«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2009-05-22 | #94, 2009-05-23 | #95, 2009-05-26


ՎԵՐՋԻՆ ՇԱԲԱԹԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նախընտրական այս վերջին շաբաթը, կարելի է ասել, շատ երեւույթների եւ հանգամանքների երեւակիչը կդառնա, քանզի նախորդող շաբաթվա վերջին օրերին դրանց նախակարապետներն արդեն առկա էին` ե՛ւ ՀՀԿ-ԲՀԿ ծեծուջարդն էր շատ, ե՛ւ միմյանց հանդեպ թաքնված ու անթաքույց հակակրանքը, ե՛ւ վատ թաքցվող նպատակներն էին երբեմն ջրի երես դուրս գալիս, քանի որ ջուրն էր քչություն անում: Օրինակ` ինչո՞ւ էր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը հանկած խոսում ընտրությունների հետաձգման հնարավորության մասին` արդյոք նրա ականջին ավելի վաղ ինչ-որ բա՞ն էր փսփսացել հանրահավաք եկած Սեմնեբին: Կամ ի՞նչ հետին նպատակ են հետապնդում այն ասեկոսեները, որ եթե ՀՀԿ-ականները սկսեն փող բաժանել, ԲՀԿ-ականները նույն մարդկանց կրկնակին են տալու` չեզոքացնելով ընտրակաշառքի ազդեցությունը: Այս պարագան, փաստորեն, այս անգամ կարող է հաշիվներն այնպես խառնել, որ փողը ծախսվի, բայց այնքան էլ դերակատար չլինի ընտրությունների արդյունքի տեսակետից:

Բացի այդ, միգուցե, վերջապես, այնքան էլ սարսափելի չլինի Գոդոն (Քոչարյանը), որքան նրա սպասումը, քանզի լրատվամիջոցներ կան, որ ընտրարշավի ողջ ընթացքում վախեցնում են` խելոք մնացեք, թե չէ Քոչարյանը (Գոդոն) կգա: Հենց վերջին շաբաթվա սկզբին Ազգային ժողովում քննարկման դրված կառավարության ներկայացրած հարկային փաթեթով նախատեսված «հարկային լրտեսի» ինստիտուտը խոշոր ձեռնարկություններում օրենսդրորեն ներդնելու փորձը ոմանք կապեցին քոչարյանական հետքի հետ, բայց անկախ ծագումից, կառավարության այս նախաձեռնությունը դեռ կարող է ջուր պղտորել, այդ թվում մայիսի 31-ի ընտրությունների օրվա ջուրը:

Սա, արդեն մեր գործարարների իրար խառնվելուց էլ երեւաց, բավական վառելիք ունի իր տակ եւ հատկապես լրացուցիչ հնարավորություն է` ԲՀԿ-ին եւ մյուս ուժերին մոտ կանգնած գործարար հատվածի համար արտահայտվելու, դուր գալու ընտրազանգվածին, մինչդեռ ՀՀԿ-ին մոտ կանգնած պատգամավորները հարկ է, որ լռեն, լեզուն ատամների տակ պահեն, քանի որ ընտրություններից առաջ հարազատ կառավարության դեմ արտահայտվելը ՀՀԿ-ի թեկնածուի եւ ցուցակի մյուս անդամների շահերից չի բխում: Բայց չխոսելն էլ ճիշտ չէ` սրտներից արյուն է գնում, էս մեր կառավարությունը գժվե՞լ է, չնայած` Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը նրանց հանգստացնում է` էդ մի տեսուչին կառնեք- կպրծնեք: Թեկուզ ռոտացիա լինի` 6 ամիսը մեկ տեսուչ փոխվի, 6 ամիսը մեկ տեսուչին առնելը միշտ կա ու կա: Մի ուրիշ բան է անհասկանալի մնում էս մեր ամենանախընտրական «մաջալին», ժամանակին օլիգարխացրինք մեր կուսակցությունները, մարդկանց ստիպեցինք ֆինանսավորել կուսակցական ամեն բան, հենց ինքներս նրանց համար կանաչ ճանապարհ բացեցինք դեպի խորհրդարան, խորհրդարանի կեսից ավելին գործարարներով համալրեցինք (չնայած օրենքն արգելում է դա), թփռոշացրինք, հիմա էլ ասում ենք` բերեք, դուք ձեր դեմ օրենք ընդունեք: Էն էլ` ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Մեր գազազած գործարարների մի մասը ուզի` մուռը հանելու համար տակից ընդդիմադիրների էս վերջին-վճռական շաբաթվա ընտրարշավը կֆինանսավորի (ՀՅԴ-ին չհասկանալ): Ասացին, չէ՞, Սամվել Ալեքսանյանին եւ ընկ. տեսել են կոնգրեսականների հանրահավաքին հարակից: Չէ, մերոնք երկու քայլից ավել չեն հաշվում: Իսկ Տեր-Պետրոսյանն արդեն ուղերձ արեց, թե օլիգարխ կոչեցյալներից մի քանիսը խելոքացել են, կանգնելու են ժողովրդի կողքին, իսկ մյուսները թող օրինակ վերցնեն, այլապես կորցնելու են: Ուրեմն անգամ քաղաքապետի պաշտոնն, իսկապես, ոչ միայն խորշելի չէ ընդդիմության առաջնորդի համար, այլեւ ներկա օլիգարխները եւս` իրենց ողջ պերճանքով. անիմանալի են ընդդիմության ճամփաները:

Բայց մերոնք հետաքրքրական են ոչ միայն ընդդիմության մակարդակով, մերոնք անխտիր բոլորն այնքան պարզ ու պարզունակ են, որ հենց թունդ ընտրարշավի օրերին պետք է ՎՊ-ն «բոչկա գլորի» ԲՀԿ-ի թեկնածուի վրա, տարբեր հեռուստաընկերություններով հակադաշնակցական ֆիլմ ցույց տան, ԲՀԿ առաջնորդը խոսի ոչ թե ընտրությունից ընտրություն ասֆալտ անելու անհրաժեշտության, այլ` կլոր տարին ասֆալտելու պարտականության մասին (հասկացնելով գործող քաղաքապետի աշխատանքային ռեսուրսի մասին), ՀԱԿ-ի փոխարեն ՀՀԿ-ի թեկնածուն գնա բակերը` մինի հանրահավաք անելու: Կամ Արմեն Մարտիրոսյանի սիրած «Մարգրիտի» սինդրոմով շարժվեն` անընդհատ կուսակցության առաջնորդին ցույց տան ժողովրդին, ապա ցուցակի առաջին դեմքին դեմ տան, այսինքն` Նատոյին ցույց տան, հետո Մարգրիտին ամուսնացնեն փեսի (ժողովրդի) հետ: Այս բոլորը չի կարելի հաջող քարոզարշավ անվանել: Եթե հեռուստաքարոզարշավի անվճար ու վճարովի րոպեները եւ մեկ էլ «Ո՞ւմ եք ընտրելու» հարցով ամեն օր դուռ թակողները չլինեին, երեւանցիք մի պահ կարող էին եւ մոռանալ, որ քաղաքապետին ընտրում են, այն էլ առաջին անգամ: Որքան էլ ՀԱԿ-ն իր կողմնակիցներին, ԲՀԿ-ն իր երկրպագուներին հետներն առած ման տան քաղաքի փողոցներով մեկ, մարդիկ գիտեն, որ քարոզ ասվածը միայն ու միայն բաղադրիչ է` մերկ ու տկլոր, ու կապ չունի ոչ ապագա քաղաքապետի իրական գործունեության, ոչ քաղաքի իրական շարժուդարձի հետ` դրանք վաղուց պլանավորված ու նախատեսված են, ով էլ լինի քաղաքապետ: Անգամ օդում սպասվող համաներումն է քարոզարշավի բաղադրիչ դիտվում, ըստ այդմ էլ համաներումի ուրախ լուրի վերմակը օր առաջ իրենց վրա քաշելու-լավամարդ դառնալու փորձ անողի պակաս չկա, սոցիոլոգիական այլակերպ պատկերները ստիպում են անգամ ժպտալ. թե ԲՀԿ-ն` առաջին տեղ, կամ էլ` Կոնգրեսը, կամ էլ հակառակը, ՀՀԿ-ն բա՞, դաշնակցականները «քաշվեցին», նրա ընտրողը շփոթված է, ՕԵԿ-ին էլ մնաց ընտրազանգվածի անհասկանալի մասը կամ էլ` եսի՞մ, մնա՞ց...

Ընդհանուր` պրիմիտիվիզմի հայկական տարբերակի առօրյա դրսեւորումները մինչեւ շաբաթավերջ մեր առօրյան են` տղերքը միմյանց շտաբների վրա տղա են ուղարկելու, ՀԱԿ-ը շարունակելու է քաղաքը քաղաքացուն վերադարձնելու անզիջում պայքարը (ենթադրվում է` գյուղացիներին դուրս է քշելու), ԲՀԿ-ն հորդորելու է, թե տեր եղեք ձեր քաղաքին, թե չէ մենք տեր կլինենք, ՀՀԿ-ի թեկնածուն բակերում տակից ժպտալու է` ով ինչ խոսի` մեկ է, ես եմ քաղաքապետը, ՀՅԴ-ի մեղմաձայն քաղաքապետացուի ձայնում անսպասելի ահարկու ելեւէջներ են երեւալու` ընդդիմադիրի դառը կյանքն է ստիպում, Հեղինե Բիշարյանը վերջնականապես սովորելու է չգոռալ: Այս ամենը լավ կլիներ, եթե իրար ուտելու սպառնալիքը իրականությունից սարուձոր հեռու լիներ: Աստված խելք տա հայկական պրիմիտիվիզմի ակնառու ներկայացուցիչներին այս մի քանի օրը, մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4