Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրված արտահերթ նիստում հաստատեց Երեւանի ավագանու` մայիսի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշը: Դրանում նշված են կուսակցությունների եւ դաշինքի անվանումները` ցուցակում առաջին երեք թեկնածուների անուններով, որոնց դիմաց դատարկ քառանկյուն է` V-աձեւ նշման համար: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարեց, որ քվեաթերթիկի նմուշն ունի պաշտպանիչ շերտ, պատճենահանել հնարավոր չէ, նույնիսկ գունավոր տպիչը պատճենահանել չի կարող: Ոստիկանության ներկայացրած տեղեկանքի համաձայն` այսօրվա դրությամբ Երեւանում 771 հազար 522 ընտրող կա: Կպատվիրվի 790 հազար քվեաթերթիկ: ԸՕ համաձայն` քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում ընտրողների թվի մինչեւ 3 տոկոս ավելի քանակով` քվեարկության նախորդ օրը: