Մթնոլորտային աղտոտվածության դեմ պայքարելու նպատակներ հետապնդող ուսումնական ծրագրի շրջանակներում ստեղծված «Մի ծառ տնկիր, մի գաղափար արմատավորիր» հայկական կրթական դասընթացը ապրիլի 13-ին արժանացել է Energy Globe-ի «Կյանքի պահպանման ազգային մրցանակին», տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 9-ի համարը:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Պրահայում մթնոլորտային մաքրության հարցերին նվիրված նախարարների համաեվրոպական համագումարի բացման օրը: Միջազգային ժյուրին 116 երկրների ներկայացրած ծրագրերից ընտրել է 76-ը: «Մենք ուրախ ենք նշելու, որ այսքան շատ լավ ծրագրեր արդեն իսկ գործում են», ասել է այդ առթիվ մրցանակի հիմնադիրներից Վուլֆգանգ Նեումանը (Ավստրիա):
«Հայաստանի ծառատնկման ծրագիրը» (ՀԾԾ) անցյալ տարի եւս արժանացել էր Energy Globe-ի մրցանակին` իր մանուկների համար նախատեսված բակային միկրոտնտեսություններ ստեղծելու գաղափարի համար Հայաստանի հյուսիսային շրջաններում: Այդ ծրագրի շնորհիվ Գետիկի հովտում մարդիկ կրկնապատկել են իրենց եկամուտները: «Այս տարվա նոր ծրագիր-դասընթացը մի քայլ առաջ է: Ընդգրկում է բացօթյա դասեր, ինտերնետային տեղեկությունների որոնումներ, տեսություն եւ գիտելիքների գործնական կիրառում: Նաեւ ռեսուրսների պահպանման կարեւորության ըմբռնում», նշել է ՀԾԾ-ի գործադիր տնօրեն Ջեֆ Մասարջյանը, ավելացնելով, որ մրցանակը ոչ միայն գործադրված ջանքերի ճանաչում է, «այլեւ խթան, որ մեր նվիրատուները շարունակեն վստահել մեզ եւ մեր գործին»:
Հայաստանի ծառատնկման ծրագիրը գործում է 1994 թվից, մինչեւ օրս 3 միլիոնից ավելի ծառ է տնկվել կամ վերականգնվել, ստեղծելով հարյուրավոր աշխատատեղեր հատկապես գյուղական վայրերում:
Նոր ծրագիր-դասընթացը հայերեն եւ անգլերեն լեզուներով արդեն իսկ, ըստ հաղորդագրության, ինտերնետում զետեղված է եւ կարելի է ծանոթանալ դրան, այցելելով www.armeniatree.org/whatwedo/eea.htm կայքը:
Հ. Ծ.