«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2009-05-21 | #93, 2009-05-22 | #94, 2009-05-23


ԵՎՐՈԳԱՎԱԹՆԵՐԸ ՆՈՐ ՄՐՑԱԿԱՐԳՈՎ

Հունիսի 22-ին հայտնի կդառնան հայկական թիմերի մրցակիցները

Հունիսի 22-ին շվեյցարական Նիոն քաղաքում տեղի կունենա եվրոգավաթների 2009/10-ի մասնակիցների վիճակահանությունը: Այդ օրը հայտնի կդառնան նաեւ Հայաստանի թիմերի մրցակիցները: Ինչպես հայտնի է, մեր երկիրը եվրոգավաթներում ներկայացնելու իրավունք են ստացել «Փյունիկը», «Արարատը», «Գանձասարն» ու «Բանանցը»: Ճիշտ է, առայժմ «Արարատի» մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ ՀՖՖ-ն արտոնագիր չի տրամադրել ակումբին անհրաժեշտ փաստաթղթերի թերի լինելու պատճառով: «Արարատ» ակումբը ներկայացրել է դրանք եւ դիմել է ՀՖՖ` խնդրելով վերանայել որոշումը եւ արտոնագիր տրամադրել: Այդ հարցը պետք է որոշվի մայիսի 26-ին կայանալիք նիստում: Եթե արտոնագրման բաժինը մերժի «Արարատի» խնդրանքը, ապա նրա փոխարեն եվրոգավաթներին կմասնակցի «Միկան»:

Եվրոգավաթների նոր խաղարկության մրցակարգում որոշակի փոփոխություններ են կատարվել, որոնք առաջարկել էր ՈւԵՖԱ-ի նորընտիր նախագահ Միշել Պլատինին: Այդ նորամուծություններին հավանություն էր տվել 2007-ի նոյեմբերին կայացած ՈւԵՖԱ-ի գործկոմը: Եթե նախկինում չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 32 մասնակիցներից 16-ն էին առանց նախնական հանդիպումների ընդգրկվում ուժեղագույնների շարքում, ապա այժմ դրանց թիվը կլինի 22-ը: Ինչպես եւ նախկինում, 32 թիմերը կբաժանվեն 8 խմբի, որոնցում 2-ական ուժեղագույնները կշարունակեն պայքարը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած թիմերն իրավունք կստանան մասնակցելու Եվրոպայի լիգայի խաղարկությանը:

Նոր մրցակարգով որակավորման փուլը 3-ի փոխարեն բաղկացած կլինի 4-ից: Առաջին փուլին կմասնակցեն ընդամենը 6 թիմեր` ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում 48-53-րդ տեղերը զբաղեցնող երկրների ներկայացուցիչները, որոնք վիճակահանությամբ կբաժանվեն զույգերի ու կվիճարկեն հաջորդ փուլի ուղեգրերը:

ՀՀ չեմպիոն «Փյունիկը» կմեկնարկի 2-րդ փուլից: Ակումբի ղեկավարությունն այս տարի բավական լուրջ է տրամադրված եւ եվրոգավաթների շեմին մտադիր է թիմն ուժեղացնել լեգեոնականներով: «Փյունիկը» նպատակադրվել է փորձել մտնել չեմպիոնների լիգայի խմբային մրցաշար: Ինչ խոսք, այդ խնդիրը շատ դժվար է: Բայց ամեն դեպքում գովելի է ակումբի ղեկավարության ձգտումը: Ընդ որում, եթե «Փյունիկին» հաջողվի գոնե մտնել որակավորման 3-րդ փուլ, ապա նույնիսկ պարտվելու դեպքում իրավունք կստանա պայքարը շարունակելու Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Իսկ եթե հաջողվի հաղթահարել նաեւ 3-րդ փուլը եւ պարտվի 4-րդ փուլում, ապա պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում: Իսկ դա նշանակում է, որ մեր չեմպիոնը նվազագույնը եւս 6 հանդիպում կանցկացնի Եվրոպայի լիգայում: Դա հսկայական փորձ կլինի մեր ֆուտբոլիստների համար եվրոգավաթներում: «Փյունիկը» որակավորման 2-րդ փուլի հանդիպումները կանցկացնի հուլիսի 14/15-ին եւ 21/22-ին: Կոնկրետ օրերը կճշտվեն հետագայում:

Ինչպես հայտնի է, նոր մրցաշրջանում ՈւԵՖԱ-ի գավաթի փոխարեն խաղարկվելու է Եվրոպայի լիգայի գավաթը: Հիմնական նորամուծությունն այն է, որ այստեղ էլ գործելու է խմբային մրցաշարը: 48 թիմերը բաժանվելու են 12 խմբերի: Իսկ մինչ այդ տեղի կունենան որակավորման 4 փուլերի հանդիպումները:

Ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ Հայաստանն ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը: Ըստ այդմ էլ Հայաստանի առաջնության 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները պայքարը կսկսեն որակավորման 1-ին փուլից, իսկ «Բանանցը» որպես գավաթի եզրափակիչի մասնակից պայքարի մեջ կներգրավվի 2-րդ փուլից: Իհարկե, մեր թիմերի համար ռեալ չէ խմբային մրցաշարի 48 մասնակիցների մեջ ընդգրկվելը, սակայն պետք է պայքարել: Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի հանդիպումները կայանալու են հուլիսի 2-ին եւ 9-ին, 2-րդ փուլինը` հուլիսի 16-ին եւ 23-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4