«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2009-05-22 | #94, 2009-05-23 | #95, 2009-05-26


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՇԱԲԱԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունները, 2008 թ. օգոստոսյան ռուս-վրացական զինված բախումն ու նրա շուրջը ծավալվող իրադարձությունները, ածխաջրածնային պաշարների տարանցման միջազգային ծրագրերը, անվտանգային նոր ճարտարապետության ձեւավորումը եւ հարակից այլ գործոններ հարավկովկասյան տարածաշրջանը սերտորեն ներառել են աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, որի պատճառով այն վերածվել է գերտերությունների ու տարածաշրջանային դերակատարների շահերի բախման հիմնական կենտրոններից մեկի:

Խնդիրների բազմազանությունն ու հրատապությունը առաջադրում են քաղաքական-անվտանգային ու գիտավերլուծական համարժեք գնահատումների պահանջ: Նախանցյալ շաբաթ Երեւանում անցկացվեցին միջազգային երկու նպատակային համադրմամբ պլանավորված փոխլրացնող խորհրդաժողովներ` քաղաքական ձեւաչափով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ «Անվտանգությունը եւ համագործակցությունը կովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջը» եւ փորձագիտական ձեւաչափով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի վերագնահատում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ կերպափոխում» գիտաժողովները:

«Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի վերագնահատում. տարածաշրջանային հակամարտություններ, կայունություն եւ կերպափոխում» միջազգային գիտաժողովը տեղի ունեցավ 2009-ի մայիսի 14-15-ը Երեւանում, կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի եւ Լիոնի «Ժան Մուլեն» համալսարանի Պաշտպանության եւ միջազգային անվտանգության հետազոտությունների կենտրոնի կողմից: Աշխատանքներին մասնակցում էին անվտանգային խնդիրներով զբաղվող շուրջ 20 փորձագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Նորվեգիայից եւ Մեծ Բրիտանիայից:

Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը : Նա շեշտեց նման կոնֆերանսների անցկացման անհրաժեշտությունն ու դրանց օգտակարությունն առկա խնդիրների շուրջը տեսակետների փոխանակման առումով: Նախարարը նշեց, որ Հայաստանի համար անմիջական ռազմական սպառնալիքներ են ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում կողմերի միջեւ հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխհամաձայնեցված քաղաքական-իրավական հիմքերի բացակայությունը, Ադրբեջանի կողմից ռազմական գերակայության հասնելու եւ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժի կիրառմամբ լուծելու ձգտումը: Ս. Օհանյանը ընդգծեց, որ Ադրբեջանը բազմակի գերազանցել է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված սահմանափակումները, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում հաստատված «փխրուն կայունությանը»: Բացի այդ, այն ուղեկցվում է հակամարտությունը զինված ուժի կիրառմամբ լուծելու ամենաբարձր մակարդակից հնչող հայտարարություններով:

Կարեւորելով գիտաժողովի անցկացումը, Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը անցյալ տարվա օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն իր ելույթում գնահատեց ինչպես նոր սպառնալիքների, այնպես էլ նոր հնարավորությունների դիտանկյունից:

Կոնֆերանսում հնչած ելույթները վերաբերում էին տարածաշրջանային հակամարտություններին, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության դերակատարությանը, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների` անվտանգության առաջնահերթությունների ընկալումներին:

Հանրաքվեի, որպես Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման գործիքի խնդրին էր նվիրված ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի ելույթը: Զեկուցման մեջ այն դրույթի հիմնավորումը, թե տարածաշրջանային անվտանգության շահերից է բխում ղարաբաղյան խնդրի կարգավորման համար համանախագահների կողմից առաջարկվող հանրաքվեն անցկացնել ոչ թե փախստականների վերադարձից հետո, ինչը կստեղծի պայթյունավտանգ իրավիճակ, այլ իրականացնել հայ եւ ադրբեջանցի բնակչության ներկա բնակության վայրերում` ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի վերահսկողությամբ: Միաժամանակ հակամարտության լիարժեք կարգավորման համար հրամայական է դարձել ղարաբաղյան կողմի վերադարձը բանակցային գործընթաց:

ՀՀ ազգային անվտանգային համակարգի բնութագրմանն էր նվիրված «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն»-ի տնօրեն Ռ. Կիրակոսյանի զեկուցումը, որի գնահատմամբ` Հայաստանը ռազմավարական մեծ նշանակություն ունի Արեւմուտքի ու Ռուսաստանի համար եւ ազգային անվտանգությանը սպառնալիքներին ՀՀ արձագանքները պետք է լինեն դինամիկ ու մշտական:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիներին եւ հայ-թուրքական հարաբերությունների գնահատմանն էին նվիրված Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի ելույթները: Նրանց գնահատմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգիռ է նաեւ Թուրքիան, սակայն այդ խնդրի շուրջն այնտեղ եւս չկա միասնական կարծիք: Ս. Զոլյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է նպաստավոր լինել Արցախյան հարցի կարգավորման գործընթացի համար:

Գիտաժողովում մեծ տեղ էր զբաղեցնում նաեւ ռուս-վրացական հակամարտության խնդիրների եւ տարածաշրջանում նրա հետեւանքների քննարկումը: Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի` Բաքվում գտնվող Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Թոռնիկե Գորդաձեն ռուս-վրացական հակամարտությունը վերագրում է Ռուսաստանի վարած հետեւողական միակողմանի քաղաքականությանը: Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի էթնիկ հարաբերությունների բաժնի ղեկավար Ս. Մարկեդոնովի դիտարկմամբ, վրաց-օսական ու վրաց-աբխազական հակամարտություններում Ռուսաստանն այլեւս խաղաղապահի կարգավիճակում չէ, ինչպիսին էր մինչ օգոստոսյան իրադարձությունները, այլ անվտանգության երաշխավոր` Աբխազիայում եւ Հր. Օսիայում:

Ռուս-վրացական հարաբերությունների ներկա վիճակի եւ հնարավոր զարգացումների առնչությամբ հետաքրքրական էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի ԱՊՀ կենտրոնի ղեկավար Սերգեյ Ժիլցովի , Միջազգային հարաբերությունների ասոցիացիայի նախագահ Լեւան Ցուցկիրիձեի եւ Թբիլիսիի Իլյա Ճավճավաձեի անվան համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Նիկա Չիտաձեի ելույթները եւ մեկնաբանությունները: Դրանք եւս փաստեցին, թե կողմերի տեսակետները անցյալ տարի օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների եւ հետեւանքների մասին մնացել են անփոփոխ:

«ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում. ուղեղներ, ոչ թե մկաններ» զեկուցման մեջ Ջ. Քիգլը (Ազգային պաշտպանական համալսարան, Վաշինգտոն) ներկայացրեց Հարավային Կովկասի հանրապետություններում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերը եւ նրանց առանձնահատկությունները: «ԵՄ եւ Հարավային Կովկասը» զեկուցման մեջ Լ. Դելկուրը (Փարիզի Միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտ) ներկայացնելով Եվրոմիության կողմից Հարավային Կովկասի երկրներում իրականացվող ծրագրերն ու նախագծերը, դրանք գնահատեց ոչ բավարար` ընդգծելով դրանց հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:

Տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականության եւ հայ-թուրքական հարաբերությունների առումով ուշագրավ էր Անկարայի տնտեսագիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդինի ելույթը, որը Թուրքիայի քաղաքականության հետօգոստոսյան փուլը բնորոշեց որպես «ռիթմիկ դիվանագիտության» ժամանակաշրջան, ինչը կոչված է փոփոխություն մտցնելու տարածաշրջանի երկարամյա ստատուս քվոյի մեջ: Անկարայի Տեխնիկական համալսարանի եվրոպական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Բուրչու Գյուլթեքինի հաղորդմամբ, ՀՀ-ի հետ ճանապարհների բացման դեպքում Ադրբեջանը սպառնում է շրջվել Թուրքիայից դեպի Ռուսաստան, իսկ նրանց միջեւ տարաձայնությունները գնահատվում են որպես կոմերցիոն բնույթի վեճ: Տարածաշրջանային նոր ձեւափոխումներին ու զարգացումներին էին վերաբերում Ալ. Իսկանդարյանի (ՀՀ), Ս. Ջ. Դեհղանի (Իրան) եւ Թ. Պողոսյանի (ՀՀ) վերլուծությունները:

Կոնֆերանսը եւս մեկ անգամ հաստատեց, որ չնայած առկա բազմաթիվ տարաձայնություններին` Հարավային Կովկասում տեւական կայունության եւ խաղաղության հաստատման միակ հնարավոր ճանապարհը կողմերի միջեւ երկխոսության ու համագործակցության կայացումն է:

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն ակտիվորեն համագործակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի գիտահետազոտական եւ վերլուծական կենտրոնների հետ: 2008-ի հոկտեմբերին ինստիտուտն անվտանգային խնդիրներին նվիրված գիտաժողով էր կազմակերպել Հարվարդի համալսարանի սեւծովյան տարածաշրջանի անվտանգության հիմնահարցերով զբաղվող կենտրոնի հետ: Նման կոնֆերանսների անցկացումը նպաստում է տարածաշրջանում շահեր ունեցող ուժային կենտրոնների փորձագիտական շրջանակների հետ հարաբերությունների խորացմանը եւ առկա խնդիրների վերաբերյալ քննարկումների անցկացմանն ու գաղափարների փոխանակմանը:

ՀՀ ՊՆ ԱՌՀԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4