- Եթե ԲՀԿ թեկնածուն ընտրվի քաղաքապետ, ինչպիսի՞ն կփորձեք դաձնել Երեւանը:
- Երեւանի քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ թեկնածուի ընտրության դեպքում քաղաքապետը, բնականաբար, կուսակցության աջակցությամբ, կփորձի Երեւանը դարձնել մայրաքաղաքի բնակչության եւ նրա հյուրերի համար անվտանգ, հարմարավետ, էկոլոգիական առումով բարենպաստ եւ ներդրումային գրավչություն ունեցող ժամանակակից քաղաք: Հասկանալի է, որ այսպիսի գլոբալ նպատակի իրականացումը բավականին երկար ժամանակ է պահանջում, սակայն դա չի նշանակում, որ այդ նպատակի իրականացումը տեսական հարթության վրա դիտարկվող խնդիրներից է: Մյուս կողմից, մեր պատկերացրած երեւանյան միջավայրի ձեւավորման ամենաիրատեսական ճանապարհը մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացումը, քաղաքաշինական, տրանսպորտային, մշակութային եւ բոլոր մյուս ոլորտներում առկա հիմնախնդիրների լուծումը ծրագրային հիմքերի վրա դնելն է, որի առումով մեր կուսակցությունը խիստ կարեւորել է գիտականորեն հիմնավորված հեռանկարային, միջնաժամկետ, տարեկան եւ նպատակային ծրագրերի համակարգի ներդրման հարցը: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ հենց այս մեկնակետից էլ սկսվում է Երեւանի ավագանու ընտրությունների` ԲՀԿ նախընտրական ծրագիրը:
- Առաջին հերթին ինչը կփոխեիք Երեւանում եւ որքա՞ն ժամանակում:
- Առաջնահերթ խնդիրներ Երեւանում այսօր շատ կան եւ շատ բան կցանկանայինք փոխել: Սակայն, իրատեսորեն գնահատելով մայրաքաղաքի ներկայիս վիճակը եւ առկա հիմնահարցերի լուծման հրամայականները, մեր կարծիքով, այնքան էլ արդարացված չենք համարում այդ հիմնահարցերն ըստ որեւէ առաջնահերթության լուծելու ռազմավարության կիրառումը, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ բազմաթիվ եւ բազմաբնույթ հիմնախնդիրների առկայության դեպքում այդ «առաջնահերթությունները», որպես կանոն, մնում են անփոփոխ: Ուստի, մենք կողմնակից ենք բոլոր խնդիրների լուծումները հենց առաջին իսկ օրվանից սկսելու ռազմավարությանը` հիմքում դնելով այդ լուծումների հետեւողականության, համալիրության եւ պրոֆեսիոնալիզմի սկզբունքները:
Նույնը կարելի է ասել նաեւ ժամկետների մասին, որովհետեւ խոշորամասշտաբ խնդիրների լուծման համար կոնկրետ ժամկետներ նշելն ինչ-որ տեղ «բախտագուշակության» է նմանվում: Համաձայնեք, որ նշված խնդիրների լուծումը ոչ միայն ժամանակ, այլեւ ֆինանսական, նյութական ու կադրային հսկայական ռեսուրսներ է պահանջում, որոնք ներկայումս սահմանափակ են: Ուստի այնպիսի իրատես կուսակցություն, ինչպիսին «Բարգավաճ Հայաստանն» է, չի կարող տուրք տալ ժողովրդահաճությանը եւ ոչ իրատեսական հայտարարություններ անելը: Եվ պատահական չէ, որ Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման մեր ներկայացրած ծրագիրը տարբեր փորձագետների կողմից համարվել է ամենաիրատեսականն ու հստակը:
- Ինչպե՞ս եք պատրաստվում շտկել քաղաքի խեղաթյուրված դիմագիծը:
- Իսկապես, Երեւանի երբեմնի ուրույն դիմագիծը բավականին խեղաթյուրվել է, որի շտկումը մեր կուսակցության համար շատ կարեւոր խնդիր է: Այս կապակցությամբ մեր տեսակետները բավականին մանրամասն ներկայացված են նախընտրական ծրագրում, մասնավորապես` հատուկ շեշտադրելով, որ ինչպես ներկայումս իրականացվող, այնպես էլ ապագայում իրականացման ենթակա քաղաքաշինական ծրագրերը եւ շինարարական նախագծերը պետք է կյանքի կոչվեն միմիայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխանելու դեպքում: Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում գործնականում վերջ տալ Երեւանի` թամանյանական ոգով կառուցված բնակելի, մշակութային, կրթական, հասարակական եւ այլ բնույթի շենքերի կամայական, մայրաքաղաքի ճարտարապետական դեմքը խեղաթյուրող, անճաշակ փոփոխություններին ու ինքնակամ կառուցապատմանը, որի համար, համոզված ենք, անհրաժեշտ է ձեւավորել ու օրենքով ամրագրել ապօրինության համար պատժի անխուսափելիության եւ հասցված վնասի փոխհատուցման համարժեքության ապահովման մեխանիզմներ:
Անհրաժեշտ է մշակել նաեւ քաղաքաշինական գոտեւորման եւ հողօգտագործման այնպիսի սխեմաներ, որոնք պետք է հստակ առանձնացնեն գործունեության որոշակի տեսակների համար օգտագործման թույլատրելի տարածքները, այդ տարածքներում քաղաքաշինական գործունեության շրջանակները, արգելեն այդ սխեմաներից դուրս քաղաքաշինական գործունեությունը, հողահատկացումները եւ հողօգտագործումը` հատուկ ուշադրություն դարձնելով բնակչության կյանքի պայմաններ ապահովող հասարակական տարածքների, հետիոտն գոտիների, հրապարակների, կանաչապատ տարածքների ընդլայնման եւ բարեկարգման հարցերին: