Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Խորվաթիայի նախագահ Ստեպան Մեսիչը: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորեցին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Սա Խորվաթիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է մեր երկիր: Մայիսի 22-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Խորվաթիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստեպան Մեսիչի առանձնազրույցը: Այցի շրջանակում Ստեպան Մեսիչը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ, կհյուրընկալվի Ամենայն հայոց կաթողիկոսին: Խորվաթիայի նախագահը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր: