Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանին առաջին մեդալը պարգեւեց 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: 16-ամյա պատանին երկամարտի 238 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղըՙ դառնալով աշխարհի փոխչեմպիոն:
Սմբատը պոկում վարժությունը սկսեց 100 կգ-իցՙ հաջողությամբ հաղթահարելով նախնական քաշը: Իսկ ահա 105 կգ ծանրաձողը հաջորդ երկու մոտեցումների ժամանակ նրան չենթարկվեց: Հայ ծանրորդն ավելի հաջող ելույթ ունեցավ հրում վարժությունում: Նա նախ բարձրացրեց 133 կգ, ապա իրեն ենթարկեց 138 կգ-անոց ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ նա պատվիրել էր 142 կգ: Եթե Սմբատը բարձրացներ նաեւ այդ քաշը, ապա հրում վարժությունում կարժանանար ոսկե մեդալի: Սակայն դա նրան չհաջողվեց եւ հայ ծանրորդը ստիպված էր բավարարվել փոքր արծաթե մեդալովՙ ոսկին զիջելով չին մարզիկ Հիոնգ Չենին: Վերջինս բարձրացնելով նախնական 140 կգ ծանրությունը, երկու անգամ անհաջող փորձել էր հաղթահարել նաեւ 151 կգ ռեկորդային քաշը:
Չին ծանրորդը մեծ առավելությամբ նվաճեց մինչեւ 56 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսըՙ երկամարտում ցույց տալով 262 կգ (122+140) արդյունք: Սմբատ Մարգարյանը նրան զիջեց 24 կգ-ով: Հայ ծանրորդին 1 կգ զիջեց բրոնզե մրցանակակիր դարձած ինդոնեզացի Սումարիանտոն:
Մինչեւ 62 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Վլադիկ Կարապետյանը: Նա հանդես եկավ «B» խմբում, որտեղ երկամարտում ցույց տվեց լավագույն արդյունքըՙ 235 կգ (105+130): Պոկում վարժությունում նա երեք փորձերն էլ հաջող կատարեցՙ հաջորդաբար բարձրացնելով 97, 102 եւ 105 կգ, իսկ հրումում 3 փորձերից 2-ն էին արդյունավետ (125, 130 կգ): Վերջնական արդյունքն իմանալու համար Վլադիկ Կարապետյանը ստիպված էր սպասել ուժեղագույնների խմբում ընդգրկված 11 ծանրորդների մրցավեճի ավարտին: Երբ մրցումներն ավարտվեցին, պարզվեց, որ հայ ծանրորդը 12-րդ տեղն է զբաղեցրել: Իսկ չեմպիոնի տիտղոսը դարձյալ Չինաստանի ներկայացուցիչը նվաճեց: Երկամարտի 286 կգ (125+161) արդյունքով ոսկե մեդալի արժանացավ Քսիհանգ Չոնգը: Արծաթե մեդալը նվաճեց ղազախստանցի Իգոր Կիմըՙ 271 կգ (125+146): Բրոնզե պարգեւին արժանացավ մոլդովացի Արտյոմ Պիպանՙ 263 կգ (118+145): Ռուսաստանը ներկայացրած Դավիթ Բարսեղյանը 244 կգ (107+137) արդյունքով 8-րդն էր: