Հայաստանում միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու դրա հետեւանքները քննարկելու, ինչպես նաեւ ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված գործողություններ նախանշելու նպատակով Policy Forum Armenia միջազգային կազմակերպությունը նախաձեռնել էր ներկայացուցչական մակարդակով «Հայաստան. դիմակայելով համընդհանուր աղետին» տնտեսագիտական ֆորումը:
Մասնակցում էին համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետներ տարբեր երկրներից, ինչպես նաեւ անկախությունից ի վեր տնտեսական ոլորտի առաջատար հայաստանյան գործիչներ: Policy Forum Armenia ամերիկյան կազմակերպության նպատակն է երկխոսություն ծավալել Հայաստանի տնտեսական զարգացման ու ազգային անվտանգության հարցերի շուրջը ու դրանով իսկ օգնել Հայաստանի պետական քաղաքականության ձեւավորմանը:
Ֆորումին հատուկ հրավիրված հյուրի կարգավիճակով մասնակցում էին մի շարք երկրների կենտրոնական բանկերի նախկին ղեկավար անձինք, ակադեմիկոսներ, ֆինանսների նախկին նախարարներ: Ֆորումը եզրափակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետների կլոր սեղանով:
Ներկայումս բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու հեղինակավոր տնտեսագետները կանխատեսում են խոր եւ երկարատեւ տնտեսական անկում ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Մյուս երկրների հետ Հայաստանը նույնպես զերծ չի մնում այդ գործընթացների հետեւանքներից: Ավելին, բացասական հետեւանքները կարող են է՛լ ավելի խոր լինել առեւտրային հիմնական գործընկեր եւ դրամական փոխանցումների աղբյուր երկրների տնտեսական ծանր անկման պատճառով:
Ա. Հ.