«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2009-05-20 | #92, 2009-05-21 | #93, 2009-05-22


3300 ՈՐՈՇՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՒՄ

Վերջին երկու ամսում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ճանաչել է ավելի քան 3300 ընտանիքների սեփականության իրավունքը իրենց տների նկատմամբ: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականի հունվար-մարտ ամիսներին քաղաքապետարանից, ինչպես նշում է այս կառույցի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը , քաղաքացիներն ստացել են իրենց սեփականության իրավունքների վերականգնումը հաստատող մոտ 600 դրական որոշում: Թվերի համեմատական դինամիկան ցույց է տալիս, որ Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ նշանակվելուց հետո անշարժ գույքի անհատույց օրինականացման գործընթացը քաղաքապետարանում մեծ տեմպով է իրականացվում:

Մայրաքաղաքում մինչեւ 2001 թ. կառուցված անհատական բնակելի տների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքների ճանաչումը հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից է: Այս խնդիրն առկա է Երեւանի մի շարք թաղամասերում` Սարի թաղ, Նորագյուղ, Ներքին Չարբախ, Նորագավիթ եւ այլն: Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերի իրականացման շրջանակներում 2008 թվականի հուլիսից ուժի մեջ մտած «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի համաձայն, անցյալ տարի օրինականացվել է 1177 գույքային միավոր, 2009 թվականին (մայիսի 20-ի դրությամբ)ՙ մոտ 3900: Անհատույց օրինականացման վերաբերյալ դեռեւս նախորդ տարվանից քաղաքապետարան ուղղված բազմաթիվ դիմումների պատասխանները ժամանակին չէին տրվել, ինչը Գրիգոր Մելքումյանը պայմանավորում է գործընթացում ներգրավված պետական տարբեր կառույցների ինչ-որ տեղ չհամաձայնեցված աշխատանքով: «Նախկինից կուտակված դիմումներին պատասխանելու համար քաղաքապետ պարոն Բեգլարյանը ժամկետ էր սահմանել մինչեւ մայիսի 15-ը, բոլոր դիմումներին հիմնականում արդեն տրվել են պատասխաններ», տեղեկացրեց Գրիգոր Մելքումյանը: Նրա խոսքովՙ մնացել են սակավ թվով չպատասխանված դիմումներ` պայմանավորված իրավական խոչընդոտներով: Խոսքը այն դեպքերին է վերաբերում, երբ առկա են համասեփականատերերից մեկի անհամաձայնության, հանրապետությունից բացակայելու, ժառանգության եւ նմանատիպ այլ խնդիրներ:

Ընթացիկ տարվա ապրիլի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գույքի անհատույց օրինականացման վերաբերյալ 1300 դիմում է ստացվել: Քաղաքապետ Բեգլարյանից խիստ հանձնարարական է տրված, որ նշված դիմումների պատասխանները տրվեն օրենքով սահմանված ժամկետում:

Սեփականության իրավունքների անհատույց վերականգնման գործընթացը իրականացվում է նաեւ իրացման գոտի համարվող տարածքներում: Ըստ Գ. Մելքումյանի, մինչ օրս Կոնդ, Կոզեռն եւ 33-րդ թաղամասերում մոտ 900 գույքային միավորի նկատմամբ ճանաչվել է քաղաքացիների սեփականության իրավունքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4