«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2009-05-20 | #92, 2009-05-21 | #93, 2009-05-22


ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՌԸ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏ

«Կանադահայ Հակոբ Կուտսուզյանը այցելել է իր նախնիների ծննդավայրՙ ուսերին ծանրացած բեռը թեթեւացնելու նպատակով եւ վերադարձել մի բուռ ոսկորներով իր գրպաններում»: Այսպես է գրում է կանադական «Սթար» թերթի լրագրող Ջոաննա Սմիթը Եգիպտոսում ծնված հայազգի կինոռեժիսորի մասին, որը տարիներ անց ուղեւորվել է դեպի այն անապատը, որի միջով սոված ու ծարավ անցել են իր պապն ու տատը:

«Ցեղասպանության թեման չկարգավորված մի բեռ է մեր ուսերին, որ մենք կամա-ակամա պետք է մի օր դիմագրավենք», ասում է Հակոբը, որ 2005 թվին նկարահանել է իր «Որդիս հայ է լինելու» վավերագրական ֆիլմը:

Որդին 13 տարեկան է հիմա. «Երբ նա ծնվեց, ես զգացի, որ պարտավոր եմ մի բան անել, որ սփյուռքում ծնված լինելու բեռի վրա մեկ ուրիշ մշակութային բեռ էլ չավելացնեմ», ասում է նա, որ հինգ այլ մոնրեալահայերի հետ այցելել է Հյուսիսային Սիրիայում գտնվող մի քարանձավ, որտեղ 50 հազար հայեր են հրո ճարակ դարձել: «Մենք ցած իջանք, սկսեցինք քայլել մութ արահետներով, եւ ես ինձ հետ մարդկային ոսկորների մնացորդներ բերեցի տուն», հիշում է նա: Ապա այցելել է նաեւ ներկայիս Հայաստան, որտեղ հանդիպել է ցեղասպանությունից մազապուրծների: «Շատ ազդեցիկ էր: Նրանցից մեկն ասում էր. «Ես ուզում եմ տուն գնալ, խմել այնտեղի ջուրը եւ այնտեղ էլ թաղվել», պատմում է Հակոբը եւ ավելացնում. «Մի բան է կարդալ այդ ամենի մասին գրքերում, բոլորովին այլ բանՙ անձամբ հանդիպել եւ խոսել այդ ամենի միջով անցած մեկի հետ»:

Այդ փորձառությունը երեւի նաեւ երբեք չմոռանա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4