«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2009-05-20 | #92, 2009-05-21 | #93, 2009-05-22


ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՃ ՓԵՇ ՀԱԳՆԵՐ, ԿՀԱՂԹԵՐ

Սփյուռքը քվե չի տալիս ՀՀ արտաքին քաղաքականությանը, բայց «Եվրոտեսիլն» իր դժգոհության ամբիոնը չի դարձնում

Մայիսի 18-ին, նաեւ հաջորդող օրերին հայաստանյան լրատվամիջոցները կարծիք հնչեցրին, թե Ինգա եւ Անուշ Արշակյանների «Եվրոտեսիլում» 10-րդ հորիզոնականը զբաղեցնելը Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից հիասթափված սփյուռքահայերի վերաբերմունքի արդյունք է: Գերմանահայերի շրջանում կատարած մեր դիտարկումները հիշյալ ենթադրությունը չեն հաստատում:

Որ սփյուռքահայերի, մասնավորապեսՙ գերմանահայերի մի մասը մեծ մտահոգությամբ է հետեւում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը կամ, անկեղծ ասած, վախ ունի, թե Թուրքիայի մերձեցումը նախապայմաններով ծուղակ է, որից հրաժարվելն օր առաջ խրախուսելի է, ճշմարտություն է, բայցՙ այլ հոդվածի նյութ:

Կարծում ենք, Հ1-ի եթերից հնչող նախամրցութային «բարի եղեք» կոչերով չէ, որ հայերի մեծ մասն առաջնորդվում է քվեարկելիսՙ նախապատվությունը տալով հայրենական ներկայությանը: Այդ օրվան սպասում են:

«Եվրոտեսիլի» մրցույթն արդեն իր ավանդույթն ունիՙ զվարճանքի նման մի բան է դառնում գերմանահայերի համար: Հավաքվում են համայնքի սրահում կամ մեկի տանը, ուտել-խմելով դիտում ծրագիրը ու, անկախ նրանից, հավանո՞ւմ են Հայաստանը ներկայացնող կատարումը, թե՞ ոչ, ջերմեռանդ քվեարկում են ու ներկա գերմանացիներին էլ անուղղակի հորդորում ձայն տալ մեր օգտին:

Այս անգամ արդյունքները հաշվելու «Եվրոտեսիլի» նոր կանոնակարգն ավելի քան հիասթափեցնող եղավ. հատկապես այն փոքրիկների համար, ովքեր ի հեճուկս ֆինանսական ճգնաժամի, նվազագույնը 10-ական SMS էին ուղարկում: Այն միջավայրում, ուր մենք էինք, յուրաքանչյուրը մի քանի անգամ քվեարկեց, իսկ մի դպրոցական հասցրեց 63 հաղորդագրություն ուղարկել: Ոչ ոքՙ ոչ հին սփյուռքահայերը, ոչ էլ Հայաստանից արտագաղթածներն այդ պահին չէին մտածում դրամ տնտեսելու մասին: Լավ հարստացրինք գերմանական տելեկոմին, եւ շատ զարմանալիՙ Գերմանիայից 0 միավոր:

Պակաս զարմանալի չէր նաեւ Հայաստանի քվեարկության պատկերը. 1 միավոր Ադրբեջանին, 4ՙ Թուրքիային: Հայաստանում ապրող միատարր մեր հեռուստադիտողը լա՞վ է սերտել ֆուտբոլային դիվանագիտությունը, թե՞ նախընտրելի է համարել պորտապարը: Այս անհասկանալի նախապատվության առիթով իրենց անկեղծ տարակույսը հայտնեցին նաեւ գերմանացիները, ովքեր ակնահաճո թերեւս մի բան որսացել էին Ադրբեջանի ելույթումՙ մրցույթի ամենակարճ փեշը:

Ի դեպ, մեզ իրենց կարծիքը փոխանցած 40-ամյա երկու գերմանացի տղամարդիկ բացատրեցին Հայաստանի անհաջողության ամենալուրջ պատճառըՙ եթե հայերը շքեղ տարազի փոխարեն կարճ փեշ ընտրեին, կհաղթեին:

Գերմանացի մեկնաբանների մի մասը կասկածում է, թե ժյուրին երաժշտությանն առնչություն է ունեցել: Բախի, Բեթհովենի, Վագների հայրենիքում թեպետ լուրջ չեն վերաբերվում երաժշտական այս մրցույթին, բայց Գերմանիայի նույնիսկ փոքր առաջընթացըՙ 20-րդ տեղում հայտնվելը մեծ ցավով են ընկալում: Այդ են վկայում գերմանականՙ հատկապես տպագիր լրատվամիջոցների հրապարակումները. ինչպես «Համբուրգեր մորգենփոստն» է նկատումՙ գիտենալով, որ այնտեղ հնչող երաժշտությունը վատն է, այդուհանդերձ սովորույթի ուժը ստիպում է դիտել: Նույն աղբյուրը «Ջան-ջանի» մասին հետեւյալ դիտարկումն էր արել. դա 1001 գիշերվա երաժշտություն է, Արեւելքի դիսկոներում կարող է հիթ լինել, ավելինՙ ոչ: Ադրբեջանի ելույթն ավելի մեծ հիասթափություն էր արթնացրել, իսկ Նորվեգիայիՙ Հարրի Փոթերի ջութակ նվագելու միտքը լավը չէր թվացել: «Բիլդը» ամենամեծ անակնկալը համարել էր Ադրբեջանիՙ 3-րդ տեղում հայտնվելը. «Ինչպիսի՞ երկիր է, Եվրոպայո՞ւմ է» իր իսկ հարցին ծավալուն տեղեկանք էր տպագրելՙ «90 տոկոսով մահմեդականներով բնակեցված, քաղաքական տեսակետից Եվրոպայում, աշխարհագրորեն մայր ցամաքների սահմանին գտնվող, նավթառատ երկրի» մասին:

  «Նորդդոյչե ցայթունգը» , որ տպագրել էր dpa-ի տեղեկատվությունը, այսպիսի պատկեր էր գծելՙ Ինգան եւ Անուշը իրենց կապույտ շքեղ հանդերձներով էթնո-պոպ «Ջան-ջան»-ով անակնկալ մատուցեցին: Գերմանագիտություն ուսանող ադրբեջանցի Այսելը եւ երգահան Արաշը խառնել են կարիբյան եւ պարսկական ելեւէջները բրիտ-պոպին եւ մեծ պաթոսով քեֆ են ներկայացնում: Նրանց ելույթը լավ է տասնյակում հանգրվանելու համար: Բելգիացի թրքուհի Հադիսեն Շակիրայի պատճենն է: Նրա երգը իր երկրի դիսկոներում արդեն հիթ է դարձել: Թուրքական պոպի եւ պարային R&B այս խառնուրդը հաղթելու հավանականություն ունի: Իսկ Նորվեգիան ներկայացնող Հարրի Փոթեր Ալեքսանդր Ռիբակի հաղթանակը հյուսիսցու հմայքի մեջ է: Նրա հետ EMI ձայնագրման ստուդիան արդեն պայմանագիր է կնքել:

«Շտուտգարտեր ցայթունգը» առանձնացնում է գեղեցկուհիներինՙ գեղեցկուհի սուրբը Շվեդիան ներկայացնող օպերային երգչուհի Մալենա Էրնմանն էր, ամենասիրուն էկզոտուհինՙ Այսելըՙ Ադրբեջանից, որը հաջորդ անգամ իր համար պիտի նոր զուգընկեր գտնի, ով ավելի լավ երգել կարողանա, քան օձաձկան նման ողորկ Արաշը, որ ավելի շատ գորգավաճառի արտաքին ունի: Ամենալարված ելույթը Հայաստանը ներկայացնող երկվորյակ քույրերինն էրՙ նրանք կոկորդով մեկ գոռում էինՙ առանց ներդաշնակության:

Ցավոք, սա Հայաստանի ելույթի մասին մեզ հանդիպած եզակի քննադատությունը չէր: Բազմաթիվ հրապարակումներում շեշտվում էր, թե արեւմտաեվրոպական ականջը սովոր չէ էթնո-դիսկո ոճինՙ անգլերեն տեքստ ու «անհասկանալի» անհամատեղելի ռիթմեր:

(Մի հիշեցումՙ արեւմտաեվրոպական ականջը միանշանակ չընկալեց նաեւ Դյուսսելդորֆի օպերային բեմում ներկայացված Արամ Խաչատրյանի «Սպարտակը», ինչի մասին տեղեկացրել ենք «Ազգում» փետրվարի 26-ին- Ան. Հ.): Նույնըՙ այլ անկյունից ընդգծում են նաեւ մեր հայրենակիցները, ովքեր թեպետ Արշակյան քույրերին ու նրանց կատարմանը անկեղծ քվե են տվել, բայց խոստովանել են, թե երգը չեն հավանել, որովհետեւ «մեր երգը» չէ:

«Ինձ ամենաշատը Հայաստանի ելույթը դուր եկավ», «Եվրոտեսիլի» մրցույթը մայիսի 19-ի իր հեղինակային TV total հաղորդման ժամանակ մանրակրկիտ վերլուծելով կարծիք հայտնեց գերմանացի հեռուստատեսային ճանաչված մեկնաբան, երաժիշտ, բազմաթիվ հիթերի հեղինակ, 1998-ին, 2000-ին 2004-ին «Եվրոտեսիլում» Գերմանիայի համար տասնյակում տեղեր ապահոված Շտեֆան Ռաաբը, ում հետ Գերմանիան վաղվա իր հույսն է կապում: Մամուլը քննարկում է, որ Օսլոյում հենց 42-ամյա Ռաաբը կարող է իր երկրի պատիվը փրկել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4