«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2009-05-21 | #93, 2009-05-22 | #94, 2009-05-23


ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ

Մեկնաբանում են ԱԺ պատգամավորները

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը կանխատեսում է, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական կտա: Երեկ այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը :

Ըստ Մարտիրոսյանի` հարկային փաթեթի քննարկման արդյունքը կարող է լինել կառավարության հրաժարականը, որի համար լուրջ նախադրյալ կարող են համարվել նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները:

Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի` իշխանության երկու թեւում էլ շատ են գործարարությամբ զբաղվողները, հետեւաբար ունեցվածքի վերաբաշխման պատճառով տեղի է ունենում շահերի բախում հենց կոալիցիոն գործընկերների մոտ:

Իսկ ինչո՞վ կարող է հիմնավորել իր կանխատեսումը` Արմեն Մարտիրոսյանը հարցին պատասխանեց. «Շատ պարզ է` Ազգային ժողովում վարչապետը մեծ հեղինակություն չունի»:

Տեսակետը ընդունելի է Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար. «Այս պահին դժվար է կանխատեսել այդպիսի հնարավոր ելքը, համենայն դեպս, մեր հիմնական խնդիրն է, որ կառավարությունը վերադառնա հայտարարված քաղաքականությանը` թե՛ 2008 թվականի ծրագրում ամրագրված նորմերին եւ թե՛ հակաճգնաժամային ծրագրերի իր հայտարարած մոտեցումներին: Հակառակ դեպքում, այո, հնարավոր է, որ անխուսափելի լինի հրաժարականը»:

Խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժի ներկայացուցիչների ենթադրությունները անհեթեթություն են համարում կոալիցիոն ուժերի պատգամավորները: Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի պատասխանը հետեւյալն է. «Պետք է հուսախաբ անեմ, որովհետեւ երկու օրենքն էլ անցնելու է, բայց պատգամավորների առաջարկությունների հիման վրա` ավելի լավ օրենքների տեսքով: Կառավարության հրաժարականի կանխատեսումներն այսօր չեն կարող լինել»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը , անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կանխատեսմանը, նշեց. «Ես, իհարկե, գիտեի, որ «Ժառանգությունը» շատ հնարքների է տիրապետում, բայց որ կանխատեսումներ ու գուշակություններ է անում, մեզ համար նորություն է: Կառավարության հրաժարականի խնդիր այսօր դրված չէ, եւ պատճառներ էլ չկան դրա համար»:

ՕԵԿ խմբակցության անդամ Արծրունի Աղաջանյանի դիտարկմամբ, ստվերի բացահայտումը ողջունելի է, սակայն փաթեթում նախատեսված մեխանիզմները կոշտ են: «Պետք է գործարարների հետ կառավարությունը քննարկում ծավալեր եւ նոր միայն փաթեթը ներկայացներ Ազգային ժողովին», հավելեց Աղաջանյանը: Երբ լրագրողները տեղեկացրին, որ օրենքների փաթեթի քննարկումներ ծավալվել են, նա ասաց. «Լսումներ լայն իմաստով չեն կատարվել»:

Դաշնակցությունը ողջունում է ՀՀ նախագահի համաներում հայտարարելու քայլը: «Հարկավոր էր դա ավելի վաղ անել», հայտարարեց խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: «Բայց սպանությունների դեպքերը պետք է բացահայտվեն ու դատապարտվեն: Առանց դրանց լիարժեք բացահայտման նոր «մարտի 1-երի» կանխումը հնարավոր չի լինի», հավելեց պատգամավորը:

Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4