Համոզմունք հայտնեց ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Լավագույն ստեղծագործությունների այս տարվա մրցանակաբաշխության կապակցությամբ, որն անց է կացվում Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի (ՀՀԿ) նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, երեկ կառավարությության ընդունելությունների տանը մամուլի ասուլիսով հանդես եկավ այդ կառույցների նախագահ Արա Աբրահամյանը : Նա նշեց, որ Գիտությունների ազգային ակադեմիային եւ ստեղծագործական միություններին աջակցելը իր ղեկավարած կազմակերպությունների առաջնահերթ հարցերից է: Արա Աբրահամյանի համոզմամբ, պետք է մոդայիկ դառնա մեր գիտության, արվեստի, մշակույթի, գրականության գործիչներին խրախուսելը: ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահը հայտնեց, որ եկող տարի լրանալու է Ռուսաստանի հայերի միության ստեղծման 10-ամյակը, այդ կապակցությամբ Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի կունենա հանդիսավոր արարողություն: Եկող տարի այս մրցանակները կհանձնվեն այդ արարողության ժամանակ, որին ակնկալվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությունը:
Ռուսաստանի հայերի միության գործունեության մասին խոսելով, Արա Աբրահամյանը կարեւորեց այն միասնականությունը, որ դրսեւորում են միության եւ Ռուսաստանի հայ համայնքը ու հայկական այլ կազմակերպություններ: Նա հայտնեց, որ միությունն այսօր 642 մասնաճյուղեր ունի Ռուսաստանի 70-ից ավելի մարզերում: ՌՀՄ նախագահը հիշատակեց հատկապես Կրասնոդարի հայ համայնքի ակտիվությունը, տեղեկացնելով, որ Սոչի քաղաքի վերջին ընտրությունների մասնակիցների 45 տոկոսը հայեր են եղել, որոնք կարող են ընտրել այն մարդուն, որն ավելի հայանպաստ գործունեություն է իրականացնում:
ՌՀՄ-ի տարբերությունն այլ երկրներում գործող հայկական կազմակերպություններից, ըստ Արա Աբրահամյանի, այն է, որ միությունը կարող է անմիջական կապ հաստատել Ռուսաստանի ղեկավարների եւ նախագահի հետ: Մինչդեռ այլ համայնքներում, հատկապես ԱՄՆ-ում, հայերը միասնական չեն գոնե մեզ համար առավել կարեւորություն ներկայացնող 3-4 հարցերում: ՌՀՄ նախագահի կարծիքով, ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները մեծ գործ են անում շատ հարցերում, բայց երկրի իշխանությունների հետ անմիջական կապ չունեն: Մինչդեռ տվյալ երկրի իշխանություններն էլ ցանկանում են որպես գործընկեր ունենալ միասնական դիրքորոշում ունեցող հայ համայնք: Իսկ հայկական կազմակերպություններից շատերը միմյանց նկատմամբ թշնամաբար են տրամադրված:
Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններին անդրադառնալով, Արա Աբրահամյանն այն կարծիքը հայտնեց, որ իշխանություններին միշտ էլ կարելի է քննադատել, բայց պետք է լինել օբյեկտիվ եւ լավ գործերն էլ ասել:
Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, ըստ ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահի, շատ կարեւոր է եւ պետք է շարունակվի: Այդ երկխոսությունը, նրա համոզմամբ, պետք է տեղի ունենա ոչ միայն նախագահների կամ արտգործնախարարների մակարդակով, այլեւ բիզնեսի, մշակույթի, արվեստի գործիչների եւ հասարակությունների միջեւ: Միաժամանակ, Արա Աբրահամյանն ասաց, որ հայ-թուրքական սահմանի բացմանը բացասաբար կվերաբերվեն, եթե դա կապվի ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղի հետ: «Ցեղասպանությունը չի կարող առեւտրի առարկա լինել», ասաց նա: Ցեղասպանության միջազգային ճանաչման առումով ժամանակին Ռուսաստանի հայերի միությունը, 21 միջազգային ճանաչում ունեցող իրավաբանների եզրակացությամբ, առաջարկել էր Հայաստանի իշխանություններին դիմել միջազգային դատարան: Սակայն պատասխան էին ստացել, որ դեռեւս վաղ է դա անելը եւ հիմա չեն կարող գնալ դրան:
Ռուսաստանի վրա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի անդրադարձի վերաբերյալ տրված հարցին պատասխանելով, Արա Աբրահամյանը անհավանական համարեց, որ առաջիկա ամիսներին վիճակը Ռուսաստանում կլավանա: Նա Ռուսաստանի վիճակը եւ տեղի հայությանը կարեւորեց հատկապես այն առումով, որ այնտեղ բնակվող հայերի 70 տոկոսից ավելին հարազատներ ունեն Հայաստանում եւ դրամական փոխանցումներ են կատարում նրանց: ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահը հույս հայտնեց, որ եկող տարի իրավիճակն այդ երկրի տնտեսության մեջ ավելի կայուն կլինի եւ վերելք կսկսվի: