Հանրապետության հանրակրթական դպրոցներից 2008-2009 ուստարվա ավարտին ոսկե մեդալի համար ԿԳ նախարարություն մինչ օրս հայտ է ներկայացրել 107 շրջանավարտ: Հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետը մինչեւ մայիսի 25-ն է, եւ հնարավոր է, որ այս նախնական տվյալները փոփոխվեն: Ոսկե մեդալի հավակնորդներից 26-ը Երեւանից են: Մարզերից ամենաշատ հավակնորդներ են հայտագրվել Սյունիքից` 26, այնուհետեւ` Կոտայքից` 11, Շիրակից` 10, Տավուշից` 7, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերից` 6-ական: Մեկական հայտեր են ստացվել Վայոց ձորից եւ Արարատից, իսկ Արմավիրից` 3: Արագածոտնի մարզի ոչ մի դպրոցից ոսկե մեդալ ստանալու համար դիմում չի ներկայացվել: Մեդալի հավակնորդ են այն շրջանավարտները, ովքեր 9-րդ դասարանն ավարտել են գերազանցությամբ, 10-րդ դասարանում բոլոր առարկաներից ստացել են «5», իսկ 11-րդ դասարանում` «9» կամ «10» գնահատական: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինպատրաստություն առարկաներից չգնահատված շրջանավարտները մեդալի չեն կարող հավակնել` բացառությամբ առողջական խնդիր ունեցողներից: