«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2009-05-20 | #92, 2009-05-21 | #93, 2009-05-22


ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Սուրբ Հարության տոնից 40 օր հետոՙ հինգշաբթի օրը, Հիսուս Քրիստոսի համբարձման տոնն է: Համբարձման տոնը եզրափակում է Քրիստոսի երկրավոր առաքելության եւ ավետարանական պատմության շրջանը: Ամեն տարի Համբարձման տոնին Հայ առաքելական եկեղեցիներում հիշատակվում է Հայոց հայրապետական աթոռը Սիսից Ս. Էջմիածին փոխադրելու պատմական դեպքը:

Հրաշափառ Համբարձման տոնի առիթով Արարատյան հայրապետական թեմը եւ «Արարատ» երիտասարդաց միությունը, առաջնորդարանում կազմակերպել էին հանդիսություն, որի ընթացքում նաեւ եղան ժողովրդական «Ջան Գյուլումի» վիճակահանություն ու ելույթ ունեցավ «Արարատ» երգչախումբը:

Համբարձման տոնի խաչերթը սկիզբ առավ Ս. Սարգիս եկեղեցուց ու անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով, հասավ Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի այգու հրապարակ, որտեղ էլ տեղի ունեցավ համերգ: Երկուսուկես ժամ տեւած տոնական տրամադրությունն իրենց ելույթներով ստեղծել էին Ս. Էջմիածնի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդաց տների սաներըՙ մասնակցելով Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ կազմակերպված խաչերթին, խաչով, խաչվառներով ու թմբուկների զարկերի ներքո: Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը օրվա խորհուրդը փոխանցեց սաներին ու շեշտեց. «Առանց մեր ազգային ավանդույթների պահպանման անհնարին է պատկերացնել հայ ժողովրդի իրական եւ ճշմարիտ դեմքն ու դիմագիծը»: Եվ այդ արժեքները սերունդներին փոխանցելը բոլորիս խնդիրն է: Այնուհետեւ սկսվեց ժողովրդական «Ջան Գյուլումի» վիճակահանության բեմականացված համերգային մասըՙ Նոր Նորքի հայորդաց տան սաների ներկայացմամբ, որին էլ հաջորդեցին մյուս 5 հայորդաց տների սաների ելույթները:

  «Ազգը» զրուցեց Նոր Նորքի հայորդաց տան տնօրենուհի Աիդա Անդրիասյանի հետ եւ տեղեկացավ, որ 1993-ից հիմնված հայորդաց տունն այսօր ունի մոտ 1000 սան նաեւ երկու դպրոցՙ պարային ու կրկեսային, ազգագրական հինգ համույթ եւ դեկորատիվ կիրառական արվեստի մի լայն ոլորտ: 1993-ին Արաբկիրի, Մալաթիայի եւ Նոր Նորքի նախկին պիոներ-պալատները մտան եկեղեցու իրավասության տակ եւ Մայր աթոռ Ս. Էջմիածնի ու ՀԲԸՄ հովանավորությամբ ստեղծվեցին հայորդաց տները: Ներկայիս 6 (առաջիկայում եւս մեկը կբացվի Գյումրիում) հայորդաց տներում շուրջ 3000 սան է հաճախում: «Մեզ մոտ,- նշում էր տկն Աիդան,- երեխաները բացի մշակութային դաստիարակությունից եւ կրթությունից, ստանում են հոգեւոր կրթություն, հոգեւոր դաստիարակություն, որն այսօր շատ կարեւոր է, որովհետեւ դա մարդու նկարագիրն է կերտում: Դա վաղվա հայաստանցու, երեւանցու, հայի, քաղաքացու նկարագիրն է կերտում եւ հատկապեսՙ քրիստոնյա, որը շատ ենք կարեւորում: Ես կարծում եմ, շահում են այն ծնողները եւ այն ընտանիքները, որոնց երեխաները հաճախում են հայորդաց տուն կամ այլ մշակութային օջախներ, որոնք կապված են նաեւ հոգեւոր արժեքներին ու դրանք փոխանցում են երեխաներին»: Այսօր հայորդաց տներում աշխատում ու իրենց սաներին հոգեւոր եւ մշակութային արժեքներն են փոխանցում 280 մասնագետ ուսուցիչներ, որոնցից 86-ըՙ Նոր Նորքի հայորդաց տանն են դասավանդում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4