«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2009-05-20 | #92, 2009-05-21 | #93, 2009-05-22


ՄԵԿ ԱՄՍԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ

Իրանական գազն արդեն Հայաստան է մղվում Իրան-Հայաստան գազատարով: Մեկ ամսից Հայաստանը կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց նախարար Արմեն Մովսիսյանը, արտադրված ողջ էլեկտրաէներգիան մատակարարվելու է իրանական կողմին: Նախկինում Իրանին ամառային շրջանում մատակարարվում էր Հայաստանում ավելցուկ էլեկտրաէներգիան, սակայն Իրանի պահանջարկի ավելացման պատճառով այդ երկիր կուղարկվի արտադրված ողջ էլեկտրաէներգիան: Ստացվելիք գազի եւ մատակարարվելիք էլեկտրաէներգիայի ծավալները կոմերցիոն գաղտնիք են: Նախարարը հավաստիացրեց, որ Ռուսաստանից բերվող գազի ծավալները եւս չեն նվազի: Ներկայումս Իրանից գազի մատակարարման գործում լուծվում են տեխնիկական խնդիրները` ընթանում են ճնշման բարձրացման աշխատանքներ: Այս պահին Սյունիքի մարզի, Լեռնային Ղարաբաղի բնակիչները հիմնականում այդ կողմից եկած գազից են օգտվում: Թուրքիա էլեկտրաէներգիա մատակարարելու մասին հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ ներկայումս ընթանում են երկկողմ բանակցություններ, եւ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա կմատակարարվի ավելի մեծ ծավալով, քան նախատեսվել էր նախնական համաձայնությամբ: Թուրքական կողմն արդեն ձեռք է բերել համապատասխան սարքավորումները, որը վկայում է մատակարարում իրականացնելու նրանց մտադրության մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4