«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2009-05-22 | #94, 2009-05-23 | #95, 2009-05-26


ՄԱՄՈՒԼԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ Է

Ղարաբաղի տպագիր մամուլը 135 տարվա կենսագրություն ունի: 1874 թվականի ապրիլին Շուշիում լույս տեսավ «Հայկական աշխարհ» ամսագիրը` ազդարարելով Արցախում առաջին պարբերականի լույս ընծայման սկիզբը:

Յուրօրինակ այս հոբելյանն Արցախի ժուռնալիստների միությունը նշեց Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում կազմակերպած կլոր սեղանով, որին հրավիրվել էին ԼՂՀ-ում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, տպագիր եւ եթերային լրատվամիջոցների ղեկավարներ, տեղեկատվության ոլորտը կարգավորող պետական կառույցների պատասխանատուներ: Հոբելյանն առիթ էր նաեւ խոսելու ղարաբաղյան լրատվադաշտի խնդիրներից:

«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանի զեկուցումը, մասնավորապես, նվիրված էր Արցախի մամուլի պատմությանը 19-րդ դարի վերջերից մինչեւ մեր օրերը: Ըստ զեկուցողի, «Հայկական աշխարհին» հաջորդել են «Քնար խոսնակ», «Գործ», «Ղարաբաղ», «Փայլակ», «Նեցուկ», «Ծիածան» պարբերականները: Լույս են ընծայվել նաեւ խմորատիպ թերթեր, ինչպիսիք են ռուսալեզու «Շուշինսկայա ժիզն» եւ «Շուշինսկի լիստոկ» թերթերը:

Խորհրդային շրջանի պարբերականներից բանախոսն առանձնացրել է «Ղարաբաղի գեղջուկի» լույս ընծայումը, որը հետագայում դառնալով Ղարաբաղի մայր թերթը, հրատարակվել է տարբեր անվանումներով` «Սովետական Ղարաբաղ», «Խորհրդային Ղարաբաղ», «Արցախ», «ԼՂ Հանրապետություն», «Ազատ Արցախ»: Չնայած կոմկուսակցական գաղափարաբանական ազդեցությանը, այդ թերթերը կարեւոր առաքելություն են կատարել` Ղարաբաղի ժողովրդի մեջ արթուն պահելով ազգային ինքնագիտակցությունը:

ԼՂՀ անկախության հռչակումից հետո պարբերական մամուլն Արցախում նոր շնչառություն է ստացել: Մհեր Հարությունյանն այս կապակցությամբ հետաքրքրական համեմատություն մեջբերեց. 1874-1988թթ. հրատարակվել են այնքան պարբերականներ, ինչքան 1988-2009 թվականներին: Բանախոսի եզրակացությունը հետեւյալն էր` Արցախում ձեւավորված են լրագրողական ավանդույթներ, եւ դա մեր մշակութային ժառանգության կարեւոր բաղկացուցիչն է:

Կլոր սեղանի զեկուցումներից մեկն էլ մամուլի օրենսդրական առնչությունների մասին էր, որով հանդես եկավ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը : Զեկուցողի գնահատմամբ, լրատվական դաշտը կարգավորող համապատասխան օրենքներն Արցախում առկա են, սակայն դրանց իրավակիրառումը լիարժեք չէ: Կյանքը նոր սրբագրումների պահանջ է առաջադրում, եւ այդ օրենքները ներկայումս փոփոխությունների կարիք ունեն:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի զեկուցումը Ղարաբաղի մամուլի ազատության մասին էր: Վերջինիս դիտարկմամբ, լրագրողների մեջ նստած է ներքին գրաքննիչը, որը խոչընդոտում է ազատ խոսքը: Եթե երկրում չկա բազմակարծություն, ապա ազատ մամուլի մասին խոսք լինել չի կարող: Հարկավոր է ձերբազատվել ներքին հոգեբանական բարդույթից, որովհետեւ մամուլի առաքելության մի բաղադրիչն էլ քաղաքական դաշտի կայացմանը, առհասարակ, երկրի զարգացմանը նպաստելն է:

Արցախի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գլխավոր խմբագիրները խոսեցին եթերային լրատվամիջոցների հիմնախնդիրների մասին: ԱՀՀ գլխավոր խմբագիր Մերի Դավթյանի մտահոգությունը, մասնավորապես, այն առիթով էր, որ Ղարաբաղում հանրայինից բացի` ուրիշ հեռուստաընկերություն գոյություն չունի: Իսկ մրցակցության բացակայության պայմաններում հնարավոր չէ ճիշտ չափորոշիչներ գտնել Արցախի միակ հեռուստաընկերության գործունեության իրական գնահատումների համար: Հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր Նվարդ Ալեքսանյանը ցավալի համարեց, որ Ղարաբաղում գծային ռադիոյի վերացումից հետո իրենց պատրաստած թողարկումները քչերին են մատչելի:

Տպագիր լրատվամիջոցների ղեկավարների արծարծած հարցերը տարաբնույթ էին` որակյալ մասնագետների սակավություն, տպաքանակների ցածր թողունակություն, թերթերի էջերում կոռեկտության բացակայություն եւ այլն:

ԼՂՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայության ղեկավար Միքայել Հաջյանը դժգոհեց պետական լրատվամիջոցներում պաշտոնական տեղեկատվությունների ու հայտարարությունների առատությունից, մինչդեռ, ըստ նրա, պետք է հանրային հետաքրքրություններ ներկայացնող նյութերը գերակշռեն հրապարակումներում:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրանտ Ալեքսանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պետական լրատվամիջոցները ֆինանսական առումով գտնվելով շահեկան վիճակում` չեն ապահովում պետական օժանդակության համարժեքությունը: Կառավարությունը նրանցից ակնկալում է իր որոշումների նկատմամբ առողջ քննադատական հայացք եւ նույնիսկ մրցանակաբաշխություն է հայտարարել լավագույն քննադատության համար, հիշեցրեց բանախոսը: Հ. Ալեքսանյանը նաեւ հատկանշեց, որ եկել է Արցախում մասնավոր հեռուստաընկերություններ հիմնելու, ինչպես նաեւ ամենօրյա պարբերականությամբ հրատարակվող թերթ ունենալու ժամանակը: Շաբաթը 2-3 անգամ պարբերականությամբ, որպիսին լույս է տեսնում «Ազատ Արցախ» հանրապետական թերթը, հնարավոր չէ թարմ եւ օպերատիվ տեղեկատվություններ մատուցել, նշեց նա: Անդրադառնալով «Լեզվի մասին» օրենքի խախտումներին, որի շուրջը նույնպես մտահոգություններ են հնչել, Հ. Ալեքսանյանը կոչ արեց առաջիկայում հատուկ այդ նպատակով հասարակական քննարկումներ կազմակերպել:

Կլոր սեղանի մասնակիցները հավանություն տվեցին Արցախի ժուռնալիստների միության` մամուլի թանգարան ստեղծելու նախաձեռնությանը: Ընդունվեց նաեւ մայիսի 23-ն այսուհետեւ Արցախի մամուլի օր նշելու մասին առաջարկը: Օրացուցային նշումը պարզապես տոնականության համար չէ, դա հնարավորություն կտա լրագրողական հանրությանը համախումբ ձեւով խնդիրներ քննարկելու եւ, անշուշտ, դրանց լուծում տալու:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4