«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2009-05-20 | #92, 2009-05-21 | #93, 2009-05-22


ԳԵՐՄԱՆԻԱ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ

Ոճիր գործելուց` նման, զղջալուց` տարբեր

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն այս անգամ ներկա է գտնվել Ամերիկահրեական կոմիտեի (ԱՀԿ) լոսանջելեսյան մասնաճյուղի տարեկան ճաշկերույթ-հավաքին: Ստորեւՙ թարգմանաբար իր տպավորությունները:


ԱՀԿ-ն սովորաբար ամեն տարի այդ հավաքներին հրավիրում է տեղի հյուպատոսական կորպուսի անդամներին եւ ամենատարբեր կրոնաէթնիկական խմբակցությունների առաջնորդներին:

Ապրիլի 22-ին ներկա գտնվելով այս տարվա ճաշկերույթ-հավաքին, ես զարմանքով նկատեցի, որ օրվա գլխավոր բանախոսը Գերմանիայի գլխավոր հյուպատոս դոկտ. Քրիստիան Ստոքսն էր: Հակառակ, որ Գերմանիայի կառավարությունը վաղուց ճանաչել է Հոլոքոսթը, ընդունել է իր մեղքը եւ նույնիսկ զոհերի ընտանիքներին վճարել նշանակալի գումարներ` փոխհատուցման կարգով, շատ հրեաներ դեռեւս դժվարությամբ են հարաբերվում գերմանացիների հետ կամ որոշում այցելել Գերմանիա:

Իմ զարմանքը կրկնապատկվեց, երբ ինձ հայտնի դարձավ, որ Գերմանիայի հյուպատոսը այնտեղ էր ոչ միայն որպես պատվավոր հյուր եւ բանախոս, այլեւ որպես ԱՀԿ-ի հեղինակավոր` «Ս. Ի. Նաումանի անվան նշանավոր ձեռքբերումների» մրցանակակիր:

Սակայն միայն ես չէ, որ զարմացած էի: Ինքը` հյուպատոսը, ամբիոնի առաջ կանգնելով, խոստովանեց, որ ԱՀԿ-ի հրավերն այնքան անսպասելի էր, որ «մի քանի վայրկյան զարմանքից պապանձվել էր»:

Այդուհանդերձ, դոկտ. Ստոքսի 45 րոպե տեւողությամբ արտահայտիչ ելույթը լիուլի բացահայտեց, թե ինչու ԱՀԿ-ն ճիշտ ընտրություն էր կատարել պատվելու այս ականավոր դիվանագետին: Նրա խոսքերը խոր տպավորություն թողեցին ներկաների վրա: Նրանցից շատերը Հոլոքոսթից մազապուրծներ էին կամ էլ նրանց հետնորդները:

Որպես միակ հայը դահլիճում, չէի կարող մտքումս համեմատության եզրեր չանցկացնել Հոլոքոսթի նկատմամբ գերմանական կողմի վշտակցող-զղջացող դիրքորոշման եւ Հայոց ցեղասպանության նկատմամբ թուրքական կողմի հարատեւ ժխտողական ու նենգափոխման քաղաքականության միջեւ:

Սկսեցի մտածել, թե արդյոք կգա՞ր մի օր, երբ արդարամիտ ու իրազեկված մի թուրք առաջնորդ կճանաչեր Հայոց ցեղասպանությունը, եւ պատրաստակամություն կհայտներ փոխհատուցումներ անելու, ճանապարհ հարթելով հայերին, որ նպանատիպ հանդիսավորությամբ պատվեին նրան` այդ թուրք դիվանագետին: Այդ օրը թուրք դիվանագետը կամ դիվանագետները, վստահ եմ, մեծարանքի կարժանանային ոչ միայն հայերի, այլեւ աշխարհի բոլոր ժողովուրդների կողմից:

Ճակատագրի հեգնանքով խրախճանք-հանդիսությանը ներկա էր նաեւ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը: Հետաքրքրական էր իմանալ, թե նրա գլխում ի՞նչ մտքեր էին առաջանում, երբ լսում էր իր գործընկերոջ` Գերմանիայի հյուպատոսի խորապես զղջումային ելույթը: Մտածո՞ւմ էր արդյոք մի օր նմանատիպ հայտարարությամբ հանդես գալ հայ ունկնդրի առաջ:

Ստորեւ շատ փոքր, կարճ հատվածներ եմ ներկայացնելու Գերմանիայի հյուպատոսի երկարաշունչ ելույթից: Եթե «Գերմանիա» եւ «գերմանացի» բառերը «Թուրքիա» եւ «թուրքեր», իսկ «Իսրայել» եւ «հրեա» բառերն էլ «Հայաստան» եւ «հայ» բառերով փոխարինենք, շատ հստակ պատկերացում կունենաք, թե ես ինչ պահեր ապրեցի այդ օրը, ապրիլի 24-ի նախօրյակին, լսելով մի զղջացող երկրի ներկայացուցչի ելույթը եւ գտնվելով մի քանի քայլ հեռավորության վրա մեկ ուրիշ` դեռեւս չզղջացող եւ ուրացումը շարունակող մի երկրի ներկայացուցչից:

«Երեկ, Յոմ Հա-Շոայի կամ Հոլոքոսթի հիշատակի օրվա առթիվ ամբողջ աշխարհով մեկ սփռված հրեաները ոգեկոչեցին իրենց զոհերի հիշատակը: Նրանք հիշեցին մի ամբողջ ժողովուրդ բնաջնջելու դաժան փորձերը, 6 միլիոն եվրոպացի հրեաների գազանային սպանությունը գերմանացիների՛ ձեռքով, գերմանացիների՛ հրամանով: Միլիոնավոր մարդիկ ենթարկվեցին ստորացումների, հետապնդումների, զրկվեցին իրենց իրավունքներից եւ կոտորվեցին, որովհետեւ ծնվել էին հրեաներ»:

«Շոայի դաժան հետեւանքներն իրենց զգալ են տալիս նույնիսկ մեր օրերում: Աշխարհում չկա մի հրեա, որը տառապած չլինի դրանից: Եվ քանի որ գերմանացիներն էին, որ իրագործեցին կամ հրահրեցին այդ ոճիրները, ես պարզապես չեմ կարող սկսել իմ ելույթը առանց խոր հարգանք հայտնելու Հոլոքոսթից մազապուրծներին եւ նրանց ընտանիքներին, բոլոր նրանց, ովքեր զոհվեցին, եւ նրանց, ովքեր այսօր հողաթմբեր չունեն, որպեսզի կարողանանք այցելել եւ սգալ նրանց կորուստը»:

«Ես միանում եմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որն անցյալ տարի Իսրայելի պետության ստեղծման 60-ամյակի առթիվ Քնեսեթում ելույթ ունենալով ասաց, մեջբերում եմ. «Շոան մեզ` գերմանացիներիս համար մեծագույն ամոթանքի աղբյուր է: Ես խոնարհվում եմ զոհերի հիշատակի առաջ: Խոնարհվում եմ մազապուրծների եւ բոլոր նրանց առաջ, ովքեր օգնեցին, որ նրանք փրկվեն»:

«Գերմանիայում Իսրայելի նախկին դեսպան Ավի Պրիմորը մի օր հարցրեց ինձ. «Աշխարհում որտե՞ղ կարելի է տեսնել մի պետություն, որն իր մեղքը հավերժացնելու նպատակով հուշարձաններ է կանգնեցնում: Միայն գերմանացիներն ունեցան այդ բանն անելու քաջությունն ու հեզությունը»:

Ավելացնեմ, որ ոճիրն այնքան զարհուրելի էր, որ ոչ իսկ միլիոնավոր հուշարձանները կկարողանան ամոքել վիշտը:

«Անցյալ տարի, դարձյալ 60-ամյակի առթիվ արտասանած իր ելույթում դաշնային նախագահ Հորստ Քոհլերն ասաց. «Մենք ընդունում ենք պատասխանատվությունը անցյալի եւ ապագայի համար: Սա նշանակում է, որ հասարակության բոլոր անդամները, ղեկավարները, քաղաքագետներն ու հասարակ քաղաքացիները պարտավոր են իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ Շոայի ժխտման, ընդդեմ անհանդուրժողականության, ռասիզմի եւ հակասեմականության: Սա նշանակում է, որ մենք չպետք է անտարբեր լինենք, այլ տեսնենք եւ գործենք այսօր: Պահպանենք հիշատակը զոհվածների ու ապագա սերունդներին փոխանցենք, որպեսզի նրանք աչալուրջ լինեն: Միայն նրանք, ովքեր ի վիճակի են կրելու անցյալի պատասխանատվությունը, կարող են ձեռք բերել ապագայի վստահությունը»:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4