծանրորդով:
Հայաստանը Թայլանդում կներկայացնեն միայն պատանիները: Հավաքականի կազմում ընդգրկված են 8 ծանրորդներ: Մեր թիմից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Վարդան Միլիտոսյանը (50 կգ): Նա մեր հանրահայտ ծանրորդ Վարդան Միլիտոսյանի թոռն է, 1992-ի օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին: Ցավոք պատանի Վարդանին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Նա հանդես եկավ «B» խմբում: Պոկում վարժության առաջին մոտեցմամբ նա բարձրացրեց 75 կգ, միայն երրորդ փորձից բարձրացրեց հաջորդ քաշըՙ 81 կգ:
Հրում վարժությունը հայ ծանրորդն ավելի վատ կատարեց: Առաջին մոտեցմամբ հաղթահարելով 95 կգ-ը, Վարդանը երկու փորձերի ժամանակ չկարողացավ բարձրացնել 99 կգ-ը եւ երկամարտում ցույց տվեց 176 կգ արդյունք: «B» խմբում դա 3-րդ ցուցանիշն էր: Իսկ երբ պայքարն ավարտեցին նաեւ ուժեղագույնները, պարզվեց, որ Վարդան Միլիտոսյանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց չին ծանրորդ Յունտաո Լուն: Նա երկամարտում ցույց տվեց 213 կգ (93+120) արդյունք: Արծաթե մեդալակիր դարձավ վիետնամցի Թուան Կիմ Թանգըՙ 207 կգ (91+116): 3-րդ տեղը գրավեց թայլանդցի Պոնգսաթոն Դաենգսանանըՙ 198 կգ (85+113):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ