Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կշարունակեն այն հարցերի քննարկումը, որոնք շարունակում են չլուծված մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օրակարգում: Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Կողմերի միջեւ քննարկումը կանցնի արդեն ուրվագծված օրակարգի շրջանակում, ասես Պրահայի հանդիպման շարունակություն», նկատել է նա: «Չնայած տարածաշրջանում նոր իրադրության զարգացմանը, Հայաստանը, ցավոք, սկսել է բացասական ճնշում գործադրել խաղաղ գործընթացի վրա», ավելացրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: «Մենք խաղաղ գործընթացում ամեն ինչի հասել ենք Հայաստանի նախկին վարչակազմի հետ Քոչարյանի կառավարման օրոք, Հայաստանի ներկայիս վարչակազմի հետ մենք ոչնչի չենք հասել», ասել է Մամեդյարովը, հաղորդում է «Արմենպրեսը»: