«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2009-05-20 | #92, 2009-05-21 | #93, 2009-05-22


ՀԱՇՎԻ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ` ԱՌԱՆՑ ՊԼԱՍՏԻԿ ԿՐԻՉՆԵՐԻ

Կանխավճարային քարտերի վերալիցքավորման պլաստիկ քարտերը կմնան շրջանառության մեջ, բայց հնարավոր կլինի հաշիվը լիցքավորել առանց դրանց, տարբեր խանութներում, դեղատներում, ընկերության սպասարկման կետերում: Ընդ որում, լիցքավորել հաշվի լիցավորման նոր` «Լիցք» տարբերակով հնարավոր կլինի սկսած 50 դրամից` այցելելով մոտակա վաճառակետ:

Երեկ այս մասին հայտարարեց «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա ներկայացմամբ, «Լիցք» տարբերակով վերալիցքավորում կատարելու համար պետք է այցելել վաճառակետ, հատուկ ձեւաթղթում նշել լիցքավորվող գումարը եւ կատարել վճարում, որից հետո վաճառակետի աշխատակիցը իր հեռախոսից անմիջապես կկատարի լիցքավորումը, որի մասին էլ հաճախորդը կտեղեկանա կարճ հաղորդագրությամբ:

Այս եղանակի ներմուծմամբ, ըստ Յիրիկյանի, հնարավոր կլինի որոշակիորեն խուսափել բնության համար այնպիսի վնասակար նյութի օգտագործումից, ինչպիսին պլաստիկն է:

Յիրիկյանը նաեւ պարզաբանեց, որ կախված լիցքավորվող գումարի չափից, տարբեր կլինեն նաեւ բջջային կապի վավերականության ժամկետները: Մասնավորապես, 50-199 դրամ վերալիցքավորման դեպքում ժամկետին ոչ մի օր չի ավելանա, 200-299 դրամի դեպքում կավելանա 2 օր, 300-499 դրամի պարագայում` 3 օր եւ այդպես շարունակ:

«Վիվասելի» ներկայացուցիչը մամուլի ասուլիսում նաեւ տեղեկացրեց, որ ճգնաժամի հետեւանքով ընկերությունում ոչ մի կրճատում չի եղել, առաջին եռամսյակում էլ հարկերի ցածր վճարումները դեռեւս պետք է լրացվեն ողջ տարվա տվյալներով, որ խոսվի ճգնաժամի ազդեցության ինչպիսին լինելու մասին:

Ինչ վերաբերում է Հայաստանի բջջային շուկա երրորդ օպերատորի մուտքին ու դրանով պայմանավորվելիք հավանական փոփոխություններին ընկերության մարտավարության ու ռազմավարության մեջ, ապա, Յիրիկյանի մատուցմամբ, դեռեւս տարեսկզբին ծրագրերը մշակվել են արդեն իսկ հաշվի առնելով երրորդ բջջային օպերատորի մուտքը շուկա: Այնուամենայնիվ «Վիվասելը» ողջունում է մրցակցության ավելացումը, կարեւորելով, որ այդ կերպ կշատանան այլընտրանքային առաջարկները բաժանորդների համար:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4