Նորերս Գրոզնի քաղաքում մահապարտի իրագործած պայթյունը, հարեւան Ինգուշիայում գրոհայինների խոշոր բախումը միլիցիոներների հետ կտրուկ սրեցին առանց այդ էլ բարդ իրավիճակը Հյուսիսային Կովկասում: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարեց համաներումը չեղյալ համարելու եւ բանդիտների դեմ անողոք պայքար ծավալելու մասին: Կովկասյան երկու հանրապետությունների ղեկավարները հանդիպեցին եւ որոշեցին համատեղ գործողություններ ձեռնարկել ու անխնա ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր դիմադրություն ցույց կտան: Չեչնիայի լեռնային տարածքը բաժանելով երեք հատվածի, նշանակվեցին պատասխանատու անձինք, որոնց առջեւ խնդիր է դրված հայտնաբերել ու չեզոքացնել ավազակախմբերը: Ես միանգամայն վստահ եմ, հայտարարեց Կադիրովը, որ առաջիկայում դրանցից ոչինչ չի մնա:
Ըստ երեւույթին, իրականանում են ռուսաստանցի որոշ փորձագետների այն մռայլ կանխատեսումները, որ ամռանը Կովկասում նոր պատերազմական գործողություններ կծավալվեն: Դրան էապես կարող են նպաստել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց միջոցով, ըստ ռուսների, Արեւմուտքը եւ առաջին հերթին ԱՄՆ-ը մշակում են Կովկասի որեւէ կոնֆլիկտի «միջազգային ուժերով միջամտելու» ռազմական մեխանիզմը:
Դեռ վերջերս Չեչնիայում իրադրությունն անհամեմատ խաղաղ էր դարձել, դաշնային իշխանությունները չեղյալ համարեցին հակաահաբեկչական գործողության ռեժիմը: Սակայն Հյուսիսային Կովկասի անխռովությունը չի կարող «չանհանգստացնել» Ռուսաստանի ապակայունացման մեջ շահագրգռված պետություններին: Իրավիճակը բարդանում է նաեւ առհասարակ հյուսիսկովկասյան մուսուլմանական կազմավորումների էթնիկական, տոհմային ու կրոնական հակասական յուրահատկությունների առկայությամբ: Անշուշտ գրոհայինների ու ահաբեկիչների մեջ կան նաեւ վարձկաններՙ արտասահմանցի թե տեղացի: Սակայն, ասենք, Չեչնիայում կառավարող Կադիրովների ցեղի դեմ պայքարում են նաեւ նրա դեմ թշնամաբար տրամադրված վահաբիստական «իշխանազուրկ» ուրիշ ցեղեր: Այնպես որ օտարերկրյա հատուկ ծառայությունները պարարտ հող ունեն քայքայիչ գործունեության համար:
Ռուսաստանում Կովկասի հետխորհրդային գործընթացների զարգացման մեջ հատուկ դեր են հատկացնում ԱՄՆ-ի պետքարտուղարիՙ Կովկասի եւ Հարավարեւելյան Եվրոպայի հարցերով օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային, որի սկանդալային շատ հայտարարություններ քաջ գիտեն նաեւ Հայաստանում (այն տպավորությունն է, որ այստեղ նրան նույնիսկ հումորով են ընկալում): Բրայզայի ծառայությունն են համարում այն իրողությունը, որ Կովկասի ներկա խնդիրները շաղկապվում են միասնական աշխարհաքաղաքական հանգույցում: Սկսելով ղարաբաղյան կարգավորման մասնավոր խնդրից, նա սկսեց պարզորոշ հասկացնել, որ ԱՄՆ-ի շահերին համապատասխանող մեկուսացված որոշում այստեղ չի կարող լինել, դրա համար էլ պետք է վերաձեւաչափել ողջ կովկասյան իրադրությունը, առավելագույնս թուլացնելով ու այդ շրջանակից հնարավորինս դուրս մղելով Ռուսաստանին: Այդ նպատակով անհրաժեշտ է կոորդինացնել ու համախմբել տարածաշրջանի բոլոր պոտենցիալ ուժերինՙ Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին, Հյուսիսային Կովկասի անջատողականներին:
Հասկանալի է, որ այս համադրույթը բխում է ԱՄՆ-ի ներկայիս կառավարող Դեմոկրատական կուսակցության հակառուսական քաղաքականությունը ձեւավորող վերնախավի դիրքորոշումներից: Եվ այդ իմաստով, որոշ ռուս վերլուծաբանների կարծիքով, պաշտոնական Վաշինգտոնն ամեն ինչ անում է հակամոսկովյան կովկասյան միասնական ճակատի մեջ ներքաշելու նաեւ Հայաստանին: Համենայն դեպս այստեղ շանտաժի ու ճնշման արտահայտություն համարվեց «Էխո Մոսկվի» ռադիոկայանով ունեցած հարցազրույցում Բրայզայի արած հայտարարությունըՙ փուլ առ փուլ, փախստականների հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու մասին:
Ինչեւէ, պատերազմի հրդեհը, իրոք, կարող է բռնկվել Հյուսիսային Կովկասում: Բայց ով ասաց, որ դա բացառվում է տարածաշրջանի մնացյալ թեժ կետերում:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա