«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2009-05-22 | #94, 2009-05-23 | #95, 2009-05-26


«ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ»

Էրդողանն է անվանել ազգային փոքրամասնությունների տեղահանությունը

Ըստ PanARMENIAN.Net-ի, «Ազգային փոքրամասնությունների բռնի տեղահանումը ֆաշիստական գործողություններ են», հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը` ելույթ ունենալով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ամենամյա կոնգրեսում Դյուզչե գավառում: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուսը», Էրդողանի ելույթը պատմական տեղաշարժ է, քանի որ առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնյան ընդունում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների բռնի տեղահանումը: Իր ելույթում Թուրքիայի վարչապետը հիշատակել է 1955-ի սեպտեմբերի 6-ի եւ 7-ի իրադարձությունները, երբ ամբոխը հարձակվում եւ հրկիզում էր հույների ու հայերի խանութներն ու տները, ինչի առիթն էր «կեղծիքը» Սալոնիկում գտնվող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան հրկիզման մասին: Ջարդերից հետո բազում հույներ եւ հայեր ստիպված եղան լքել Ստամբուլը, չնայած այդ քաղաքի բնիկներն էին: Ստամբուլում լույս տեսնող հունական թերթի գլխավոր խմբագիր Միխալիս Վասիլիադիսը նշել է, որ նախկինում եւս նման խոսքեր է լսել եւ ոգեւորվել, սակայն ժամանակն է, որ դրանք շարունակություն ունենան: Իր հերթին լրագրող Ջենգիզ Աքթարն ընդգծել է, որ կարեւոր է հիշատակել բռնությունը եւ ազգային փոքրամասնությունների ջարդերը, որ իրականացվել են թուրքական պետության հիմնադրման առաջին օրերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4