«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2009-05-21 | #93, 2009-05-22 | #94, 2009-05-23


ԱՄԵՆԱՀԻՆ ԵՎ ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳԱՂԹՕՋԱԽՈՒՄ

Հարցազրույց Լիբանանում Հայաստանի Հանրապետության հավատարմատար Ռուբեն Խարազյանի հետ

- Պարոն Խարազյան, նախ ներկայացեք որպես Հայաստանի Հանրապետության հավատարմատար սփյուռքահայ ամենահին եւ ամենաբարդ գաղթօջախներից մեկի բնակավայր Լիբանանում: Ինչպե՞ս եք տեսնում Ձեր վաստակաշատ դիվանագիտական առաքելությունը այս բարեկամ երկրում ու «փոքր Հայաստանում», որտեղ գործում են դեռ ազգային, մշակութային, կուսակցական, քաղաքական կազմակերպությունների կենտրոններ, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

- Կրթությամբ արեւելագետ եմ, ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: 80-ական թվականներին աշխատել եմ որպես արաբերենի եւ ռուսերենի թարգմանիչ Ալժիրում եւ Լիբիայում: Սակայն հետագայում այնպես ստացվեց, որ արաբական աշխարհում շատ քիչ եղա: 1992-ի հունվարից աշխատել եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում` պետ. արարողակարգի ծառայությունում եւ Եվրոպայի վարչությունում: Երկու անգամ գործուղվել եմ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, արանքում մեկ տարի Հռոմում եմ աշխատել (2001-2002): Հիմա աշխատում եմ Լիբանանում եւ ուրախ եմ, որ նորից շփվում եմ արաբական աշխարհի հետ: Լիբանանը շատ հետաքրքրական երկիր է, նամանավանդ հայ դիվանագետի համար, նկատի ունենալով որ այստեղ գտնվում են, ինչպես ասացիք, ամենահին հայ գաղթօջախներից մեկը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, Հայ կաթողիկե կաթողիկոս-պատրիարք տանն Կիլիկիո Ներսես Պետրոս ԺԹ-ի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մ. Կարագյոզյանի նստավայրերը:

- Նախկին ՀՀ դեսպան պարոն Տեր-Ղեւոնդյանի մեկնումից հետո դուք ստանձնեցիք ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը եւ մինչեւ օրս նոր դեսպան չի նշանակվել: Որո՞նք են պատճառները, եւ մոտ ժամանակներս հայտնի դառնալո՞ւ է նշանակումը, մանավանդ որ Լիբանանում բազմաթիվ նոր իրադարձություններ են տեղի ունենում, նոր ընտրություններ, նոր քաղաքական եւ ազգային իրավիճակներ:

- Լիբանանը միակ երկիրը չէ, որտեղ դեսպան դեռեւս չի նշանակվել: Ինչպես ասաց նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանը Լիբանան կատարած վերջին այցի ժամանակ, մոտ ապագայում կլինեն նոր նշանակումներ:

- Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը, որ երկար տարիներ աշխատել է ինչպես Լիբանանում եւ Եգիպտոսում, այնպես էլ Մերձավոր Արեւելքի շատ երկրներում, իր վերջին այցով աշխուժացրել է հարաբերությունները Հայաստանի ու տարածաշրջանի միջեւ: Այսօր նոր իրավիճակներ են ստեղծվել դիվանագիտական արտաքին հարաբերություններում, արաբական աշխարհի թե՛ Թուրքիայի, կովկասյան երկրների թե՛ Արեւմուտք-Արեւելք գործընթացներում:

- Այո, պարոն Նալբանդյանի այցը նպատակ ուներ ակտիվացնելու նաեւ Հայաստան-Լիբանան հարաբերությունները: Կարծում եմ, որ հայ-լիբանանյան հարաբերությունները նոր լիցք կստանան առաջիկա հունիսի 7-ին Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վերսկսելու Հայաստան-Լիբանան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, ակտիվացնելու միջխորհրդարանական բարեկամության խմբերի համագործակցությունը: Կարեւորվեց նաեւ համագործակցությունը մշակութային ոլորտում: Նախատեսվում է Հայաստանի մասնակցությունը «Բեյրութը համաշխարհային գրքի մայրաքաղաք» ցուցահանդեսին, ինչպես նաեւ հոկտեմբեր ամսին ֆրանկաֆոն երկրների խաղերին: Ուշադրության կենտրոնում մնում է նաեւ տնտեսական համագործակցությունը: Ուրախալի է, որ չնայած վերջին տարիների տարածաշրջանի բարդ իրավիճակին, լիբանանյան երկու բանկերՙ «Բիբլոս»-ն ու «Կրեդիտ»-ը մասնաճյուղեր բացեցին Հայաստանում:

- ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արտաքին գործերի նախորդ նախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար (այժմ` ՀՀ նախագահ) Սերժ Սարգսյանը, նաեւ Լիբանանի Հանրապետության նախագահ Էմիլ Լահուդը, հանգուցյալ վարչապետ Ռաֆիկ Հարիրին եւ խորհրդարանի նախագահ Նեբիհ Բերրին փոխադարձ բազմաթիվ այցեր կատարեցին: Նախատեսվո՞ւմ են այդպիսի այցելություններ մոտ ժամանակներս:

- Պարոն Նալբանդյանը իր հանդիպումների ժամանակ առաջարկեց փոխայցելություններ կազմակերպել եւ փոխանցեց Լիբանանի ղեկավարներին նրանց գործընկերների հրավերները` այցելելու Երեւան: Հնարավոր է, որ որոշ պաշտոնական այցեր կկազմակերպվեն այս տարվա ընթացքում:

- Արդեն երկար ժամանակ Լիբանանում եք: Ինչպիսի՞ն են տպավորությունները լիբանանահայ գաղթօջախի մասին:

- Շատ երկրներում եմ տեսել հայկական գաղթօջախներ եւ կարող եմ ասել, որ ամենահզորն ու կազմակերպվածը Լիբանանում է: Այստեղ կան բազմաթիվ կրթօջախներ, եկեղեցական, ազգային, մշակութային հաստատություններ, ինչը մեծապես նպաստում է հայության ազգապահպանմանը: Խնդիրների մասին... Կարծում եմ, բոլորս գիտենք ե՛ւ խնդիրների, ե՛ւ դրանք հաղթահարելու ուղիների մասին: Ցանկանում եմ Լիբանանի հայությանը խաղաղություն եւ համերաշխություն, ինչն էլ ավելի կնպաստի մեր սիրելի հայրենիքի բարգավաճմանն ու հզորացմանը:

Հարցերն առաջադրեցՙ ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ, Բեյրութ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4