Տիգրան Կարապետյան, Ժողովրդական կուսակցություն
- Եթե ընտրվեք քաղաքապետ, ինչպիսի՞ն կփորձեք դարձնել Երեւանը` համայն հայության մայրաքաղաքը:
- Քաղաքապետ ընտրվելու դեպքում առանցքային խնդիրներից մեկը կլինի Երեւանը դարձնել համայն հայության մայրաքաղաք: Դրա համար անհրաժեշտ է`
ա) հնարավորին չափով վերականգնել եւ պահպանել Երեւանի պատմական նկարագիրը,
բ) Երեւանում անցկացնել համահայկական սպորտային եւ մշակութային միջոցառումներ,
գ) ստեղծել մաքսիմալ նպաստավոր պայմաններ արտերկրներից եկող հայազգի ուսանողների կրթության համար: Վերականգնել ու բարելավել այդ նպատակին ծառայող հյուրանոցների ու հանրակացարանների ցանցը,
դ) հեշտացնել երկարատեւ ժամանակով արտերկրի քաղաքացիություն ունեցող հայազգի երիտասարդների գտնվելը մայր հայրենիքում,
ե) ստեղծել բարենպաստ պայմաններ եւ աջակցել Հայաստանում նոր աշխատատեղեր ստեղծող հայազգի ձեռնարկատերերի ներդրումային գործընթացներին,
զ) մշակել համալիր ծրագրեր նոր սերնդի հայրենասիրական դաստիարակության համար:
- Առաջին հերթին ի՞նչը կփոխեք եւ ի՞նչ ժամկետներում:
- Առաջնահերթ խնդիրները`
ա) առավելագույնս բարելավել քաղաքի սանիտարական վիճակը,
բ) նպաստել աղբի վերամշակման գործարանի ստեղծմանը,
գ) վերականգնել քաղաքի թոքերը հանդիսացող կանաչ գոտիները,
դ) արգելել կանաչ գոտիներում նոր շինությունների կառուցումը,
ե) ստեղծել երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նպաստավոր համակարգ,
զ) քաղաքապետարանի հաշվին, անժամկետ օգտագործման իրավունքով, բնակարանով ապահովել 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին:
- Ինչպե՞ս եք պատրաստվում վերացնել քաղաքի դիմագիծը գցող ապօրինի շինարարությունները:
- Պետք է վերացվեն մինչեւ այսօր չօրինականացված եւ քաղաքի դիմագիծը գցող ապօրինի շինությունները:
Մովսես Շահվերդյան, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն
- Եթե ընտրվեք քաղաքապետ, ինչպիսի՞ն կփորձեք դարձնել Երեւանը` համայն հայության մայրաքաղաքը:
- Մեր կարգախոսներից մեկը հնչում է այսպես` բարեկարգ եւ բարգավաճ քաղաք, բարետես եւ բարեկեցիկ քաղաքացի: Սաՙ համառոտ: Իսկ ընդհանրապես, իմ պատկերացմամբ, Երեւանը պետք է որոշակի ձեւով արտահայտի իր` որպես մայրաքաղաքի, կենսագրությունը, հիմնադրման օրից մինչեւ այսօր: Դա առաջին հերթին պետք է երեւա նրա ճարտարապետությամբ եւ մշակութային օջախներով:
Երեւանում ապրողը պետք է արտահայտի, իսկ Երեւան այցելողը պետք է զգա հայ ժողովրդի ունեցած արժեքային համակարգը եւ խնդիրները: Քաղաքը եւ քաղաքացին պետք է համահունչ լինեն միմյանց: Այս առումով շատ կարեւոր են, ինչպես երեւանցու սոցիալական վիճակը, այնպես էլ նրա հոգեւոր արժեքների, վարվելաձեւի, պահվածքի, հագնվածքի դրսեւորումները: Մի խոսքովՙ Երեւանն ու երեւանցին պետք է համայն հայության հպարտության առարկան դառնան:
- Առաջին հերթին ի՞նչը կփոխեք եւ ի՞նչ ժամկետներում:
- Կարգավորել տրանսպորտի աշխատանքը եւ ընդհանրապես մայրաքաղաքի տրանսպորտին վերաբերող խնդիրները 5-6 ամսում:
- Բարեկարգել անխտիր բոլոր փողոցները եւ մայթերը 1,5-2 տարում:
- Աղբահանության եւ քաղաքի մաքրության խնդիրները լուծել ժամանակակից պահանջներին եւ մեթոդներին համապատասխան 5-6 ամսում:
- Արագորեն կարգավորել զբոսայգիների եւ կանաչ տարածքների վիճակը: Այն հատվածները, որոնք վարձակալության չեն տրվել, բարեկարգել քաղաքապետարանի միջոցներով 3-4 ամսում:
- Հստակեցնել կիսակառույցների եւ նախատեսված, բայց դեռեւս չսկսված շինությունների վիճակը եւ հետագա անելիքները 2-3 ամսում:
- Կարգավորել ջրամատակարարման խնդիրները 1 տարում:
- Թույլ չտալ սպասարկման ոլորտներում (ջրամատակարարում, գազամատակարարում, էլ.էներգիայի մատակարարում) չարաշահումներ ի վնաս սպառողների:
- Կանոնակարգել մայթերին, ստորգետնյա անցումներում, առեւտրի շուկաներում եւ տոնավաճառներում կատարվող առեւտուրը: Անհրաժեշտության դեպքում դրանք ենթարկեցնել քաղաքապետարանին:
- Կարգի բերել բնակֆոնդը, առաջնահերթ նորոգել նորոգման կարիք ունեցող բոլոր տանիքները եւ նկուղներըՙ 1 տարում:
- Կարգի բերել բոլոր վերելակները 6 ամսում:
- Կարգի բերել շքամուտքերը եւ բակերը 1 տարում:
- Յուրաքանչյուր համայնքում ունենալ քաղաքապետարանի մշակութային բաժնի ենթակայությամբ գործող առնվազն մեկ կինոթատրոն`մատչելի գներով, 1-2 տարում:
- Կանոնակարգել սրճարանների, ռեստորանների, զվարճանքի վայրերի եւ նմանատիպ այլ տեղերի աշխատակարգը (երաժշտության որակը, աղմուկի աստիճանը, անվտանգությունը):
- Մշակել եւ իրագործել հատուկ ծրագիր` նորաստեղծ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու համար:
- Մշակել եւ իրագործել հատուկ ծրագիր` երեւանցիներին աշխատատեղերով ապահովելու համար:
Կան նաեւ լուծումներ պահանջող այլ խնդիրներ, որոնցով մենք անպայմանորեն կզբաղվենք:
- Ինչպե՞ս եք պատրաստվում վերացնել քաղաքի դիմագիծը գցող ապօրինի շինարարությունները:
- Կարճ ժամանակում հաշվառել բոլոր ապօրինի կառույցները, անձնագրավորել դրանք, պարզել դրանց կառուցման պատճառները, նպատակները, եւ եթե կան դրանցում մեղավորներ եւ պատասխանատուներ` նաեւ նրանց:
Այն շինությունները, որոնք չեն խանգարում քաղաքի ընդհանուր տեսքին, չեն զբաղեցնում հանգստի համար նախատեսված բակային, կանաչ, հանրային օգտագործման եւ նմանատիպ այլ տարածքներ` օրինականացնել:
Մյուս բոլոր ապօրինի շինությունները պարտադրել կարճագույն ժամկետում քանդել եւ անմիջապես բարեկարգել տվյալ շինությունների զբաղեցրած տարածքները:
Արծվիկ Մինասյան, Հայ հեղափոխական դաշնակցություն
- Եթե ընտրվեք քաղաքապետ, ինչպիսի՞ն կփորձեք դարձնել Երեւանը` համայն հայության մայրաքաղաքը:
- Երեւանը միշտ էլ աշխարհասփյուռ հայության կենտրոնն է, այլ հարց է, թե ինչպիսի՞ն է մեր մայրաքաղաքն այսօր եւ ինչպիսի՞ն կարող է լինել ապագայում: Եթե անկեղծ լինենք, ապա պետք է խոստովանենք, որ Երեւանը դեռ իր լիարժեք իմաստով մայրաքաղաք դարձնելու խնդիր ունենք: Ով եղել է զարգացած երկրների մայրաքաղաքներում, գիտի, թե ինչքան ենք հետ մնում բարձրակարգ մայրաքաղաքներից, ընդ որում` բոլոր-բոլոր առումներով` քաղաքաշինական, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, վարչակազմակերպական, բնապահպանական, մշակութային եւ այլն: Ազգասիրական եւ հայրենասիրական հույզերով ու ճառերով սփյուռքահայության հայացքը դեպի Երեւան չենք ուղղորդի, քանի դեռ գործնականում չի ստեղծվել գրավիչ մայրաքաղաք, որը, նախ կշոյի ամեն մի հայի հպարտությունը եւ արժանապատվությունը, եւ ապա` կլինի ուշադրության առարկա օտարների համար: Բազմիցս տեսել եմ, թե ինչպես են մեր սփյուռքահայ հայրենակիցները տարակուսած նայում վերջերս կառուցված այս կամ այն շինությանը, կարծես ասելով` «Մի՞թե սա է հայկական ճարտարապետությունը, մի՞թե սա է մեր ազգային միջավայրը, եթե այո` ապա այդ դեպքում ո՞րն է մեր տարբերությունը այլ ազգերից»: Նույնը նաեւ մարդկային հարաբերությունների առումով: Եթե հայը իր նախնիների քաղաքում իրեն չզգաց ջերմ, սիրալիր ու բարեկիրթ մթնոլորտում, եթե նրան ամեն քայլափոխի պիտի խաբեն, էլ ի՞նչ «համայն հայության մայրաքաղաքի» մասին է խոսքը: Ասածս հավասարապես վերաբերում է թե՛ մայրաքաղաքի բնակիչներին եւ թե՛ Երեւան այցելած մեր ազգակիցներին: Ուրեմն` ամեն ինչ իր տեղում պետք է լինի` ճարտարապետությունը, էկոլոգիական վիճակը, մարդկանց բարեկրթությունը, բիզնես միջավայրը եւ այլն: Իսկ այդ ամենին կհասնենք, եթե ունենանք քաղաքի զարգացման լավագույնս մշակված հեռահար ծրագրեր եւ դրանց իրականացման գործում լինենք մինչեւ վերջ հետեւողական:
- Առաջին հերթին ի՞նչը կփոխեք եւ ի՞նչ ժամկետներում:
- Ասեմ մի բառով` վերաբերմունքը: Քաղաքապետի վերաբերմունքը «քաղաքապետարան ինստիտուտի» հանդեպ, պաշտոնյաների գործելաոճը բոլոր մակարդակներում, երեւանցիների վերաբերմունքը սիրելի քաղաքի, իրենց իրավունքների եւ պարտականությունների հանդեպ: Այս ամենը շղթա է, միմյանցով փոխպայմանավորված: Շատ ծավալուն հարց է, դրա պատասխանը կգտնեք մեր կուսակցության նախընտրական ծրագրում: Սակայն, այդուհանդերձ, առանձնացնեմ հիմնախնդիրներից մի քանիսը. եթե վարչական օղակները կոռումպացված են, ապա ինչպե՞ս կարող են դրանք ծառայել ժողովրդին: Անցած տարիների դառը փորձը վկայում է, որ մայրաքաղաքի վարչական համակարգը սպասարկում է իր եւ իր մերձավորների շահերը: Այդպես չպետք է լինի, դա փակուղի է, նոր սոցիալ-քաղաքական հուզումների «օջախ»: Աշխարհի եւ ոչ մի երկրում քաղաքապետի ձեռքում կախարդական փայտիկ չկա, փոխարենը այնտեղ ունեն մեծ «պոլիսը» կառավարելու եւ վերահսկելու արդյունավետ մոդել եւ դրան նպաստող օրենսդրություն: Մենք առիթից առիթ ուզում ենք ոմանց պատժել, բայց չգիտես ինչու չենք անում այնպես, որ գործը դրան չհասնի, այսինքն` չինովնիկը չկարողանա օրենքներն ու կարգերը շրջանցել կամ ծառայեցնել իր անձնական շահերին: Ահա թե ինչու որպես առաջին քայլ մեր ծրագրով մտադիր ենք քաղաքապետարանում կազմավորել օմբուդսմենի ենթաինստիտուտը եւ նրա ղեկավարումը վստահել ընդդիմությանը: Չկա Երեւանին վերաբերող գեթ մեկ ոլորտ, որը վերանայման եւ նորովի կարգավորման կարիք չունենա: Ինչպես մյուս բնագավառներում, այստեղ եւս շատ հարցեր են կուտակվել: Երեւանի մասին նոր օրենքը մեզ թույլ է տալիս մայրաքաղաքի կառավարումը դնել որակապես նոր հիմքերի վրա եւ այդ կերպ` էապես բարելավել նրա սոցիալ-տնտեսական, բնապահպանական եւ կրթամշակութային իրավիճակը: Մեր ավագանու անձնակազմը եւ ես, մեր նախընտրական ծրագրում, ինչպես ասացի, առաջարկել ենք քաղաքի կառավարման նոր եւ արդյունավետ մոդել, որը ենթադրում է ակտիվ վերահսկողության եւ պատասխանատվության ռեժիմ` բոլոր օղակների համար, քանի որ հարցերը հաճախ բխում են մեկը մյուսից, եւ թողնում են իրենց լավ եւ վատ հետեւանքները: Մի խոսքով` մեզ պետք են բարեփոխումներ բոլոր-բոլոր ուղղություններով: Իսկ փոփոխությունների ժամկետները կախված կլինեն դրանց խորությունից եւ բովանդակությունից:
- Ինչպե՞ս եք պատրաստվում վերացնել քաղաքի դիմագիծը գցող ապօրինի շինարարությունները:
- Առաջին հերթին պետք է մայրաքաղաքն «ազատագրել» խոշոր բիզնեսին սպասարկող հավակնոտ ճարտարապետների «դիկտատուրայից»: Այնուհետեւ անցկացնել լայնամասշտաբ գույքագրում եւ հաշվառում: Այսօր մեզ համար գերխնդիր է ունենալ մայրաքաղաքի ճարտարապետական զարգացման կոնցեպտուալ ծրագիր, որում հստակորեն կարտացոլվեն ավանդույթները պահպանելու եւ քաղաքի դեմքը ճիշտ մոտեցումներով նորացնելու սկզբունքները: Նախ պետք է վերջ տալ տարերային ու հատվածական շահերով առաջնորդվելու աշխատաոճին: Ոչ մի բիզնես եւ օլիգարխ չեն կարող արտոնյալ լինել եւ իրենց ենթարկել հանրությանը պատկանող սեփականությունը` զբոսայգին, փողոցը, շենքը, խաղահրապարակը եւ այլն: Այն ամենը, ինչը աղճատում է քաղաքի դեմքը, պետք է դառնա վերանայման առարկա: Այն շեղումները, որոնք կարելի է շտկել, պետք է շտկվեն: Ավագանին պետք է փորձի կազմավորել պրոֆեսիոնալ հանձնաժողովներ բոլոր ուղղություններով` դրանցում ընդգրկելով գիտական շրջանակներին: Կարեւորագույն հարցերից մեկն այն է, որ պետությունը ողղակիորեն պատասխանատվություն կրի թե՛ մայրաքաղաքի դիմագծի եւ թե՛ քաղաքացիների ընդհանրական շահերի հարցերում: Պետք է հասնել նրան, որ քաղաքացին ե՛ւ չուզենա, ե՛ւ չկարողանա ապօրինի շինություններ անել: Եվ պարզորոշ իմանա, որ քաղաքային իշխանությունների հետ կատակները տխուր վերջաբան են ունենում: Այո, պետք է ամենուրեք թագավորի օրինականության եւ մայրաքաղաքի հանդեպ սիրո ու պատասխանատվության մթնոլորտը: Երեւանը մեր տունն է, հինավուրց ժողովրդի նոր մայրաքաղաքն է, ուստի ոչ մի մասնավոր շահ չի կարող հասարակության շահերից վեր լինել: Մի խոսքով, բարձր գիտակցություն` բոլոր առումներով, բոլոր մակարդակներում: