Մայիսի 24-ին Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ տեղի կունենա հայ մեծ գուսանին նվիրված ավանդական Վարդատոնը: Առաջին անգամ այն նշվել է 1914-ին, երբ Հովհաննես Թումանյանն ու Գեւորգ Բաշինջաղյանը այցելել են վարպետի գերեզմանին, խունկ ծխել: Տոնը անվանեցին Վարդատոն. նշվում էր մայիս ամսվա վերջին կիրակի օրը:
2005-ին «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Երեւանում անցկացրին միջազգային փառատոն, որին մասնակցում էին ութ երկրի տասնյակ երաժիշտ-կատարողներ:
«Այդ օրվանից որոշեցինք Վարդատոնը խորհրդային մոռացությունից հետո կրկին դարձնել ավանդական», «Հայելի» մամուլի ակումբում երեկ տեղեկացրեց Թովմաս Պողոսյանը : ՀՀ վաստակավոր արտիստի հավաստմամբ տարեցտարի միջոցառման մասնակիցների շրջանակն ավելանում է. «Մասնակցում են անվանի երգիչներ, երաժիշտներ, ասմունքողներ, հասարակական գործիչներ, ովքեր հարգում ու խոնարհվում են հայ մշակույթում հավերժական ճամփորդ Սայաթ-Նովայի արվեստի առաջ»:
Թովմաս Պողոսյանին մտահոգում է, որ այսօր Սայաթ-Նովան ներկայացնում են աղավաղված. «Որեւէ առարկություն չունեմ, երբ Սայաթ-Նովային տալիս են ժամանակակից մեկնաբանություն: Սակայն այդ փոփոխությունը պետք է պրոֆեսիոնալ շեշտադրում ունենա ու տարբերվի սիրողական մակարդակից: Ինչը, ցավոք, այսօր չի արվում: Հարկ չեն համարում խորհրդակցել մասնագետների հետ: Հանդիպում ես «կատարողների», ովքեր երբեւէ խորամուխ չեն եղել Սայաթ -Նովայի արվեստի մեջ, չեն էլ թերթել հեղինակի գիրքը»: Պողոսյանը չնշեց գուսանի գործերն աղավաղողների եւ ոչ էլ հաջող մեկնաբանողների անուններ:
«Ո՞վ է մեղավոր, ի՞նչ անել» «Ազգի» հարցին էլ Պողոսյանն ասաց. «Եթե ճշմարիտ բարձր արվեստը ավելի շատ քարոզվի, գոնե այնքան, որքան այդ աղբը, վստահ եղեք, որ մեր երիտասարդությունը մեծ հաճույքով կլսի Սայաթ-Նովա: Մեր մեղքը կարծում եմ չկա: Պարզապես ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ աղբն իր համար լավ ճանապարհ է հարթել, շուկայում նսեմ գաղափարներն ավելի լայն քարոզչություն են ստանում, քան ճշմարիտ արվեստը»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ