Կիլիմանջարոն (ուսախիլի լեզվովՙ ցրտի աստծու լեռ), ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, հրաբխային զանգված է Արեւելյան Աֆրիկայում, Տանզանիայում: Բարձրությունը 5896 մետր էՙ Աֆրիկայի ամենաբարձր կետը, եւ բաղկացած է 3 հանգած հրաբուխներիցՙ Կիբու, Մավենզի եւ Շիրա: Գիտական աշխարհում լեռը ծանոթ է հիմնականում Էռնեստ Հեմինգուեյի հայտնի «Կիլիմանջարոյի ձյուները» պատմվածքով, որը նաեւ ժամանակին էկրանավորվել է: Այս անգամ լեռանն անդրադարձել է Քվեչի քաղաքի (Վերմոնտ, ԱՄՆ) «Վալի նյուզ» թերթի լրագրող Գրեգ Ֆենելը, որը մանրամասն ներկայացրել է այդ քաղաքի բնակիչներիցՙ 65-ամյա Հարվի Բազարյանի եւ նրա կնոջՙ Բարբարայի «սխրագործությունը»ՙ Կիլիմանջարոյի գագաթի նվաճումը: Հոդվածը, որից թարգմանաբար քաղում ենք տեղեկությունները, այդ թերթից արտատպել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Առաջարկողը եղել է Բարբարան: Հարվին համաձայնել է, նրանք 6 ամիս պատրաստվել են դրան նախքան 8 հոգով ճանապարհ ընկնելը դեպի Աֆրիկա: Կատարել են աերոբիկայի վարժանքներ, բարձրացել են համեմատաբար ցածր լեռներ Մ. Նահանգներում եւ փորձել են հաղթահարել մթնոլորտային ճնշումները:
Ապրիլին 8 հոգով նրանք մեկնել են Աֆրիկա: Նրանց միացել են նաեւ 8 ուղեկցողներ: Տեղավորվել են նախ Արուշա քաղաքում, որը մոտ 80 մղոն է հեռու Կիլիմանջարոյից: Մեկնել են «սաֆարիների» տեղանքին եւ կլիմային ընտելանալու նպատակով, ապա փորձնական արշավ են կազմակերպել եւ բարձրացել Մերու լեռը, Կիլիմանջարոյի արեւմտյան կողմում, որը մոտ 4,5-5 հազար մետր բարձրություն ունի:
Ըստ լրագրողիՙ Կիլիմանջարոյի գագաթը հասնելու ճանապարհները բազմաթիվ են: Հայազգի «հերոսներին» եւ նրանց ընկերակցողներին անհրաժեշտ է եղել հինգուկես օրՙ նվաճելու գագաթը: Գլխավոր ուղեկցող Դիսմաս Մարիկին նրանց առաջնորդել է Մաչամե դարպասով, որտեղ բոլոր լեռնագնացները պարտավոր են գրանցվել: Այնուհետեւ նրանք օրական 7-9 ժամ բարձրացել են լեռըՙ ուսապարկերով: Նրանցից միշտ առաջ են անցել բեռնակիրները, որպեսզի համապատասխան կայաններում հանգստի պայմաններ ստեղծեն: Լեռնագնացներին խորհուրդ է տրվել խմել օրական առնվազն 6 լիտր ջուր: Հետադարձ ճանապարհը եւ վայրէջքը տեւել են մեկուկես օր:
«Հրաշալի փորձառություն էր: Գիտակցում ես, թե նպատակին հասնելու համար ինչքան նվիրվածություն է պետք ներդնել», նշել է Հարվին վայրէջքից հետո: Ավելացնենք, որ նա հեռուստահաղորդակցությունների գործադիր տնօրեն է եղել, այժմ թոշակառու է եւ մինչեւ վերջերս գոլֆ եւ թենիս է խաղացել: Իսկ կինըՙ Բարբարան դասատու է եղել, որը քայլելու կանոնավոր վարժանքների է հետեւել: Զույգը այնքան է ոգեւորված, որ մտադիր է մոտ ապագայում բարձրանալ նաեւ Պատագոնյան Անդերը Հարավային Ամերիկայում, որի բարձրությունը 3-4 հազար մետր է:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ