Երեկ լրանում էր Ձեր ծննդյան 85-ամյակը եւ ռադիոեթերից հնչող ձեր «Քեզ համար, Հայաստան» երգը ինձ այնքան հուզեց, որ նորից վերադարձա 1988-ի դեկտեմբերի 7-ի մռայլ հիշողությանը: Կան բաներ, որ չես կարող ջնջել քո հիշողությունից, ինչպես մանուկ ժամանակ թղթե նավակներ էինք պատրաստում եւ նետում գետը, ալիքները տանում էին այն հեռու-հեռու, մինչեւ սուզվում էր, կամ էլ անհետանում տեսողությունից: Տարիքի հետ այդ նավակն ավելի է հեռանում, բայց հիշողության մեջ այն շատ մոտ է մնում, համարյա շոշափելի: Այդպես էլ այդ օրը` առօրյայով հիմա հեռու է, բայց հիշողությամբ` ցավի չափ մոտ: Այդ գիշեր ամենացուրտն էր եւ ամենաաստղազարդը: Առաջին անգամ էր, որ ես չտեսա աստղերի գեղեցկությունը, ինձ թվաց, թե նրանք մարելու են եւ շատ ընտանիքների աստղեր մարեցին, աստղաթափ եղավ իմ ցավատանջ Գյումրիում: Բայց մի քանի օր հետո մի մեծ, լուսավոր աստղ եկավ լուսավորելու մեր մարած երկնակամարը, դա Շառլ Ազնավուր աստղն էր, որի հոգուց պոկված ջերմությունը եկավ մեր ձյուն-ճակատագիրը հալեցնելու եւ հարության ու լինելիության խորհուրդը մեզ տալու:
«Քեզ համար, Հայաստան» երգը աղոթքի պես իջնում էր ավերված քաղաքի քարերին ու փողոցին, խոնարհված եկեղեցու սրբատաշ քարերին ու խորանին եւ տեղ էր գտնում մեր ավերված սրտերում, արցունքի առվակներ հորդեցնելով մեր աչքերից, հիշեցնելով, որ մի վտիտ, փոքրամարմին հայորդի հեռվից մինչեւ Հայաստան մի սիրո կամուրջ է ձգել դեպի իր ժողովուրդը. վիշտը բուռ-բուռ տեղափոխելով իր վտիտ ուսերին, որ գարունները նորից ծաղկեն: Սիրելի երգիչ, քո ուղարկած փոքրիկ կոշիկները, որ այդ տարիներին բաժին ընկան 3-ամյա եղբորս որդուն, ես սրբությամբ պահել եմ, որ հետագայում այն փոխանցենք նրա որդուն: Այսօր այդ 3-ամյա մանկիկը 23-ամյա երիտասարդ է, որի 3-ամյա կոշիկներն ու 23-ամյա ոտնահետքերը նույն ճանապարհը պիտի անցնեն` երախտագիտության եւ սիրո ճանապարհ... որ կոչվում է ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ:
... Երեկ առավոտյան, երբ ոտքերս ուղղեցի դեպի Երեւանի ամենահին եկեղեցին` Կաթողիկե, մոմավաճառն ասաց, որ սիրելի Շառլ Ազնավուրը հենց նոր այստեղ էր եւ գնաց: Ես շատ ափսոսացի, որ մեր հանդիպումը չկայացավ, բայց կայացավ մի մեծ հանդիպումՙ իմ խոնարհումի աղոթքը ձուլվեց մեծ երգչի աղոթքին, որը Տիրոջ սեղանի առաջ, այն սեղանի, որի լույսի աղբյուրը նույնն է թե՛ գյումրեցի աղջկա եւ թե՛ մեծ երգչի համար:
ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ, Ազգային գրադարան, մատենագետ, գյումրեցի