2008 թ. հոկտեմբերից Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին կից, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործում է Շահերի պաշտպանության եւ աջակցման մարզային հակակոռուպցիոն կենտրոնը: Վերջինիս անցած կես տարվա գործունեությունը ներկայացվեց հիշյալ ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում, որտեղ հաղորդված տեղեկությամբ` այդպիսի մեկական կենտրոններ գործում են հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում:
Հակակոռուպցիոն կենտրոնի գործունեության նպատակն է մարզի բնակչությանն ընձեռել իրենց հանդիպած կոռուպցիոն դեպքերն արձանագրելու եւ պատկան մարմիններին բողոքներ ներկայացնելու հնարավորություն, այդ հարցերում նրանց անվճար տրամադրել ամեն տեսակ իրավաբանական աջակցություն, հրապարակայնացնել մարզում հակակոռուպցիոն արդարադատության գործընթացը, բացահայտել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենքների, որոշումների ու դրանց իրականացման թերությունները: Ինչպես ասուլիսում նշեց հասարակական այս կառույցի ղեկավար, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, անցած ամիսների ընթացքում տարբեր հարցերով կենտրոն է դիմել ընդհանուր առմամբ 105 քաղաքացի` գործող «թեժ հեռախոսագծի», էլեկտրոնային փոստի միջոցով կամ անձամբ այստեղ այցելությամբ: Դիմած քաղաքացիների մի մասը չեն ցանկացել ներկայանալ կամ խնդրել են իրենց անձը չբացահայտել: Կենտրոնի չորս երիտասարդ իրավաբանների կողմից նրանց տրամադրված իրավաբանական խորհրդատվություններից բացի տարբեր դեպքերի հետ կապված կազմվել են 5 բողոք եւ 10 դիմում, նախաձեռնվել է շահերի պաշտպանության երեք դատական գործ: Դատական գործերից երկուսը եղել են ընդդեմ Շիրակի մարզպետի` Գյումրու թիվ 19 հանրակրթական դպրոցի խորհրդի նախագահ Ռուզան Մովսիսյանի եւ նույն խորհրդի անդամ Ալվարդ Ղայթանջյանի առանձին հայցերով, որոնց համապատասխան լիազորությունները դադարեցվել են մարզպետի, Շահերի պաշտպանության կենտրոնի ձեւակերպմամբ` «անօրինական եւ անհեթեթ կարգադրությամբ», վերջինիս լիազորությունների վերազանցմամբ: Առաջին դեպքում հայցվորը գործի քննությունից հետո, մինչ վճռի հրապարակումը մահացել է: Վճռի հրապարակման օրը` ապրիլի 21-ին, ինչպես ներկայացվեց ասուլիսում, վարչական դատարանի դատավոր Էդ. Նահապետյանը վճիռ կարդալու փոխարեն դատարանի դահլիճում, մոտ 20 քաղաքացիների ներկայությամբ նստած եւ ցածրաձայն, հազիվ լսելի խոսել է գործի վերաքննության մասին: Իսկ մայիսի 18-ին դատավորի քարտուղարը կենտրոնի ղեկավարին հեռախոսով հաղորդել է, թե դատարանը որոշել է գործը կարճել, եւ իբր` այդ որոշումն ընթերցվել է նույն ապրիլի 21-ին: Երկրորդ` Ա. Ղայթանջյանի հարուցած դատական գործով նույն դատավորի կայացրած վճռով հայցը մերժվել է: Այս գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան:
Հակակոռուպցիոն կենտրոնն ի թիվս ներկայացված այլ գործերի, որոնք կապված են նաեւ տարբեր պետական մարմինների, նրանց պատասխանատուների գործողությունների հետ, իրեն դիմած քաղաքացիներին գործնական աջակցություն է ցուցաբերել, ասենք, անձնագրի ստացման, թոշակի չափի եւ այլ վիճահարույց հարցերում, օգնելով դրանց դրական լուծմանը: Ընթացիկ գործերից մեկն առնչվում է ժամկետային ծառայության մի զինվորի վիրահատության հետ կապված վեճին: Ըստ ներկայացված տեղեկությունների` 2008-ի մայիսին Աշոտ Ոսկանյանը բանակ է զորակոչվել «ծնկահոդի գերշարժունակություն, խոնդրոմալիացիա ֆունկցիայի աննշան խանգարում» ախտորոշմամբ, պիտանի համարվելով ոչ շարային ծառայության: Արդեն 2008-ի հուլիսին նա ընդունվել է Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալ` հետազոտման, ստացել զույգ ծնկահոդի աննշան արտահայտված գերշարժունակություն ախտորոշում: Երբ բուժման երկու հնարավոր համարված ելքերից մեկը` ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ բուժական ֆիզկուլտուրան չի օգնել, զինվորին, արդեն նաեւ Շիրակի կենտրոնի օգնությամբ կազմված ու պաշտպանության նախարարություն ուղարկված դիմումից հետո, վիրահատել են, բայց կատարել են ոչ թե պահանջվող «վիրահատական ջլամկանային պլաստիկա», որի վերաբերյալ նախապես եղել է երկու նույնանման պաշտոնական եզրակացություն, այլ աջ ծնկահոդի արթոսկոպիա եւ հոդի սանացիա: Վիրահատությունից հետո հիվանդի վիճակն ավելի է ծանրացել: Կենտրոնի իրավաբանների օգնությամբ կրկին կազմվել է բողոք` կից նամակով, որը մայիսի 5-ին ուղարկվել է ՀՀ վարչապետին եւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետին: Բողոքն այն մասին է, թե ի՞նչ իրավունքով են հիվանդ զինվորին բոլորովին այլ վիրահատության ենթարկել, քան այն, ինչ նախանշված է եղել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի 2008 թ. նոյեմբերի 24-ին եւ նրա տեղակալի նույն թվի դեկտեմբերի 29-ին ստորագրած եզրակացություններում: Հարցադրումը նաեւ այն է, թե ո՞վ պետք է պատասխան տա զինվորի սխալ բուժման եւ առողջական վիճակի վատթարացման համար:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ