Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղի հողատարածքներում «Արմենիան թեքնոլոջի գրուպ» (ATG) կազմակերպությունն իրականացնում է անվար ցանք: Երեկ այդ նոր տեխնոլոգիային տեղում ծանոթանալու նպատակով մարզ մեկնեցին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը : Ինչպես նրանց տեղեկացրեց ATG-ի տնօրեն Գագիկ Մկրտչյանը, անվար ցանքի մեթոդը կիրառվում է հիմնականում լեռնային եւ չորային վայրերում, որտեղ հացահատիկի արտադրությունը պահանջում է միջոցների տնտեսում: Այս եղանակի ամենակարեւոր առավելությունը սովորական ցանքի նկատմամբ ծախսերի կրճատումն էՙ 1 հա-ի համար 30-50 հազար դրամով: Ի տարբերություն ավանդական ցանքի, երբ գյուղացին առանձին վճարում է վարելու եւ ցանելու համար, նոր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հատուկ սարքավորումների միջոցով դրանք միաժամանակ կատարելու: Անվար ցանքի ժամանակ հողը ծածկում են ծղոտով, ինչի շնորհիվ խոնավությունը երկար է պահպանվում, կրճատելով նաեւ ոռոգման ծախսը: Որոշ դեպքերում ծղոտով ծածկելը պահպանում է ցանքը ցրտից: Անվար ցանքը նաեւ թեք տարածությունների մշակումն է արդյունավետ դարձնում: Ցանքի այս եղանակը թույլ է տալիս վառելանյութի եւ մեքենատրակտորային ծախսերը նվազեցնել 50 տոկոսով, աշխատուժինը` 40 տոկոսով: Գագիկ Մկրտչյանը հայտնեց, որ նման ցանք է իրականացվել նաեւ Շիրակի ու Լոռու մարզերում:
ATG-ն դիմել է կառավարությանը, խնդրելով տրամադրել 100 հազար դոլարին համարժեք գումար` ծրագիրը շարունակելու համար: Ըստ ATG-ի տնօրենի, ծրագրի արժեքի մյուս մասի ֆինանսավորումը կիրականացնեն Ֆրեզնոյում գործող ATG հիմնադրամը եւ մյուս գործընկերները:
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն, անդրադառնալով անվար ցանքի տեխնոլոգիային, նշեց, որ Հայաստանում հացահատիկային կուլտուրաների մեծ կարիք կա, իսկ արտադրողականությունը շատ ցածր է եւ շատ հետ ենք մնացել նոր տեխնոլոգիաների կիրառման առումով: «Սա շատ լավ սկիզբ կարող է լինել: Կարող ենք հաստատել պետական-մասնավոր համագործակցություն, այդպիսով մասնավորն ավելի մեծ ներդրումների կգնա եւ ռիսկեր կվերցնի իր վրա», համոզմունք հայտնեց նախարարը, ավելացնելով, որ փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնը կուսումնասիրի այս ծրագիրը եւ կհստակեցնի աջակցության տարբերակները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ