«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2009-05-22 | #94, 2009-05-23 | #95, 2009-05-26


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՎԵԼՈՒՄՙ ԻՐԵՆՑ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿՀԱՎԱՔԻ 60-65 ՏՈԿՈՍ ՁԱՅՆ

Հայ ազգային կոնգրեսում գոհ են նախընտրական քարոզչության որակից եւ արդյունքներից: Վերջին հավաքը եղել է Մալաթիայում, որտեղ, ըստ ՀՀ քաղաքապետի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանի , իրենց գաղափարներն ու ծրագրերն ընդունել են ջերմությամբ: Ընդդիմության համար արդեն պարզ է, թե այդ մարդիկ մայիսի 31-ին ում են տալու իրենց ձայնն ու վստահությունը:

Կընդունեն արդար ընտրություններում հավաքած յուրաքանչյուր ձայն, սակայն արդարության հետ հույսեր չեն կապում, համոզված են, որ ընտրակեղծիքներ հաստատ լինելու են: Ըստ Մուսինյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը կհավաքի 60-65 տոկոս: «ՀՀԿ-ն չի կարողանա հաղթահարել 7 տոկոսի շեմը, ՕԵԿ-ի մասին խոսքեր չկան: Որոշակի ձայներ կհավաքի ԲՀԿ-ն», իր տեսակետները ներկայացրեց մեկ օրից մյուսը սոցիոլոգ դարձած Արման Մուսինյանը:

Սակայն մինչ թվերը, տոկոսներն ու բաղձալի հաղթանակը, երեկ «Հայացք» մամուլի ակումբում Մուսինյանը ներկայացրեց իշխանության կողմից կատարվող ընտրախախտումները` ամփոփված երեք կետում: Ըստ Մուսինյանիՙ օրենքի առաջին կոպիտ խախտումը թույլ են տվել ԿԸՀ-ում:

Համաձայն ընտրական օրենսգրքի, Երեւանի քաղաքապետի ընտրությունները պետք է անցկացվեն ԱԺ ընթացակարգով: Մարտի 21-ին ԿԸՀ նիստում ՀԱԿ ներկայացուցիչը բարձրաձայնել է անձնագրերի վրա դրոշմակնիքների հարցը, սակայն ԿԸՀ-ն այն մերժել է: Մուսինյանը նկատեց, որ դատարան կդիմեն համապատասխան որոշումը ստանալուց հետ:

Երկրորդ խախտումը վերաբերում է ցուցակներում կանանց ներգրավվածությանը: Հղում կատարելով ընտրական օրենսգրքինՙ Մուսինյանը փաստում է, որ յուրաքանչյուր տասնյակում պետք է ներկայացված լինի առնվազն մեկ կին թեկնածու: Սակայն ՀՀԿ եւ ՕԵկ ցուցակներում պատկերն այլ է: Այդ կապակցությամբ փորձել են դիմել դատարան, սակայն վարչական դատարանը մերժել է ընդունել հայցը` պատճառաբանությամբ, թե ԿԸՀ-ում ՀԱԿ լիազոր ներկայացուցիչը չի կարող դատական հայց ներկայացնել այդ կապակցությամբ: Մուսինյանը պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ նույն լիազոր ներկայացուցիչը վարչական դատարան հայց էր ներկայացրել հաշվառված, բայց գրանցում չունեցող քաղաքացիների ընտրության իրավունքի վերաբերյալ, եւ գործը վարույթ էր ընդունվել: «Ընտրել են կացնային տարբերակն ու մերժել են վարույթ ընդունել», նկատում է Մուսինյանը:

Երրորդ կոպտագույն խախտումը վերաբերում է ընտրությանը զինված ուժերի ներգրավմանը: Այդ կապակցությամբ ՀԱԿ-ը անհերքելի փաստեր ունի: Արդեն դիմել են դատախազություն, սակայն իրենք պատրանք չունեն, որ դատախազությունը կարող է սահմանված կարգով ընթացք տալ գործին: «Պատրանքներ չունենք, անօրինականությունները ցույց են տալիս, որ բացի նրանից, որ իշխանությունները պատրաստվում են քրեական տարրերին ներգրավել ընտրություններում եւ գործի դնել ընտրակեղծիքների ամբողջ մեքենան, նրանք նաեւ պետական ապարատն են լծել ընտրության արդյունքները խեղաթյուրելու գործին», ասաց Մուսինյանը:

Նա չխուսափեց անուններ հրապարակելուց. իրենց տեղեկություններովՙ Էրեբունի համայնքի ոստիկանության պարեկապահակային ծառայության պետը` Դոյդոյան ազգանունով, անձամբ պոկել է ընտրողների հետ ընդդիմության հանդիպումը իրազեկող պաստառները:

ՀԱԿ մասնագետները ուսումնասիրել են նաեւ ընտրողների ցուցակներն ու հայտնաբերել 2038 քաղաքացու անուն, որոնք հաշվառված չեն Երեւանում: Բացի այդ, տարբեր համայնքների ցուցակներում արձանագրել են 300 քաղաքացու անուն, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթվի տվյալները եւ այլն նույնությամբ կրկնվում են: Մուսինյանը փաստում է, որ այդ տվյալները հաճախ կրկնվում են 5-7 անգամ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4