«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2009-05-21 | #93, 2009-05-22 | #94, 2009-05-23


Ո՞Վ Է ԱՐԺԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՉՄԱՆԸ

Կուսակցությունների ներկայացուցիչները ջանք չխնայեցին իրենց ծրագիրը գովաբանելու համար

Մինչեւ քաղաքապետի ընտրությունը մնացել է 9 օր: Փաստորեն որքան մոտենա մայիսի 31-ը, այնքան նախընտրական կրքերն ավելի են թեժանալու (հուսանք, որ կրակոցներ այլեւս չեն լսվի), խոստումները դառնալու են ավելի շռայլ, հասարակության շրջանում էլ մեծանալու է լարվածությունը:

Երեկ ՄԱԱ-ում ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի օժանդակությամբ տեղի ունեցավ «Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ» խորագրով քննարկում` մասնակցությամբ քաղաքապետի ընտրություններին առաջադրված կուսակցությունների ներկայացուցիչների: «Սկզբնական շրջանում ՀՀԿ ներկայացուցիչը որոշել էր սահմանափակվել միայն բակային հանդիպումներով, սակայն հետո փոխեցին իրենց տակտիկան: Այժմ ավելի մասշտաբային հանդիպումներ են իրականացնում: Օգտագործում են ադմինիստրատիվ ռեսուրսը` դպրոցականներ, հիմնարկի աշխատողներ եւ այլն», ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը :

Վերջինիս խոսքերով` ընտրություններին քաղաքական շեշտադրումը մեծացրել են, որովհետեւ իրենց համար լոկ քաղաքապետի ընտրություններ չեն: «Սա երկրում ավազակապետական ռեժիմի վերջը դնելն է: Երեւանը կդառնա այն վայրը, որտեղից կսկսվի սկիզբը», նկատում է Խաչատրյանը: ՀԱԿ-ում մտադրվել են առաջին հերթին փոխել համակարգը: «Կրիմինալը ոտքի է կանգնած: Նա գրավել է կառավարության վերին օղակները: Ամենամեծ վտանգը տեսնում եմ այստեղ: Գալիս են մարդիկ, ովքեր փորձ չունեն եւ իշխանական օղակ մտնելու հնարավորություն չպետք է ստանային: Կան 100 տոկոսանոց ցուցակներ, որոնք հայտնվել են դպրոցներում, տոնավաճառներում, հիվանդանոցներում: Ի դեպ, ՀԱԿ-ը հարցում է կատարել, համաձայն որի` ՀԱԿ-ի առավելությունը բացարձակ է, երկրորդում ԲՀԿ-ն է, երրորդը` իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն:

Նախընտրական 20-օրյա քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ում պարզել են, որ ժողովուրդը մտահոգված է քաղաքում արմատական փոփոխություններով: Միքայել Մելքումյանը նկատում է, որ Երեւանը վճռական նշանակություն է ունենալու երկրի զարգացման գործում: «Ծրագրում հիմքերի հիմքը կառավարման տրամաբանության եւ բովանդակության փոփոխությունն է: Մթնոլորտի փոփոխության անհրաժեշտություն կա: Քաղաքի կենսապահովումը պետք է կառավարեն մասնագետները: Երեւանի քաղաքապետն իրավասու պետք է լինի պահանջելու Երեւանում գործող ընկերությունների կատարած ներդրումների ցուցակը: Ջրամատակարարման եւ գազամատակարարման ընկերությունների հետ պետք է լինի համագործակցություն, որպեսզի բնակիչները չտուժեն», ասում է նա:

«Իսկ մեզ ի՞նչ եք բերել»: Բակային հանդիպումների ժամանակ ՀՅԴ-ի Ռուզան Առաքելյանին այս հարցը հաճախ են տվել: Սա թերեւս ամենից շատ է մտահոգում դաշնակցականներին, որովհետեւ այս կերպ արձանագրում են ժողովրդի բարոյալքում: Առաքելյանը նկատում է, որ Հայաստանում ձեւավորվել է խավ, որ անհամբեր սպասում է կաշառքի: Դաշնակցականների խոսքերով` իշխանության թեկնածուն (Գագիկ Բեգլարյան) շռայլ խոստումներ է տալիս, արմատական ընդդիմությունն էլ (Լեւոն Տեր-Պետրոսյան) միայն քննադատում է իշխանության գործելաոճը: «Մենք որպես ընդդիմություն մերժում ենք երկու ձեւերն էլ», հավելում է Առաքելյանը:

ՕԵԿ-ը ուշադրության կենտրոնում պահում է մանկապարտեզների խնդիրը: Ջուլյա Թադեւոսյանի խոսքերով Երեւանի ծայրամասերի մանկապարտեզները սարսափելի վիճակում են, հետեւաբար ընտրելու դեպքում պատրաստ են այդ ոլորտում աշխատել: Սակայն միայն կրթական բարեփոխումներով ՕԵԿ-ի ծրագիրը չի ավարտվում: Մեծ հույսեր են կապում, որ Երեւանը կդառնա տեխնոքաղաք, գիտական եւ մշակութային մտքի կենտրոն: «Գլխավոր նպատակը` Երեւանը մրցունակ քաղաք դարձնել»:

Ժողովրդական կուսակցությունում էլ են մտահոգված: Ըստ ԺԿ ներկայացուցիչ Հրաչ Վարդապետյանի ` հասարակության 90 տոկոսը գաղափար չունի կուսակցությունների ներկայացրած գաղափարական դրույթների վերաբերյալ: Վարդապետյանը նկատում է, որ ԺԿ-ն չափազանց մեծ առավելություն ունի «Որեւէ բան չենք արել, սակայն չենք էլ սխալվել», ասում է նա: Հետեւաբար իրենք մաքուր ու բաց են ընտրողների առջեւ:

ՀԱՍԿ-ից Մովսես Շահվերդյանն էլ փաստեց, որ ընտրությունները գաղափարական հենքի վրա դրված չեն. ժողովուրդն անտարբեր է ու իր ձայնը վաճառում է: Ըստ ՀԱՍԿ ներկայացուցչի` անտարբերության միակ մեղավորները իշխանություններն են: Եթե իրենք գան իշխանության, ապա կձեւավորեն նորմալ քաղաքական դաշտ:

ՀՀԿ-ից Արայիկ Հովհաննիսյանն էլ նկատում է, որ անցումը պետք է լինի սահուն, որպեսզի ժողովուրդը չտուժի: «Քվեն տալուց պետք է ժողովուրդը կարեւորի` կուսակցությունը խոսում է Երեւանի խնդիրների՞ մասին, թե՞ տարբեր բաներ խառնում: ՀՀԿ-ն իր խոստումներում համեստ է, որովհետեւ գիտակցում ենք, որ գալու է նաեւ իրականացնելու պահը: Անկախ հանգամանքից, թե ինչպիսին կլինի մայիսի 31-ն ու ինչ արդյունքներ կգրանցվեն, կցանկանայի, որ հունիսի 1-ը տոնեինք որպես երեխաների պաշտպանության օր», եզրափակեց նա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4