Դա տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորման լուրջ հայտ է
Մայիսի 24-ին Թեհրանում գումարվեց «Անվտանգության եռակողմ գագաթաժողով», որին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ մասնակցում էին Պակիստանի նախագահ Ասեֆ Ալի Զերդարին եւ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը: Գագաթաժողովի ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվել է ահաբեկչության, արմատական հոսանքների եւ թմրանյութերի առեւտրի դեմ պայքարելու նրանց վճռականությունը, ընդգծվել է սահմանների անվտանգության ապահովման հարցում մասնակից երեք երկրների համատեղ գործունեության կարեւորությունը, ելնելով Իրանի, Պակիստանի եւ Աֆղանստանի պատմամշակութային ընդհանրություններից, մատնացույց է արվել, որ գագաթաժողովի մասնակից երկրների համագործակցությունը տարբեր բնագավառներում դրական հետեւանքներ է ունենալու ինչպես կողմերի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար: Կողմերը միաժամանակ հանգել են բարգավաճման եւ զարգացման հարցերում միմյանց կուտակած փորձից օգտվելու եզրակացության:
Տարածաշրջանի քաղաքական զարգացումների համար կանխորոշիչ նշանակություն ունեցող այս եռակողմ գագաթաժողովը, առավել եւս մասնակիցների «բոլոր բնագավառներում համագործակցելու, անվտանգության համատեղ ծրագիր իրականացնելու, միմյանց կուտակումներից եւ փորձից օգտվելու» համատեղ հայտարարությունը, ինչպես եւ ենթադրվում էր, վրիպեց աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների ուշադրությունից: Թերեւս դրա պատճառը գագաթաժողովի Իրանի հովանավորությամբ հենց այդ երկրում անցկացումն էր:
Ի՞նչ առումով, այն, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը ցանկանում է Իրանին տեսնել միջազգայնորեն մեկուսացված, ներքաղաքական կյանքում անկայուն, տնտեսապես թույլ եւ հատկապես տարածաշրջանի երկրների աջակցությունից զուրկ: Իսկ Իրանը շարունակում է ոչ միայն մեծ հեղինակություն վայելել եւ դիրքեր ամրապնդել այդ երկրներում, այլեւ «Անվտանգության եռակողմ գագաթաժողովի» միջոցով իր հովանու ներքո համախմբել Աֆղանստանին եւ Պակիստանին, որ լուծումներ առաջադրի այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են հակաաֆղանական անվերջանալի պատերազմը, ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի քողի տակ Պակիստանում իրականացվող ապարդյուն ռազմական գործողություններն ու տարածաշրջանում անընդմեջ ծավալվող ահաբեկչությունը:
Ավելին, 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատրվակով ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցությամբ ներխուժել էր Աֆղանստան, օգտագործելով հակաաֆղանական պատերազմի առիթը, ռազմական ներկայություն էր ապահովել Միջին Ասիայում եւ Կովկասում: Դրան հետեւել էին Ուկրաինայի, Վրաստանի գունավոր հեղափոխություններն ու այդպիսի հեղափոխության անհաջող փորձը Ուզբեկստանում, որից հետո նախագահ Իսլամ Քարիմովը երկրից նախ վտարել էր «Սորոս» հիմնադրամին, այնուհետեւ փակել ամերիկյան ռազմաբազան: Փակման պայմաններում այդ բազան փոխադրվել էր գունավոր մեկ այլ հեղափոխության ականատեսը դարձած Ղրղզստան:
2001-ին սկսած հակաաֆղանական պատերազմն ընդամենը մարդկային զոհերի պատճառ է դառնում: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերին առ այսօր չի հաջողվում վերահսկել նույնիսկ երկրի մայրաքաղաք Քաբուլը: Պակիստանում ԱՄՆ կորցրել է դիրքերը: Լուրջ տարաձայնություններ են առաջացել Վաշինգտոնի եւ Իսլամաբադի միջեւ: Գունավոր հեղափոխությունները ճեղքվածքներ են տալիս Ուկրաինայում եւ Վրաստանում, իսկ Ղրղզստանը երկրում տեղակայված ամերիկյան ռազմաբազան փակելու որոշում է ընդունել, այսինքն այնտեղ հօդս են ցնդել ԱՄՆ-ի գունավոր հեղափոխությամբ պայմանավորված բոլոր ակնկալիքները:
Աֆղանստանում թալիբներն օրեցօր ուժ են հավաքում, տարածելով հետզհետե իրենց ազդեցությունը Պակիստանի սահմանամերձ նահանգներում, իսկ «Ալ Ղաիդան» շարունակում է անխափան գործել: Ակնհայտ է, որ Ղրղզստանում տեղակայված ռազմաբազայի փակումից հետո Միջին Ասիայում վերջ կգտնի ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը, հակաաֆղանական պատերազմը կվերադառնա ելման կետ եւ դրա հետագա ընթացքը մեծապես պայմանավորված կլինի այդ պատերազմում Վաշինգտոնին աջակցելու Ռուսաստանի պատրաստակամությամբ: Այսինքն, այն երկրներում, որտեղ ՆԱՏՕ-ի ռազմական հզոր մեքենայի աջակցությանն ապավինած ԱՄՆ-ը տարիներ շարունակ ձախողման է մատնվում, իսկ դա ձախողում է նրա տարածաշրջանային քաղաքականությունը: Հակառակ դրան, ամերիկյան ռազմական ներխուժման մշտական սպառնալիքի տակ գտնվող Իրանը, ենթարկվելով հանդերձ Արեւմուտքի անընդմեջ ճնշումներին, սառնասիրտ քաղաքականությամբ չեզոքացնում է սպառնալիքներն ու ճնշումները, տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորման լուրջ հայտ է ներկայացնում, որոշակի չափով միավորելով իր հովանու ներքո Աֆղանստանի եւ Պակիստանի պես հակասություններով դեռեւս ամենաբարդ երկրներին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ