Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) ստեղծման իսկ օրից լայնամասշտաբ, բազմաբովանդակ գործունեություն են ծավալել Հայաստանում եւ Արցախում: Առանձնահատուկ են գիտության ու մշակույթի, գիտական ու ստեղծագործական մտավորականությանն օժանդակելու ուղղությամբ իրագործված ծրագրերը:
Հանրապետության համար ծանր տարիներին Ռուսաստանի հայերի միությունը, նրա նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսական օժանդակությամբ, աջակցություն ցուցաբերեց Գիտությունների ազգային ակադեմիային, որով լուծվեցին ջեռուցումից մինչեւ ժամանակակից տեխնիկական բազա ստեղծելու հարցերը:
Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ շուրջ 5 տարի առաջ ստեղծվեց Գրողների միությանը կից Համահայկական գրական հիմնադրամը, այնուհետեւ ակադեմիային կից Գիտության զարգացման հիմնադրամը, որի համանախագահներն են ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:
Գնալով փոխվում է գիտական ու ստեղծագործական մտավորականության հանդեպ վերաբերմունքի որակը, ժամանակի ոգուն համապատասխան փոխվում է նաեւ այդ աջակցության բովանդակությունը: Այսպես, 2007 թ. Կոնգրեսը Գրողների ու Ժուռնալիստների միությունների հետ անց է կացրել լավագույն ստեղծագործության մրցանակաբաշխություն: 2008 թ. մրցանակաբաշխությանը միացան նաեւ Գիտությունների ազգային ակադեմիան, Նկարիչների, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունները:
Մրցանակաբաշխությունները հայտարարվել էին հետեւյալ թեմաներով.
- «Հայը 21-րդ դարասկզբին» (Հայաստանի գրողների միություն)
- «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» (Հայաստանի ժուռնալիստների միություն)
- «Լավագույն գիտական աշխատանք» (ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա)
- «Հայաստանը եւ հայաստանցիները նկարչի աչքերով» (Հայաստանի նկարիչների միություն)
- «Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ստեղծագործական ձեռքբերում» (Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություն):
Ավելանում են ոչ միայն մրցույթներում ընդգրկված ստեղծագործական միությունների, գիտական կազմակերպությունների շարքերը, այլեւ այդ հայրենանվեր նախաձեռնությանը մասնակցող գործարարների թիվը: Օրինակ, Գիտության զարգացման հիմնադրամի առաջին ներդրումն արվեց Արա Աբրահամյանի կողմից, շատ չանցած հիմնադրամի միջոցները համալրեց Գագիկ Ծառուկյանը: Այս մրցանակաբաշխությունն էլ բացառություն չէ: Նախորդ տարի մրցանակային ֆոնդը ձեւավորել էր Արա Աբրահամյանը: Իսկ այս տարվա մրցանակաբաշխության հովանավորն է, իր բարեգործությամբ հայտնի, «Տաշիր» ընկերությունների միավորման նախագահ Սամվել Կարապետյանը:
Մրցութային հանձնաժողովներն արդեն ամփոփել են արդյունքները: Մրցանակների են արժանացել գիտական եւ ստեղծագործական մտավորականության 34 ներկայացուցիչ, որից գրողներ` 4, կոմպոզիտորներ` 8, նկարիչներ` 9, ժուռնալիստներ` 8, գիտնականներ` 5:
Մայիսի 25-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ռուսաստանի հայերի միության ադամանդակուռ «Ոսկե խաչ» շքանշանները կստանան իրենց 80-ամյա հոբելյանները տոնած Հովհաննես Չեքիջյանը եւ Ջիվան Գասպարյանը:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Ժ.12:00-ին Կառավարության ընդունելությունների տանը (Մաշտոցի 47) տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ասուլիսը: