Ռոդոսթօ քաղաքը հայրենի ընթերցողին աշխարհագրական չափումներով ներքնապէս մօտեցաւ Սեւդա Սեւանի շնորհիւ, որի նշանաւոր վէպը գրական իրադարձութիւն էր 80-90-ական թթ.ՙ ե՛ւ Սոֆիայում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ բուլղարերէն, ե՛ւ հայերէն: Ռոդոսթօն մնաց կիզակէտ, մնաց ստեղծագործական միակ աշխարհը, որին Սեւդա Սեւանը կապեց գրական տեսողութիւն: Օտար աշխարհում ապրեց Սեւդանՙ բուլղար ժողովրդի ողբերգական-հերոսական անցեալին հիւսելով իր ազգային ճանաչողութիւնն ու գրական տարածքը:
Չենք հաշտւում. մայիսի 17-ին Բուլղարիայում վախճանուեց արձակագիր Սեւդա Սեւանը: Քիչ ապրեց, ընդամէնըՙ 63 տարի, բայց ապրեց «Ռոդոսթօ, Ռոդոսթօ...» եռերգութեան կին հերոսների պէս լիարիւն կեանք: Մարդկայի՛ն կեանք, կնոջակա՛ն կեանք: Դժուարի՛ն կեանք:
Նա ծնուել էր 1945 թ. նոյեմբերի 6-ին Նովա Զագորա քաղաքումՙ եղեռնի հետեւանքով Թուրքիայից Բուլղարիա գաղթած հայերի ընտանիքում:
Ստեղծագործական ուղին սկսել է որպէս բանաստեղծՙ 1974 թ. հրատարակելով «Քարՙ քարին» քերթողագիրքը:
Յետահայեաց ընդգրկումովՙ «Ռոդոսթօ, Ռոդոսթօ...» վէպը նշանակալից խօսք եղաւ ազգային ենթահողի վրայ մարդու հոգին քննելու առումով: Ս. Սեւանը վեր հանեց հայ մարդու հնարաւորութիւնները, յաճախ նաեւ յունա-բուլղարական ազգային-ազատագրական պայքարի միջնորդումով ցոյց տուեց պատմութեան մէջ մեր ազատասէր ոգին: Քաղաքական մոլեգնած թոհուբոհում նա անտարբեր չմնաց դէպի մարդկային հոգու ալեկոծումները, եւ սա վէպի ակնառու յատկանիշն էր: Ս. Սեւանի կերպարները գործողութիւնների բնաբուխ ընթացքը պայմանաւորող ուժերն են պատմութեան կիզակէտում եւ նրա լուսանցքում, թէ՛ հաւաքական, թէ՛ ներանձնական երջանկութեան անվերջանալի որոնումներում:
Հայկաբաշեանների գերդաստանի եւ Սարեան եղբայրների ապրած կեանքի լիարիւն պատկերման շնորհիւ մենք գաղափար ենք կազմում գրողի նախասիրութեան մասինՙ ստեղծել ուժեղ կերպարներՙ Ովսաննա, Դաւիթ, Բորեան, Մելվին, Ֆիլոր, Յովսէփ, Տիգրան, Սարը Ռուբէն, որոնց կողքին կամային բարձր յատկանիշով կարելի է նկատել նաեւ Դմիտրիին եւ Սաբահատինին, այսինքնՙ ուժը վեր է ազգային նկատառումից:
Ուժը այն բանից չէ, որ հերոսները հայ են ու դրանով երջանիկ. նրանք մարդկայինի արժէքը գտել են ապրելու երջանկութեան բարձր ըմբռնումի մէջ եւ փորձում են լինել երջանիկ, սակայն կեանքի հարուածները ստիպում են խոնարհուել: Նրանք տառապում ենՙ շարունակելով հաւատալ ներքին ձայնին, որ բոլորի համար խիղճ է կոչւում: Նրանք միայնակ են, սակայն ունեն անձնուիրութեան խորունկ պաշար: Ահա սրճարանի Յովսէփըՙ դժբախտ ու միայնակ: Նրա օրերը յիշատակների բերած մորմոք չեն, այլ յախուռն կեանք, որ եռում է սրճարանում հաւաքուած ընկերների կրակոտ ելոյթներումՙ իր հրամցրած սուրճի պէս: Նրանք պայքարում են իրենց հոգիներում մենութեան ուտիչ արշաւանքի դէմ: Չկայ երջանկութիւն կոչուածի բանալին:
Հոգու թելերով եւ պետականութեան բարձր զգացողութեամբ Մայր Հայաստանին կապուած նուիրեալ անհատ էր Սեւդա Սեւանըՙ մարդ-քաղաքացին, որը պահում էր ձեռքը հայրենիքի քաղաքական եւ գրամշակութային զարկերակի վրայ, շարունակաբար զգում նրա տրոփիւնը: Պատահական չէր, որ 1994-ից տեւական մի շրջան ղեկավարել է Բուլղարիայի Հանրապետութիւնում Հայաստանի դեսպանութիւնը:
Արձակագիրը մէկ անգամ չէ, որ հիւրընկալուել է մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական կենտրոնում: Սա այն ամբիոնն է, ուր նրան ջերմութեամբ են շրջապատել հայրենի դասախօսներն ու ուսանողները, որոնք ստեղծել են գրական երկխօսութեան միշտ բորբոք միջավայր, ինչն էլ թանկ էր գրողի համարՙ նրա հմուտ թարգմանիչ Մարգարիտ Թերզեանի արդար գնահատմամբ, քանի որ գրական եւ պատմական նիւթի առաջադրութիւնների շուրջ ծաւալուելու նման եղանակը ստիպում էր արձակագրին նորովի խորհել պատմութեան, ժողովուրդների հաւաքական ճակատագրերի եւ անհատների փոխյարաբերութեան մասին, այն, ինչն արդէն թանկ է մեզ բոլորիս, մանաւանդ հիմա, երբ այլեւս Ս. Սեւանը մեզ հետ չէ:
ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ