Հղում կատարելով «Ազատություն» ռադիոկայանին, «Ազգ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին համաներում կհայտարարի: «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանելով այդ հրապարակումըՙ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը պարզաբանեց. «Լրագրողների հետ զրուցելիս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել համաներման հնարավորությունը` հայտնելով իր բարի ցանկությունը: Համաձայն ՀՀ սահմանադրությանՙ հանրապետության նախագահին է վերապահված նման առաջարկությամբ հանդես գալու իրավունքը, որից հետո միայն Ազգային ժողովն այն պետք է հայտարարի»: