«Ավելի լավ է տասը տարի բանակցել, քան տասը օր պատերազմել»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Փոխըմբռնման ու կառուցողական մթնոլորտում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացմամբ, Խորվաթիայի իր գործընկեր Ստյեպան Մեսիչի հետ քննարկումներում խոսվել է հայ-խորվաթական հարաբերությունների ներկա վիճակի ու հեռանկարի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերի մասին:
Երեկ համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը նաեւ ավելացրեց, որ ելնելով Խորվաթիայի ոչ վաղ անցյալի փորձից` քննարկել են նաեւ հակամարտությունների կարգավորմանը, դրանց խաղաղ լուծումներին ու բանակցություններին վերաբերող հարցեր: Հայաստանի նախագահը ընդունել է խորվաթ գործընկերոջ հրավերը` պաշտոնական այցով լինելու Խորվաթիայում, որ, Հայաստանի նախագահի խոսքերով, կկայանա հենց այս տարի:
Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչին իր հերթին ընդգծեց, որ առաջին այս այցելությունը միմյանց ավելի խորը ճանաչելու հնարավորություն էր, ու թեեւ Հայաստանը աշխարհագրական առումով դուրս է Եվրոպայից, սակայն շփումները մեր երկրի հետ գտնվում են Խորվաթիայի հետաքրքրությունների շրջանակում:
Ըստ Մեսիչի, հարավկովկասյան տարածաշրջանում առկա են խնդիրներ ինչպես հարյուրամյա վաղեմության, այնպես էլ նոր ծագած: Եվ Խորվաթիան պատրաստ է փոխանցելու իր փորձը, որ ձեռք է բերվել Հարավսլավիայի փլուզումից հետո անկախության տարիների գործունեությամբ:
Ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքորոշման հավանական կոշտացման լուրերի առնչությամբ Հայաստանի նախագահը պարզաբանեց, որ համաձայն չէ այդ որակումներին: «Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը կոշտացրել է իր դիրքորոշումը Ադրբեջանի հետ բանակցություններում: Դա մեր բնորոշումը չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ եթե բանակցություններում մենք ավելի հստակ ենք դնում այդ հարցը, դա դեռ չի նշանակում, որ կոշտացնում ենք մեր դիրքորոշումը», հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահի խոսքերով, Հայաստանը պատրաստ է շարունակելու բանակցությունները, եւ նախագահների մակարդակով հայ-ադրբեջանական հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կլինի Սանկտ Պետերբուրգում հունիսի սկզբին: «Հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները նորից չեն փորձի փոխել մեր հանդիպման իմաստը», նշեց Սարգսյանը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին այլընտրանքի բացակայության համատեքստում Ստյեպան Մեսիչը կարեւորեց, որ իր ժամանակին Հարավսլավիայում փորձեցին սահմանների հարցը լուծել զինված ուժերով, սակայն դրանից միայն զոհեր եղան, իսկ սահմանը ոչ մի կերպ չփոխվեց:
Իսկ երբ փլուզվեց Հարավսլավիան, ըստ Մեսիչի, մնաց Կոսովոյի հարցը: Ըստ Խորվաթիայի նախագահի, այդ ժամանակ Սերբիան ներուժ չուներ իր իշխանությունը հաստատելու Կոսովոյում, ոչ էլ ներուժ ուներ բանակցություններ վարելու: Ելքը եղավ այդ երկրամասի անկախության հռչակմամբ, որը որոշ եվրոպական երկրներ ճանաչեցին:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում հնչող հոռետեսությանը` Հայաստանի նախագահը ցանկություն հայտնեց չտրվելու «կողմերի լրատվամիջոցների սադրանքներին»:
Իսկ ավելի կոնկրետ, Սերժ Սարգսյանի խոսքերով, հայ-թուրքական բանակցությունները տարբեր են ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններից: Դրանք դժվարին խնդիրներ են, որոնց լուծումը մեծ ջանք է պահանջում ու պետք է անցնել դժվարին ճանապարհ: «Այդ ճանապարհն անցնելու ընթացքում ակնհայտ է, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ այլ երկրներում կլինեն լավատեսներ ու հոռետեսներ, որ չտիրապետելով ողջ ինֆորմացիային` կարող են էմոցիոնալ արտահայտել իրենց ուրախությունը կամ դժգոհությունը», նշեց Հայաստանի նախագահը, ավելացնելով, որ անձամբ ինքը ոչ ոգեւորված է լավատեսների հայտարարություններով, ոչ էլ դժգոհ է հոռետեսությունից:
Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Խորվաթիայի նախագահը կարեւորեց, որ միայն բանակցություններն են ստեղծված իրավիճակից ելքը: «Ավելի լավ է տասը տարի բանակցել, քան տասը օր պատերազմել», նշեց Ստյեպան Մեսիչը: