«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2009-05-20 | #92, 2009-05-21 | #93, 2009-05-22


ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՀԱՏԿԱՑՎԵՆ ՓՄՁ-ԻՆ ԵՎ ՀԻՊՈԹԵԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ տեղի ունեցած կառավարության նիստում անդրադարձավ Ռուսաստանի տրամադրած 500 մլն դոլար վարկի կառավարմանն ու բաշխմանը: Ըստ նրա, ստացվող վարկի զգալի մասը կուղղվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) վարկավորմանը: Վարչապետը նշեց, որ այստեղ առկա պահանջարկը մոտ 250 մլն դոլար է: Անցյալ տարի պետական բյուջեից 15 մլրդ դրամ հատկացվեց Գերմանա-հայկական հիմնադրամին: Այս տարի Համաշխարհային բանկի տրամադրած 50 մլն դոլարն ուղղվեց ՓՄՁ-ին: Ռուսական վարկից էլ 30 մլն դոլար կուղղվի այս ոլորտի ֆինանսավորմանը: Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ վարկից միջոցներ են հատկացվելու նաեւ հիպոթեկային հիմնադրամին, հույս հայտնելով, որ այս միջոցառումները կնպաստեն ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը:

Հերթական բյուջետային երաշխիքը մասնավոր ընկերությանը

Հակաճգնաժամային մեկ այլ քայլ էր կառավարության որոշմամբ «Ագրոսպասարկում» ընկերությանը 746 հազար դոլար բյուջետային երաշխիքի տրամադրումը: Այս մասին խոսելով, վարչապետը նշեց, որ այստեղ ռիսկերի կառավարումը ստանձնել է «Արմսվիսբանկը» եւ պատրաստ է միջոցներ տրամադրել: Նա կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ «Ագրոսպասարկումը» միակ ընկերությունն է, որ զբաղվում է կովկասյան ցեղի կենդանիների գենոֆոնդի պահպանմամբ, ինչը, ոլորտի մասնագետների հավաստմամբ, պետական նշանակություն ունի:

Պետական համաֆինանսավորում խոշոր կառուցապատողներին

Հայաստանում առաջիկա երեք տարիների ընթացքում 1 մլրդ եւ ավելի դրամի կառուցապատման ծրագրերը կֆինանսավորվեն պետության կողմից: Ներկայացնելով օրենքի նախագիծը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ վերոնշյալ կառուցապատողներիՙ հատուկ բացված հաշվի վրա վճարած ավելացված արժեքի հարկի գումարը եւ սոցվճարները նրանց կվերադարձվեն շինարարությունն ավարտելուց հետոՙ 30 օրվա ընթացքում: «Սա, իհարկե, աննախադեպ օրենքի նախագիծ է, կրելու է ժամանակավոր բնույթ, հակաճգնաժամային բովանդակություն ունի», օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ասելով, որ նպատակն է խրախուսել, որպեսզի խոշոր ներդնողները գան եւ խոշոր նախագծեր իրականացնեն Հայաստանում:

Ոսկերչությունն ազատվեց շահութահարկի 1 տոկոս կանխավճարից եւ ոսկու հումքի ձեռքբերման հարկումից

Ոսկերչական իրերի արտադրությունը Հայաստանում ազատվում է շահութահարկի 1 տոկոս կանխավճարից, որը խոչընդոտում էր ոսկերչության զարգացմանը: Կառավարության երեկ ընդունած այդ որոշումը լրագրողներին ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նա նշեց, որ այս հարցը քննարկվել է Հայաստանի եւ սփյուռքի ոսկերչական ընկերությունների ղեկավարների հետ եւ փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերվել հարկման այս տեսակը վերացնելու մասին: Դա, Ներսես Երիցյանի համոզմամբ, գրավիչ կդարձնի ոսկերչական արտադրության գործունեությունը Հայաստանում: Փաստորեն, տեղում արտադրված ոսկերչական արտադրության համար ստեղծվում է գրեթե ազատ գոտի:

Բացի շահութահարկից եւ սոցվճարներից, ոսկերչական ընկերություններն ազատվում են մնացած բոլոր, այդ թվումՙ հումքի համար ավելացված արժեքի հարկի վճարումներից: ԱԱՀ-ի վճարումից ազատվում է նաեւ ոսկերչական հումքի ներմուծումը: Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ այդ հարկատեսակի վճարումից մինչ այժմ ազատվում էին 12 կգ եւ ավելի ոսկու ձուլակտոր ներմուծողները, իսկ այսուհետեւՙ դրանից ազատված կլինեն բոլորը, անկախ հումքի զանգվածից: Այս փոփոխությունները, նախարարի հավաստիացմամբ, կնպաստեն Հայաստանում ոսկերչական արտադրանքի զարգացմանն ու հատկապես արտահանմանը, բերելով նորՙ բարձր վարձատրվող եւ բարձր մասնագիտացված աշխատատեղերի ստեղծմանը: «Որոշումը հակաճգնաժամային է եւ ճգնաժամից ելքի պահին Հայաստանն իր նիշն ու ճանաչումը կունենա աշխարհում», ասաց նա:

Մարզպետների աշխատանքը կգնահատեն գերատեսչությունները

Մարզպետների աշխատանքի արդյունավետությունը գնահատելու չափանիշներն են սահմանվել երեկ կառավարության որոշմամբ: Ինչպես լրագրողներին հայտնեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, մարզպետների աշխատանքը տարեվերջին գնահատելու են համապատասխան հանրապետական գերատեսչությունները, ներկայացնելու տարածքային կառավարման նախարարություն, ապա քննարկվելու է կառավարությունում: Մարզպետների հատուկ կարծիք լինելու դեպքում այն նույնպես կներկայացվի նախարարությանը: Գնահատականները լինելու են ըստ սանդղակիՙ անբավարար, բավարար եւ լավ: Վաչե Տերտերյանը բնական համարեց, որ անբավարար աշխատանքը համապատասխան մոտեցման կարժանանա կառավարության կողմից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4