Իրանահայերը իրենց պահանջներն ու առաջարկները կներկայացնեն Իրանի նախագահական թեկնածուներին
2009 թվականի մայիսի 19-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում ԹՀԹ-ի թեմական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում, որին մասնակցում էին Թեհրանի հասարակական միավորների ներկայացուցիչները, քննարկվեցին իրանահայ համայնքին հուզող այն հարցերը, որոնք առաջիկայում կներկայացվեն Իրանի ԻՀ նախագահական ընտրություններում մրցակցող 4 թեկնածուներին կամ նրանց ներկայացուցիչներին:
Հանդիպման սկզբում ԹԽ-ի նախագահ Աիդա Հովհանիսյանը բարի գալուստ մաղթելուց հետո տեղեկացրեց, որ նման քննարկում անցկացնելու ցանկություն էին հայտնել համայնքի հասարակական-ազգային գործիչ ու բարերար Լեւոն Ահարոնյանը, մի խումբ պատգամավորներ ու ազգայիններ: Նա ներկայացրեց մի շարք հարցերի փաթեթ, որը պատրաստել էր թեմական խորհուրդը: Մասնակիցները այդ հարցերը քննարկելուց հետո անդրադարձան նաեւ մի շարք այլ հարցերի:
Հանդիպմանը ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի իրանահայ համայնքի երկու պատգամավորներ Գեւորգ Վարդանին եւ Ռոբերտ Բեգլարյանը: Նրանք իրենց հերթին անդրադարձան մի շարք հարցերի ու դրանց լուծման եղանակներին:
Անցյալ շրջանների ընտրությունների նման, բոլորն այն համոզմունքին էին, որ մեր ազգային իշխանությունը առանձին մի թեկնածուի չի հովանավորելու, սակայն առիթ է ստեղծելու բոլոր չորս թեկնածուների համար հանդիպելու իրանահայ համայնքի հետ ու ներկայացնելու իրենց ծրագրերը, որի ընթացքում ներկայացվելու են նաեւ մեր պահանջներն ու խնդրանքները:
Լեւոն Ահարոնյանը կարեւորեց այն հարցը, որ մենք այս երկրի լիիրավ քաղաքացին ենք, մասնակից ենք եղել ու մասնակից ենք երկրի բոլոր անցուդարձերին, մեր իրավունքն է` պահանջատեր լինենք ու հստակ ձեւով ներկայացնենք մեր խոշոր եւ հիմնական հարցերը, ոչ թե մանր-մունր հարցեր, որոնք կարող են լուծում ստանալ պատգամավորների կամ ազգային իշխանության ջանքների շնորհիվ: Նման հարցերից կարելի է թվարկել պետության կողմից մեծ կապիտալի հատկացումները իրանահայությանըՙ տարբեր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
Վերջում որոշվեց, որ թեմական խորհուրդն այս խորհրդակցության հանդիպման եզրակացությունների հիման վրա պատրաստի գրավոր հարցերի փաթեթ եւ ուսումնասիրի դրանց ներկայացնելու ճիշտ մեխանիզմը, կազմակերպի հանդիպում նախագահական թեկնածուների կամ նրանց ներկայացուցիչների հետ: ԻԻՀ նախագահական ընտրությունները տեղի կունենան մոտ մեկ ամիս հետո:
ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ԹՀԹ-ի պատգամավորական, Ժողովի անդամ, Թեհրան