Մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցաշարը Երեւանում անցկացնելու որոշումը կայացվել է 2008-ի օգոստոսի 18-ին Պեկինում տեղի ունեցած ԱԻԲԱ-ի գործադիր կոմիտեի նիստում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մեծ ծավալի աշխատանք է կատարել մրցումները բարձր մակարդակով եւ միջազգային չափանիշներին համապատասխան ձեւով անցկացնելու համար: Առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 18-ին: Ֆեդերացիայի որոշմամբ մուտքը մարզահամերգային համալիր ազատ կլինի: ՄՀՀ-ում կգործի հավատարմագրման սենյակ, որտեղ կիրականացվի առաջնության մասնակիցների հավատարմագրումը: Լրագրողների համար կգործի մամուլի կենտրոնը, որն ապահովված կլինի աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով` համակարգիչներով, տպիչ սարքերով ու անվճար ինտերնետային կապով: Արդեն գործում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, որն ԱԻԲԱ-ի կողմից հաստատվել է որպես աշխարհի պատանեկան առաջնության պաշտոնական կայքէջ: Առաջնության մասնակիցները կհանգրվանեն Երեւանի 6 հյուրանոցներում:
Արդեն սկսվել է մարզական պատվիրակությունների ժամանումը Երեւան: Առաջինը Իռլանդիայի պատվիրակությունն էր, որը մայիսի 17-ին ժամանեց Երեւան: Պատվիրակության կազմում են 10 անդամներ Պատրիկ Քուլիգանի ղեկավարությամբ: Իռլանդիայի հավաքականը ներկայացված կլինի քաշային 6 կարգերում: Այս օրերին իռլանդացի բռնցքամարտիկները մարզումներ են անցկացնում Աբովյանի մարզահամալիրում, իսկ մայիսի 22-ին կհանգրվանեն Երեւանի հյուրանոցներից մեկում:
Մայիսի 19-ին բավական պատկառելի կազմով` 30 հոգով Երեւան ժամանեց Ղազախստանի պատվիրակությունը: Ղազախները հյուրընկալվել են Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում, որտեղ էլ անցկացնում են մարզումները: Ղազախստանի հավաքականը պայքարի մեջ կմտնի քաշային 13 կարգերում: Բացի ղազախներից, քաշային բոլոր կարգերում մարզիկներ կհայտավորեն նաեւ Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Բելառուսի եւ ԱՄՆ-ի հավաքականները:
Արդեն Հայաստանում են նաեւ Լատվիայի, Լիտվայի, Դոմինիկյան Հանրապետության, Ավստրալիայի, Չինաստանի, Անգլիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Պուերտո Ռիկոյի, Բելառուսի, Կորեայի եւ Մարոկկոյի հավաքականները: Երեկ առավոտյան Երեւան ժամանեց Թուրքիայի պատվիրակությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ, 1996-ի Ատլանտայի օլիմպիադայի փոխչեմպիոն Մալիկ Բեյլարօղլուն հայտարարել է, որ ակնկալում են նվազագույնը հինգ մեդալ նվաճել Երեւանում:
Նախապես առաջնությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել 51 երկրիր: Սակայն տարբեր պատճառներով մրցումների մասնակցությունից հրաժարվել են Ուելսը, Թուրքմենստանը, Մեքսիկան եւ Արգենտինան: Մոտ օրերս վերջնականապես հայտնի կդառնա մասնակիցների ցանկը:
Հայաստանի պատանեկան հավաքականը եւս այս օրերին լրջորեն նախապատրաստվում է առաջնությանը: Մրցումներն անցկացվում են Երեւանում եւ հայ բռնցքամարտիկները պետք է ձգտեն իրենց երկրպագուներին հուսախաբ չանել: Հուսանք, որ ի պատիվ հայ բռնցքամարտիկների հաղթանակի մարզահամերգային համալիրում կհնչի Հայաստանի օրհներգն ու կբարձրացվի եռագույնը: